Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի եվրոպական վախերը

Հոկտեմբեր 18,2024 12:00

ՀՀ սահմաններին կայունությունն ապահովում է այդ փոքրաթիվ կազմով ԵՄ քաղաքացիական առաքելությունը, այնպիսի կայունություն, որը չի կարողացել ապահովել ռուսական խաղաղապահ առաքելությունը 44-օրյա պատերազմից հետո` Արցախում:

Հայաստանի կողմից որեւէ առաջարկ մերժելուն զուգահեռ պաշտոնական Բաքուն հստակ նպատակ է դրել հեռացնել Հայաստանի տարածքից ԵՄ-ի դիտորդական առաքելությունը: Թե ինչու` պատճառները պարզ են: Անհասկանալի է մեկ այլ հարց` արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի չի տալու այս հարցում նույնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դեպքում Երեւանը համակերպվեց Բաքվի քմահաճույքների հետ ու զիջեց այնպիսի հարցում, որում չպետք է զիջեր:

Տպավորություն է, որ Ալիեւը շուտով կհասնի նրան, որ որոշի, թե Հայաստանը ո՞ր պետությունների հետ եւ ինչ չափով շփումներ պետք է ունենա: Մինչդեռ Ադրբեջանը, ԵՄ-ին չեզոքության կոչեր անելով` ձգտում է ոչնչացնել Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ` Հայաստանի համար էական նշանակություն ունեցող, Հայաստանի ինքնուրույնությունը մեծացնող ցանկացած թույլ քայլ:

Եվրամիությունը, ինչպես եւ նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում, օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «ԵՄ-ն չպետք է գնա ոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել եւ մնում է ապակառուցողական»,- ասել է նա՝ Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Ալիեւը կրկին անդրադարձել է՝ Հայաստանի տարածքում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությանը, այն ուղղակի անընդունելի է անվանել ու նշել է, որ առաքելության գործունեությունը Հայաստանում` անվստահություն է առաջացնում Բաքվի եւ Բրյուսելի միջեւ հարաբերություններում։

2023թ. փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաեւ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու եւ Իջեւանի գրասենյակներից։

Ակնհայտ է, որ ՀՀ սահմաններին կայունությունն ապահովում է հենց այդ փոքրաթիվ կազմով ԵՄ քաղաքացիական առաքելությունը, այնպիսի կայունություն, որը չի կարողացել ապահովել ռուսական խաղաղապահ առաքելությունը 44-օրյա պատերազմից հետո` Արցախում:

Ահա, Ալիեւն անգամ հեգնել է եվրոպացի դիտորդներին, նրանց գործունեությունն անվանելով` «հեռադիտակային դիվանագիտություն»։ «Ո՞րն էր առաքելության ժամկետը երկարաձգելու, նրանց թվաքանակն ավելացնելու անհրաժեշտությունն՝ այն էլ առանց Բաքվի հետ խորհրդակցելու», – նշել է Ալիեւը։

Ալիեւը միաժամանակ գոհունակությամբ է խոսել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների մասին եւ պնդել, որ «հայկական կողմն է որոշել չշարունակել բրյուսելյան գործընթացը»։

Ի դեպ, հետաքրքրական է Ալիեւի կողմից նոր մեղադրանքը: Այժմ էլ «բրյուսելյան գործընթացից» հրաժարվելու հարցում նա, փաստորեն, Երեւանին է մեղադրում: Այստեղ արժե պաշտոնական Երեւանն արդեն հստակություն մտցնի` սա կեղծ մեղադրա՞նք է, թե՞ իրականություն:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն էր նաեւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ դժգոհել, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում է հայ-ադրբեջանական կարգավորմանը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչել էր պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի մի հրապարակման ֆոնին, որով նշել էին, թե իբր` եվրոպացի դիտորդները եւ հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար: Ադրբեջանին զուգահեռ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում եվրոպացիների ներկայությունից մեկուկես տարի է՝ ակտիվորեն նաեւ Ռուսաստանն է բողոքում` անդադար:

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները, անհիմն համարելով «կողմնակալության» եւ «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի շարունակական մեղադրանքները։ «Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետեւելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», – «Ազատությանը» օրերս հայտնել էր առաքելության խոսնակ Աննա Պալմենը։

Այսինքն, Բաքուն ՀՀ ինքնիշխան տարածքում գործող քաղաքացիական առաքելությանը «լրտեսական» մեղադրանքներով վարկաբեկում է, ի լուր աշխարհի հայտարարում են, թե` «ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը», ճնշում է գործադրում այդպիսով ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի Երեւանն այս հարցում էլ զիջի:

Իսկ ինչպե՞ս է հակազդում պաշտոնական Երեւանը Բաքվի այս քաղաքականությանը: Ադրբեջանի մեղադրանքներին ի պատասխան Երեւանը շեշտել է՝ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցրել՝ հայկական կողմն առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, Ադրբեջանը, սակայն, չի արձագանքում…

Երեւանը ոչ միայն Եվրամիության դիտորդներին սահմանից հեռացնելու հարց չի քննարկում, այլեւ Բաքվի հետեւողական դժգոհությունների ֆոնին խոսում է առաքելության երկարաձգման կարեւորությունից։ «Քանի դեռ շարունակվում է առաքելությունը, քննարկումներ չկան, բայց տրամաբանական կլինի, որ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանի տարածքում եւ որպես նաեւ, գիտե՞ք, տեղեկատվության վստահելի աղբյուր Եվրամիության համար», – ասել է Խանդանյանը:

Բայց այս ուղղությամբ արդյունքներ առայժմ չեն նկատվում: Պաշտոնական Երեւանը անհապաղ պետք է առաքելության երկարաձգման եւ թվակազմի մեծացման հարցում որոշումներ ընդունի: Բաքվի հերթական քմահաճություններին տեղի տալը ավելի է բարդացնում Հայաստանի վիճակը, սա ակնհայտ է եւ կարծես թե բոլորի համար վաղուց պետք է հստակ լիներ:

Արդյոք ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնելու հարցը Ադրբեջանը նաեւ խաղաղության պայմանագիր է հասցրել: «Ես նման պահանջի մասին տեղյակ չեմ, ես տեղյակ եմ հրապարակային հայտարարությունների մասին, որոնք անընդունելի են: Դա Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների եւ քննարկման հարց է, եւ տեղին չէ, որ երրորդ կողմերը փորձում են այդ հարաբերություններում որոշակի ազդեցություն ունենալ»,- նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Անցյալ շաբաթ ԵՄ-ից էլ լրացուցիչ պարզաբանում հնչեց:

Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, եւ առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել էր Եվրամիության արտաքին հարսաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի քննադատությանը, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում։ ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաեւ փոխանցել էր՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Երեւանից ու Բրյուսելից` կիսաարդարանալու տոնայնությամբ «հստակեցումներն» ու «պարզաբանումները» պետք է վերջնականապես դադարեցվեն: Դրանք ավելի են թուլացնում Հայաստանի` առանց այն էլ թույլ դիրքերը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031