Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի նպատակը հայկական պետության լուծարումն է

Հոկտեմբեր 18,2024 10:00

Համացանցում հայտնվել է մի հաղորդագրություն, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի հանքարդյունաբերության մոնիտորինգը, որին կմասնակցեն միջազգային եւ ադրբեջանցի մասնագետները: «Պահանջը» հնչեցրել է ինչ-որ երկրորդական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ:

Բնական զուգահեռ է առաջանում մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը սկսել էին ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները», որոնք իբր բողոքում էին Արցախում գործող հանքավայրերի դեմ: Ռուս «խաղաղապահների» բացարձակ թողտվության պայմաններում իրագործվող շրջափակումը մեկնարկեց այն բանից հետո, երբ նույն թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Հիշեցնեմ նաեւ, որ շրջափակումը սկսվելուց 4 օր անց՝ 2022-ի դեկտեմբերի 16-ին, Հայաստան էր ժամանել եւ վարչապետի հետ էր հանդիպել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ալիեւի հրամանագրով Արցախի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերն արդեն իսկ տրվել էին բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը: Իսկ բրիտանական հետախուզությունը եւ դիվանագիտությունը ավանդաբար սպասարկում են նախեւառաջ երկրի տնտեսական շահերը:

Բացառված չէ, որ Հայաստանի Հանրապետության հանքավայրերի հետ կապված նույնպես կան հեռահար տնտեսական ծրագրեր: Բայց այս «պահանջների» մոտակա նպատակները պարզ են՝ ճնշում գործադրել Հայաստանի տնտեսության վրա: Եթե դրան գումարենք Հայկական ատոմակայանի հետ կապված շահարկումները, Հայաստանի «զինվելու» դեմ բողոքները, սահմանադրությունը փոխելու պահանջը եւ այլն, կարելի է փաստել, որ Ադրբեջանը նպատակաուղղված աշխատում է հայկական պետականությունը կազմաքանդելու վրա:

Պաշտոնապես երբեմն ասվում է, որ Ալիեւը պարզապես վրեժ է լուծում 1994-2020 թվականների նվաստացման համար: Գուցե դա էլ կա: Բայց զուտ քաղաքական առումով նրա նպատակն է Հայաստանի լիակատար կապիտուլյացիան, այսինքն՝ հայկական պետության լուծարումը: «Խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության պայմանագրի» մասին խոսելիս, դա պետք է հաշվի առնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թուրքերը, մեծ թիւով հայերից շատ աւելի լաւ հասկացած են որ՝ ՀՀ-ն եւ Ադրբեջանը, չեն կրնար գոյակցիլ: Եւ ՀՀ-ն նաեւ, Թուրքիոյ ոտքին մէջ՝ փուշ մըն է:

    Հետեւաբար, եթէ թուրքերը, օգտուելով ՀՀի այժմու վարչակարգից, մինչեւ ծայր չտանին իրենց յաղթանակը, վեըջնականապէս զգետնելով, խորտակելով Հայոց պետութիւնը, վերջինս, մի օր, դարձեալ դառնալու է սպառնալիք՝ Ադրբեջանի համար, եւ մնայուն գլխացաւ՝ Թուրքիոյ հանար:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031