Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարանը հրապարակել է ուսումնասիրություն՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ Բաքվում անցկացման վերաբերյալ։ Համայնքների պալատի գրադարանը իրականացնում է նաև հետազոտական և տեղեկատվական ծառայություններ, որոնք տրամադրվում է խորհրդարանի պատգամավորներին, որպես հավելյալ տեղեկատվության աղբյուր։
Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել կոնֆերանսի առաջնահերթություններին, ինչպես նաև Բաքվում դրա անցկացմանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության անբավարար մակարդակի պայմաններում։ Ուսումնասիրության մեջ առանձնացված է «Peacewashing» և մարդու իրավունքների մտահոգությունները ենթավերնագիրը, որում մանրամասնեցվում է, թե ինչ նպատակով է Ադրբեջանը փորձում օգտագործել COP29-ը։
Ուսումնասիրության մեջ հղում է կատարվում Freedom House կազմակերպության զեկույցներին, որոնք Ադրբեջանը համարում է իրապես անազատ երկիր՝ կոռուպցիայի, քաղաքացիական ազատությունների ճնշման, ազատ ընտրությունների անցկացման համար։ Բացի Freedom House կազմակերպության հրապարակումից, այս ուսումնասիրությունում հղում է կատարվում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ զեկույցին։
Հրապարակման մեջ հղում է կատարվում նաև Human Rights Watch իրավապաշտպան խմբի արձանագրմանն առ այն, որ ընդհառակ COP29-ին ուժեղացել է կառավարության «ճնշումը» քննադատների նկատմամբ։ Զեկույցը որպես Բաքվի իմիջի «մաքրման» առարկա է համարում նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։
Կարդացեք նաև
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարանի հետևողական ուսումնասիրությունը։ Սակայն հարկ է արձանագրել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն ամենևին չեն սահմանափակվում միայն քաղաքացիական ազատությունների ճնշումներով։ Ադրբեջանի կառավարության բնութագրիչներից է նաև խորքային ռասիզմը՝ հայատյացության համակարգային դրսևորմամբ, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայության փուլային էթնիկ զտմանը՝ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ։
Համայնքների պալատի գրադարանը պետք է արձանագրի նաև, որ նման քաղաքականությունը ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար և այդ քաղաքականությանը զոհ են գնացել ամբողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բնիկ էթնիկ հայերը՝ իրենց ստեղծած ազգային-մշակութային միջավայրի հետ միասին, որը բարբարոսաբար ոչնչացվել կամ խեղվել է։
Նման պատմական իրողությունների զուգակցումը ընթացիկ իրադարձություններին էլ ավելի է ամբողջացնում Ադրբեջանի՝ որպես ահաբեկչական և հակահումանիստական պետության նկարագիրը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աչալուրջ գտնվել Ադրբեջանի՝ իրականության աղավաղման փորձերի նկատմամբ և հետամուտ լինել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրին։
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ