2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանը հոկտեմբերի 17-ը հռչակեց ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր:
Ոչ նյութական ժառանգությունը, որը փոխանցվում է սերնդեսերունդ, մշտապես վերստեղծվում է համայնքների կողմից՝ ի պատասխան իրենց միջավայրի և բնության ու պատմության հետ փոխգործակցության: Այն ապահովում է նրանց ինքնության և շարունակականության զգացումը, խթանելով մշակութային բազմազանության և մարդկային ստեղծագործության նկատմամբ հարգանքը:
Պատերազմական գործողությունները կասեցնում են համայնքների մշակութային գործունեությունը, քանդում խմբի գոյության մշակութային հիմքերը։ 2020-2023 թվականների ընթացքում Արցախից շուրջ 120․000 արցախահայերի բռնի տեղահանմամբ կասեցվել է Արցախի ոչ նյութական արժեքների պահպանումն ու վերստեղծումը, խաթարվել արցախահայերի համայնքային կյանքը՝ բացասական խորը ազդեցություն թողնելով արցախահայերի մշակութային ինքնության վրա։ Երբ համայնքները դադարում են ապրել իրենց ոչ նյութական մշակութային ժառանգությամբ կամ որպես ամբողջություն վերանում են, նրանց ժառանգությունը դատապարտվում է անհետացման։
Արցախահայ համայնքի անդամների ֆիզիկական ներկայությունն այլ վայրում բավարար չէ ապահովելու համայնքի բուն ինքնության շարունակականությունը, քանզի ոչ նյութական ժառանգության կենսունակության համար անհրաժեշտ է նաև բնական ռեսուրսների և համայնքի փոխհարաբերակցությունը։
Կարդացեք նաև
Արցախի մշակութային համայնքների կազմաքանդման արդյունքում կորսվել են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ամենաէական դրսևորումները, որոնք կապված են Արցախի բնական լանդշաֆտի և համայնքի հետ (այդ թվում՝ ժենգյալով հացի պատրաստման իրական պրակտիկան, կուրկուտի, խաշիլի, կաճապով ապուրի, արցախյան պոպոքով կլոր գաթայի պատրաստման ավանդական մշակույթը, թթի դոշաբի և օղու ավանդական թորման մշակույթը և այլն)։ Տեղահանության արդյունքում արցախահայությունը ժողովուրդը զրկվել է նաև ոչ նյութական արհեստագործական պրակտիկաները իրացնելու հնարավորությունից․ կորսվել են տեղի գորգագործության, կարպետագործության, թոնրագործության, տակառագործության, փայտագործության, դարբնության, բրուտագործության ոչ նյութական մշակութային ավանդական պրակտիկաները։
Կորսվել են նաև մշակութային փառատոնները։ Տողի գինու փառատոնը, որն անցկացվում էր 2014 թվականից սկսած ամեն տարի սեպտեմբերին Տողի մելիքական ապարանքում՝ ներկայացնում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը։ Կորսվել է Արցախի Մարտունի քաղաքի նռան փառատոնը, որին մասնակցում էին նաև Մարտունու շրջանի մի շարք այլ համայնքների բնակիչներ։ Չի շարունակվում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում 2018 թվականից անցկացվող ժենգյալով հացի փառատոնին մասնակցում էին մինչև 12000 այցելուներ։ Փառատոնի ծրագրում ժենգյալով հացի պատրաստումն էր, համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը՝ գյուղատնտեսական այլ մթերքների հետ միասին։
Արցախյան ազգային և բնության ավանդույթները հատկապես կարևորվել են Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում, որտեղ սկսած 2014 թվականից կազմակերպվում էր թթվի փառատոնը։ Մասնակցում էին շրջանի շուրջ 17 գյուղերի բնակիչներ՝ ցուցադրելով թթուների 60 և ավելի տեսակներ և ընդգծելով թթվի պատրաստման յուրահատուկ մշակույթը։
Արցախահայության կողմից մինչ 2020 թվականի պատերազմն ու տեղահանումը կենսունակ էին ազգային-ավանդական՝ «Լախտի», «Կոխ», «Աքլորակռիվ», «Քաշոցի», «Պարանի ձգում» և այլ ռազմի և համայնքային խաղերը «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթ փառատոնի շնորհիվ, որն ընդգրկում էր Արցախի՝ Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների 250 մասնակիցներ։
2017 թվականից սկսած ամեն տարի «Դիզակի գույները» խորագրով նկարչական միջազգային սիմպոզիումներ էին կազմակերպվում, որոնց արդյունքում ստեղծվել են ավելի քան 150 կտավներ, իսկ 2018 թվականից սկսած «Նարեկացի» արվեստի միության ջանքերով «Բրուտ արտ» խեցեգործության միջազգային սիմպոզիումներ էին անցկացվում՝ ստեղծելով ինքնատիպ արժեքներ։
Մշակույթի իրավունքը սերտորեն կապված է ոչ նյութական մշակութային ժառանգության իրացման հնարավորության հետ։ Այս իրավունքը առանցքային նշանակության է, քանզի պաշտպանում է յուրաքանչյուր անձի՝ իր համոզմունքներին, լեզվին, գիտելիքներին, սովորույթների համաձայն ապրելու և զարգանալու իրավունքը։ Այսօր պարտ է նորից հիշել ու բարձրաձայնել, որ բոլոր մարդիկ, այդ թվում արցախահայերը ունեն միջազգային իրավունքով սահմանված ոչ նյութական ժառանգության պաշտպանության լիարժեք իրավունք, որն այսօր չի գործում։
MONUMENT WATCH