«Ինքը ուրիշին է կրկնել, այ եթե Ալեն Սիմոնյանի թքելը կրկներ, դա չէին համարի երեւի լկտի պահվածք»,- Aravot.am-ին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի շենքից նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին դուրս հրավիրելու դեպքին:
Հիշեցնենք, որ Հակոբյանին այսօր ԱԺ-ից անվտանգության աշխատակիցները քաշքշելով դուրս հանեցին՝ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին այս հայտարարությունն անելու պատճառով.
«Այս ամբիոնն այսօր ղեկավարում է մի մարդ, որ ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը․․․ շատ ճշգրիտ, ամբողջական, համոզիչ ձեւակերպում է տրվել՝ այցեքարտով ինչ-որ մի մարմնավաճառ, որը դիտում է, որ ժողովրդի հարկերով ապրող, վարձատրվող թիկնապահներին կարող է հրահանգել, որպեսզի բռնի քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա։
Ես շատ վատ էի զգում, երբ իմ բուլղարացի կոլեգան զանգել եւ ասում էր՝ Ռոբերտ, իսկապե՞ս ձեր ԱԺ նախագահը թքել է քաղաքացու վրա եւ շարունակում է պաշտոնավարել»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը facebook սոցիալական ցանցի իր էջում պարզաբանեց, որ լկտի պահվածքի համար են նախկին պատգամավորին դուրս հանել ԱԺ շենքից:
Հիշեցնենք նաեւ, որ Ռուբեն Հակոբյանը կրկնել էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի բնորոշումը:
Տարիներ առաջ Ալեքսանյանը Ալեն Սիմոնյանին անվանել էր մարմնավաճառ:
«Որպեսզի կրկնակի ստանդարտներ չլինեին, նույն ստանդարտը լիներ, Հակոբյանը պիտի Ալեն Սիմոնյանի պես թքեր »,- հավելեց Կարեն Քոչարյանը՝անդրադառնալով 2022 թվականին ԱԺ ամբիոնից լրագրողներին վերբալ մարմնավաճառներ որակելու վերաբերյալ ՔՊ- ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, ինչը լկտի պահվածք չհամարվեց:
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ կրկնակի ստանդարտները համաշխարհային գործընթաց են արդեն. «Որ ինչ-որ մեկին կարելի է, մյուսին չի կարելի: Ի դեպ, ամբողջ ժողովրդավարական աշխարհին նկատի ունեմ: Այնպես չէ, որ ժողովրդավարություն կա, ժողովրդավարությունը հորինել են ինչ-որ մարդիկ, որոնց պետք է հենց այդ կրկնակի ստանդարտներով առաջնորդվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ