Կայացավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը: 2019 թվականին ստեղծված այս հարթակը ակտիվ գործունեություն է ծավալել: Սակայն COVID-ի, պատերազմի, ԱԺ արտահերթ ընտրությունների եւ դրան հաջորդած այլ հանգամանքներով պայմանավորված աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Այժմ փորձ է արվում վերականգնել ԱԺ-ՓՄՁ խորհրդի աշխատանքը:
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք հասկանում ենք, որ գործադիր մարմիններին կից գոյություն ունեցող հարթակներում քննարկումները նախ հասանելի չեն օրենսդիր մարմնին: Այսինքն, այնտեղ բուն մասնագիտական քննարկումներ են լինում, թղթային գալիս են, այսպես ասած, օրենսդրական նախաձեռնությունների տեսքով եւ ունեն ֆորմալ հիմնավորումներ: Եվ պառլամենտական համայնքը շատ դեպքերում սուղ ժամկետներում, առանց իրական ՓՄՁ-ի հետ շփվելու, ընդունում է որոշումներ:
Հիմա անհրաժեշտ է վերականգնել ԱԺ-ՓՄՁ հարթակը, որովհետեւ հատկապես վերջին շրջանում ընդունվել են մոտ մեկ տասնյակ որոշումներ, որոնք ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից եւ վատթարացնելու են հենց ՓՄՁ-ների կյանքը: Մենք լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնելու, որովհետեւ այդ դրույթները իրականանալի չեն: Դրանք ծուղակներ են, որոնց մեջ ՓՄՁ-ները հայտնվելու են: Տուգանքների մեծ առիթներ են, ինչը դառնալու է բողոքների պատճառ:
Մեր այսօրվա օրակարգի հարցերից էր, որ այսուհետ այն օրենքները, օրենսդրական ակտերը, որոնք վերաբերելի են առնվազն 10 հազար ՓՄՁ-ների, դրանց համար օրենսդրության ազդեցության գնահատումը լինի պարտադիր, ինչը չի արվում: Օրինակ, եթե ՀԴՄ կիրառման կարգ է փոխվում եւ դա վերաբերում է 50 հազար առեւտրական գործունեություն ծավալողներին, նշանակում է՝ պարտադիր պետք է գնա ազդեցության գնահատման:
Կարդացեք նաև
Այլապես, մենք ունենում ենք օրենսդրական նախագծեր, որոնք գնում են պառլամենտ հաստատման՝ տակը ունենալով հիմնավորում միայն բյուջեի վրա թվային ազդեցության մասին: Մինչդեռ, դա անկրելի բեռ է շատ ՓՄՁ-ների համար: Եվ դա նշանակում է, որ ձեռնարկատերը գնալու է ստվեր կամ այլ ճանապարհներ է փնտրելու, որպեսզի անկրելի բեռը չվճարի:
Մենք ասում ենք, որ նույնիսկ պետության տեսանկյունից կարեւոր է, որ բացի բյուջեի վրա թվային ազդեցությունից, լինի նաեւ բառիս բուն իմաստով օրենսդրության ազդեցության գնահատումը: Առնվազն երեք տարի մենք արձանագրում ենք, որ օրենսդրական նախաձեռնություններին նույնիսկ թեստային ռեժիմով չեն նայում:
Ցանկացած փոփոխություն, գուցե, լավ գաղափար է: Բայց մենք ասում ենք. եկեք իրական դաշտում ստուգենք: Դա շատ կարեւոր է նույն որոշում ընդունողի համար, որպեսզի իր ընդունած որոշումը չգնա՝ ապականվի: Այդպիսի որոշումների ընդունումը ավելի շատ ոչ երկար մտածելու եւ առանց ազդեցության գնահատում անելու հետեւանք է:
ՓՄՁ-ն լուծում է եւ աշխատատեղի, եւ սոցիալական, եւ տարածքային համաչափ զարգացման խնդիրներ, որոնց մատների արանքով են նայում ու որոշումները կայացվում են կաբինետներում նստած: Շատ կարեւոր է, որ մենք պառլամենտական օղակին, հատկապես տնտեսական բլոկին, արթնացնենք, ասենք՝ եկեք իրական դաշտի հետ շփվենք, նոր որոշում ընդունենք»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հավելեց. «Ցավոք, առօրյա խնդիրները շատ ժամանակ չեն թողնում ու քաղաքական հարցերը մեկ-մեկ ավելի առաջին պլան են գալիս: Բայց մեր այս հանդիպումը, կարծում եմ, շատ արդյունավետ էր եւ պետք է փորձենք տեմպը պահել:
Մոտ մեկ ամիս առաջ որոշեցինք, որ մեր հաջորդ հանդիպումը կոնկրետ օրակարգով լինի: Այսօր կոնկրետ երկու նախագիծ կար: Մեկը վերաբերում էր փոքր բիզնեսին վերաբերող տարբեր նախագծերին, որպեսզի դրանք ունենան պարտադիր ազդեցության գնահատական, այսինքն, խորքային վերլուծություն լինի, որպեսզի քվեարկելիս պատգամավորներն իմանան, թե դա ինչ ազդեցություն է ունենալու:
Եվ երկրորդ նախագիծը վերաբերում էր ասոցիացիաներին տրվող անդամավճարների մասով հարկային կարգավորումներին, որ եթե ընկերությունները անդամավճար են տալիս որեւէ ասոցիացիայի, իրենք հնարավորություն ունենան դա ծախսագրել, ու իրենց շահութահարկը նվազի: Նպատակը ասոցիացիաների կայացումն ու զարգացումն է: Եվ քանի որ այդ հարցերը միայն մեզ չեն առնչվում, առնչվում են նաեւ գործադիրին, պայմանավորվեցինք, որ դրանք ավելի ամբողջական տեսքի բերվեն, քննարկենք գործադիրի հետ եւ ըստ անհրաժեշտության կամ պրոցեսը շարունակենք, կամ կանգնեցնենք, եթե տեսնենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ