Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրենի գրասենյակը հրապարակել են ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ զեկույցը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․
«2024 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի արդարադատության նախարար պարոն Գրիգոր Մինասյանը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Հայաստանի «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Այս դիմումը ի ցույց է դնում օրենսդրական բացթողումները հասցեագրելու և, միջազգային չափանիշներին համաձայն, մեդիայի ազատությունն ու կարգավորումն ընդարձակելու հայկական իշխանությունների հանձնառությունը, ինչը ողջունվում է Հանձնաժողովի կողմից։
Գիտակցելով պետությունների կենտրոնական դերը մեդիայի ազատության ու բազմակարծության պաշտպանության գործում՝ Եվրոպայի խորհուրդն ընդգծել է համապարփակ իրավական և քաղաքական մեխանիզմներ հաստատելու իր պարտավորությունը՝ այս սկզբունքներն ամրապնդելու համար։ Այս մեխանիզմները պետք է ապահովեն բազմապիսի լրատվամիջոցներ՝ արտացոլելով նպատակի, ֆունկցիայի և աշխարհագրական տարածության տարբերությունները։ Վենետիկի հանձնաժողովը շեշտում է, որ այս պարտավորությունները կրիտիկական նշանակություն ունեն ներառական, բաց և ժողովրդավարական բանավեճին նպաստող և մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող մեդիա միջավայրի խթանման համար։
Այս համատեքստում, Վենետիկի հանձնաժողովը վերահաստատում է մեդիա ոլորտի համար անկախ և արդյունավետորեն գործող ինքնակարգավորման սխեմայի ստեղծման կարևորությունը, որն իր մեջ կներառի բոլոր շահագրգիռ կողմերին։ Դա էական նշանակություն ունի ինքնակարգավորման միջոցով մեդիայի հաշվետվողականությունը պահպանելու համար։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդգծում է, որ ինքնակարգավորման մարմնին միանալը երբեք չի կարող մեդիա գործունեություն վարելու նախապայման հանդիսանալ։ Արտահայտվելու ազատությունը և տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածներով և պետք է մնան գերակա։
Վենետիկի հանձնաժողովը շեշտում է, որ Հայաստանում մեդիան կառավարող ներկա օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներն, ինչպես նշում են միջազգային փորձագետներն, էական թերություններ ունեն։ Այս առումով, Վենետիկի հանձնաժողովը ողջունում է մեդիայի ինքնակարգավորմանը նպաստելու հայկական իշխանությունների նախաձեռնությունը, քանի որ ինքնակարգավորման մարմինների պաշտոնական ճանաչումը էական նշանակություն ունի մեդիայի հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետ կիրառման համար։
Ավելին, Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ առաջարկվող փոփոխություններն ունեն ժողովրդավարական հասարակությունում էական նշանակություն կրող մեդիայի դերը ամրապնդելու ներուժ՝ ծառայելով որպես «հսկիչ շուն» և մարդու իրավունքների նշանակալի պաշտպան։
Էթիկական կարգերի և գործունյա ինքնակարգավորման մարմինների վրա դրված շեշտը Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է որպես դրական զարգացում։
Սակայն, թեև օրենքի նախագծում ներկայացված որոշ նոր սահմանումներ համահունչ են միջազգային չափանիշներին, որոշները դեռ պարզաբանման կարիք ունեն։ Ավելին, որոշ դրույթներ, օրենքի նախագծում համապարփակ կարգավորման և համապատասխան կանոնների բացակայության պատճառով, շարունակում են երկիմաստ մնալ՝ դժվարացնելով այս տարրերի մասին վերջնական եզրակացությունների կայացումը։
Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ, չնայած օրենքի նախագիծը կոնկրետ չի հասցեագրում ապատեղեկատվության դեմ պայքարելու խնդիրը, այն շեշտում է մեդիայի ինքնակարգավորման ամուր համակարգի ներուժը, միջազգայնորեն հավանելի էթիկական չափանիշների, այդ թվում՝ թվային մեդիայի համար, ընդունման և կիրարկման հետ մեկտեղ՝ ապատեղեկատվության տարածումն անուղղակի կերպով մեղմելու համար։
Ավելին, հաշվի առնելով հայկական մեդիա ոլորտի խոր բևեռացումը, ինչպես հաստատվեց Երևան Վենետիկի հանձնաժողովի այցի ժամանակ՝ կրիտիկական է շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը, որքանով դա հնարավոր է։ Դա մասնավորապես վերաբերում է մեդիայի ներկայացուցիչների մասնակցությանը և՛ օրենքի նախագծի շուրջ ծավալվող խոսակցություններին, և՛ հանրային բանավեճին, ինչպես նաև ապագա ինքնակարգավորման մարմիններին, լինեն դրանք Մեդիա խորհրդի թե անցումային հանձնաժողովի տեսքով։
Այս համատեքստում, Վենետիկի հանձնաժողովը հիշատակում է Օրենքի գերակայության իր ստուգաթերթը, ըստ որի՝ օրենքի ստեղծման գործընթացը պետք է լինի «թափանցիկ, հաշվետվողական, ներառական և ժողովրդավարական»։ Այս չափանիշն ապահովելու համար օրենքների նախագծերը պետք է հասանելի լինեն հանրությանը, գոնե այն ժամանակ, երբ ներկայացվում են խորհրդարան։ Հանրությանը պետք է իրական հնարավորություն ընձեռվի ներդրում ունենալու համար։ Դա իր մեջ ներառում է հանրային բանավեճով, իրենց ներկայացուցիչների հետ երկխոսությամբ կամ արդյունավետ ինքնակազմակերպմամբ գործընթացի վրա ազդելու միջոցով հանրային գործերին մասնակցելու կարողությունը։
Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հետևյալն են․
Վերանայել «(զանգվածային) մեդիա»-ի սահմանումը, որպեսզի ապահովվի իր ամբողջական համապատասխանությունը մեդիայի նոր հասկացության մասին նախարարական հանձնաժողովի CM/Rec(2011)7 առաջարկությանը։
Տրամադրել լրացուցիչ պարզաբանում «լրագրող» սահմանման մասին՝ առաջնահերթ կենտրոնանալով ֆունկցիոնալ չափանիշների վրա, օրինակ՝ հանրօգուտ տեղեկությունների և գաղափարների տարածմանը։ Տրամադրել լրացուցիչ պարզաբանում նաև «մասնագիտական գործունեություն» եզրույթի մասին, եթե այն մնա օրենքի նախագծում։
Փոփոխություններ կատարել օրենքի նախագծում՝ «լրատվական գործունեություն իրականացնող» և «հանրային իրազեկման միջոց տարածողներ» եզրույթներում հստակություն մտցնելու համար։ Մասնավորապես, պետք է կոնկրետ սահմանվի այս եզրաբանության իրավական և պրակտիկ ենթատեքստի մասին։
Կոնկրետ նկարագրել արտաքին մեդիայի դերակատարների թափանցիկության և ինքնակարգավորման համար պահանջներն օրենքի նախագծում, ինչպես նաև օրենքի նախագծում պաշտոնական դարձնել ինքնակարգավորման մարմինների և ազգային կարգավորող իշխանության միջև համագործակցությունը։
Պարզաբանել օրենքի նախագծում «նախապայման» եզրույթը լրագրողների հավատարմագրման համատեքստում։ Վենետիկի հանձնաժողովը նաև առաջարկում է հստակորեն նշել հավատարմագրման հետևանքները, այդ թվում՝ առաջարկվող առավելությունները և չհավատարմագրված լրագրողների համար հնարավոր բարդությունները։ Սակայն, հավատարմագրումը (խմբ․ – հավատարմագրման ինստիտուտը) որևէ դեպքում չի կարող օգտագործվել տեղեկատվական հասանելիության մեդիայի իրավունքը սահմանափակելու նպատակով։ Հանձնաժողովը նաև առաջարկում է բողոքարկման արդյունավետ մեխանիզմ, այն դեպքում, երբ մերժվում է լրագրողի հավատարմագրումը։
Ապագա օրենսդրական ակտերը, Մեդիա խորհրդի ստատուտները (օրենքով սահմանված), ինքնակարգավորման մարմինների մոդելային չափանիշները, որոնք առայժմ առկա չեն օրենքի նախագծում, պետք է ամբողջապես համապատասխանեն միջազգային չափանիշներին։
Հանձնաժողովը նաև առաջարկում է, որպեսզի մեդիայի ինքնակարգավորման մարմինների, այդ թվում՝ Մեդիա խորհրդի, հաստատման առաջնային պատասխանատվությունը վստահվի հենց մեդիա կազմակերպություններին՝ ապահովելով նաև թվային մեդիայի ներկայացուցիչների լայն մասնակցություն։ Ավելին, պատշաճ ֆինանսական ռեսուրսներ պետք է հատկացվեն՝ երաշխավորելու համար մեդիայի ինքնակարգավորման մեխանիզմների արդյունավետ գործունեությունը։
Ինչ վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններին, որպեսզի ապահովվեն դատական անկախության ու անաչառության սկզբունքների հետևողականությունը և ինքնակարգավորման ու դատական վերահսկողության միջև հավասարակշռությունը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ընդունել այնպիսի բառամթերք, որը հստակորեն հաստատում է համապատասխան ինքնակարգավորման մարմնի որոշման խորհրդատվական բնույթը՝ ի ցույց դնելով, որ այդ որոշումները դատարաններում իրավական պարտադիր ուժ չունեն։
Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է այս հարցով շարունակել աջակցել հայկական իշխանություններին»։
Օրենքի նախագիծը՝
Եզրակացությունն անգլերենով
Թարգմանեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ