Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ելույթներից բացի մյուս պաշտոնյաներն անգլերեն էին խոսում։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պարզաբանել՝ պաշտոնյաների՝ անգլերեն հնչեցված խոսքը չի՞ խախտում ՀՀ Լեզվի մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված այն դրույթը, որ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին»։
Մեզ ուղարկված գրավոր պատասխանում ներկայացված է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի պարզաբանումը․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն, ուսումնասիրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենուաեր հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի՝ Ձեր կողմից մեզ տրամադրած տեսագրությունը, փաստել է, որ համաժողովի ընթացքում ապահովված է եղել ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության «բ» ենթակետով սահմանված է, որ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ պետք է ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Ըստ էության, տրամադրված նյութերի և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի միջև հակասություն չկա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ