Թյուրըմբռնում է, թե ԱՄՆ նախագահն ընտրվում է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ: Միացյալ Նահանգների քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի ընտրվում «մեկ քաղաքացի, մեկ ձայն» սկզբունքով, այլ «ընտրիչների քոլեջ» կոչվող համակարգով։
1789 թվականին ընդունված ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ժողովրդի ներկայացուցչական միակ մարմինը Կոնգրեսի ստորին պալատն էր՝ Ներկայացուցիչների տունը: Մինչեւ 1913-ին սահմանադրական 17-րդ փոփոխության ուժի մեջ մտնելը, նույնիսկ Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի անդամներին ժողովուրդը չէր ընտրում, այլ նահանգային խորհրդարանները:
Զսպել ժողովրդին
Հիմնադիր հայրերը մտահոգ էին, որ եթե ժողովրդին չափից շատ քաղաքական կարողություններ տրվեն, նրանք իրենց փոփոխական եւ հաճախ այսրոպեական մղումներով երկիրը կտանեն վտանգավոր ուղղությամբ, ուստիեւ ստեղծեցին ժողովրդի կողմից ընտրվող միայն մեկ մարմին՝ Կոնգրեսի ստորին պալատը: Կոնգրեսի վերին պալատի, գործադիր իշխանության ղեկավարի՝ նախագահի եւ, բնականաբար, դատական իշխանության ընտրության հետ ժողովուրդն ուղղակի կապ չուներ: Այսպես կզսպվեր ժողովրդի իշխանությունը։
Կարդացեք նաև
Իհարկե, շատ բան է փոխվել՝ սկսած նրանից, որ Սենատի անդամներին արդեն ժողովուրդն է ընտրում: Սակայն, թեեւ ամերիկացիները գնում են ընտրատեղամասեր նախագահ ընտրելու համար, նախագահն ընտրվում է անուղղակի կերպով:
Այսինքն, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ ընտրում են նահանգները՝ ընտրիչների միջոցով։
538 ընտրիչի ձայն 50 նահանգից եւ մայրաքաղաքից
Յուրաքանչյուր նահանգի ընտրիչների թիվը հավասար է Ներկայացուցիչների տանը եւ Սենատում տվյալ նահանգը ներկայացնող անդամների թվին: Ներկայացուցիչների տանը նահանգների ներկայացվածությունը կախված է բնակչության թվից, իսկ Սենատում այդ թիվը ֆիքսված է՝ 2 սենատոր յուրաքանչյուր նահանգից:
Բնակչությամբ ամենամեծ նահանգ Կալիֆոռնիան ունի Ներկայացուցիչների տան 52 եւ Սենատի 2 անդամ: Այսինքն, 538 ընտրիչների ձայներից 54-ը Կալիֆոռնիայից են: Ամենանվազ բնակչությամբ Վայոմինգ նահանգն ունի 1 ներկայացուցիչ եւ 2 սենատոր: Այսինքն, 538 ընտրիչներից միայն 3-ն են Վայոմինգը ներկայացնում:
Հատկանշական է, որ թեեւ մայրաքաղաք Վաշինգտոնը, որը որեւէ նահանգի մաս չէ, չունի ներկայացուցիչներ եւ սենատորներ, այնուամենայնիվ ստանում է 3 ընտրիչի ձայն:
Ընտրիչների համակարգում գործում է «հաղթողը ստանում է ամբողջը (winner-take-all)» սզբունքը: Այսինքն, տվյալ նահանգում հաղթած թեկնածուն ստանում է այդ նահանգի բոլոր ընտրիչների ձայները: Օրինակ՝ եթե Կալիֆոռնիայում հաղթում է նախագահի դեմոկրատ թեկնածուն, Տեխասում էլ՝ հանրապետական թեկնածուն, դեմոկրատը ստանում է Կալիֆոռնիայի ողջ 54 ընտրիչների ձայները, հանրապետականն էլ՝ Տեխասի ողջ 40 ընտրիչների ձայները:
Նեբրասկա եւ Մեյն նահանգները միակն են, որոնք չեն հետեւում «հաղթողը ստանում է ամբողջը» սկզբունքին: Նեբրասկայի 5 եւ Մեյնի 4 ընտրիչների ձայներից երկուականը ստանում է նահանգում հաղթած թեկնածուն, իսկ մեկական ընտրիչի ձայն Նեբրասկան տալիս է նահանգի երեք, իսկ Մեյնը՝ երկու վարչատարածքային միավորների հաղթողներին։
270 – «կախարդական» թիվը
270 ընտրիչի՝ մեծամասնության ձայնը ստացած թեկնածուն համարվում է ընտրված նախագահ, երբ Ներկայացուցիչների տան եւ Սենատի համատեղ նիստում ներկայացվում են ընտրիչների ձայները։
Ընտրիչների համակարգի կիրառումը նշանակում է, որ ամերիկացիների կողմից ավելի շատ քվե ստացած թեկնածուն կարող է վերջնարդյունքում տանուլ տալ Սպիտակ տան համար պայքարը, քանի որ որոշիչ է ոչ թե ստացված քվեների քանակը, այլ տվյալ թեկնածուի՝ հաղթանակ արձանագրած նահանգներում ընտրիչների ձայների քանակը։
1824, 1876, 1888, 2000 եւ 2016 թվականներին ավելի քիչ քվեներ ստացած Ջոն Քվինսի Ադամսը, Ռուդերֆորդ Հեյզը, Բենյամին Հարիսոնը, Ջորջ Բուշ կրտսերը եւ Դոնալդ Թրամփը ընտրվել են ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանզի նահանգներից ավելի շատ ընտրիչների ձայն են հավաքել, քան մրցակիցներ Էնդրյու Ջեքսոնը, Սամուել Թիլդենը, Գրովեր Քլիվլենդը, Ալ Գոռը եւ Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ-ն միություն է
Ըստ ամերիկյան պատմագիտական եւ քաղաքագիտական աղբյուրների՝ պետության գլխի այս մոդելով ընտրությունը վերահաստատում է նահանգների դերը Միացյալ Նահանգներում, քանի որ, ի վերջո, այդ երկիրը որոշակի ինքնիշխանություն ունեցող 50 նահանգների միություն է, եւ ամերիկացիները շատ հաճած հենց այդպես էլ անվանում են իրենց երկիրը՝ Միություն (the Union):
Այս միջոցով նաեւ ավելի լսելի է դառնում ամբողջ ժողովրդի ձայնը, այդ թվում՝ հեռավոր եւ գյուղական համայնքների, այլ ոչ միայն մեծաթիվ բնակչություն ունեցող ուրբանիզացված քաղաքների՝ Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Չիկագոյի, Բոստոնի եւ այլ մեգակենտրոնների։ Եթե նախագահն ընտրվեր ուղղակի քվեարկությամբ, թեկնածուները կկենտրոնանային այս եւ մի քանի այլ մեգակենտրոնների վրա՝ անտեսելով բնակչությամբ փոքր բնակավայրերին։
Վերացնե՞լ ընտրիչների համակարգը
21-րդ դարում ընտրիչների համակարգի պատճառով արդեն երկու անգամ ընտրություն ձախողած Դեմոկրատական կուսակցության անդամներից շատերը վերջին շրջանում խիստ քննադատության են ենթարկում ընտրիչների համակարգի մոդելը։ 2016-ին հենց այդ հանգամանքի բերումով Դոնալդ Թրամփին պարտված Հիլարի Քլինթոնը 2017-ին CNN-ին տված հարցազրույցում նույնիսկ ասել է, որ «ժամանակն է վերացնել ընտրիչների համակարգը», մինչդեռ հանրապետականները սկզբունքային են համարում ստատուս քվոյի պահպանումը։
Հայացք նոյեմբերին կայանալիք ընտրությանը
Չի բացառվում, որ գալիք ընտրության ժամանակ քվեներով հաղթի Քամալա Հարիսը, բայց ավելի շատ նահանգներում հաղթի եւ նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը։ Այս պահին երկու թեկնածուները կենտրոնացած են այն 7 նահանգների վրա, որոնք կայուն չեն դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուի ընտրության հարցում, ի տարբերություն, օրինակ, Կալիֆոռնիայի, որտեղ մշտապես հաղթում է դեմոկրատը, կամ Տեխասի, որտեղ մշտապես հաղթում է հանրապետականը։ Այս փոփոխական արդյունք ցույց տվող՝ swing state անվանվող նահանգներից հնարավոր է ստանալ ընդհանուր 93 ընտրիչի ձայն։ Իրական պայքարն այս պահին հենց այս նահանգներում է։
Եվս մեկ նրբություն
Այն անհավանական իրավիճակում, երբ երկու թեկնածուներն էլ ստանում են 269 ընտրիչի ձայն, նախագահ ընտրելու լիազորությունը փոխանցվում է Ներկայացուցիչների տանը, որն էլ ընտրում է նախագահ «մեկ նահանգ, մեկ ձայն» սկզբունքով։ Նահանգների մեծամասնության հավանությանն արժանացած թեկնածուն ընտրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2024