Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ․ կլինե՞ն արդյոք պաշտոնանկություններ կամ հրաժարականի դիմումներ

Հոկտեմբեր 17,2024 17:58

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների շրջանակում վաղը կգա Շիրակի մարզ։

Մեր տեղեկություններով, նա կշրջագայի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում, կծանոթանա պետական միջոցներով կամ պետության համաֆինանսավորմամբ ընթացող շինաշխատանքներին։ Օրինակ՝ կլինի Գյումրու կենտրոնում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում, որտեղ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ժամանակակից լուսաձայնային միջոցներով հիմնանորոգվում են շատրվանները։

Վարչապետը կայցելի նաև Գյումրի բժշկական կենտրոնի շենքի մոտակայքում՝ շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի միջոցներով կառուցվող ծննդատուն՝ ծանոթանալու շինարարության ընթացքին։ Գյումրիից զատ, նա հերթով կշրջագայի Արթիկում, Աշոցքում, Ամասիայում։

ՔՊ-ական մեր աղբյուրների տեղեկացմամբ, Շիրակի մարզում կուսակցական նիստ չի գումարվի։ Մինչդեռ գյումրեցիներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է, թե Փաշինյանն իր այցով վերջնականապես հստակություն կմտցնի Գյումրու քաղաքային իշխանության շուրջ տեղի ունեցող ինտրիգին։

Նկատենք, որ վաղը կառավարության ղեկավարին դիմավորողների ու ճանապարհողների շարքերում չի լինի Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Ինչպես պարզաբանում են քաղաքապետարանից՝ երկու օր է՝ նա անցել է հեռավար աշխատանքի՝ առողջական վիճակով պայմանավորված։ Հասկանալի է, որ քաղաքապետը աշխատանքի չի ներկայանում այս լարվածության, որպես պաշտոնյայի՝ իր վաղվա օրվա մասին տեղեկություն չունենալու պատճառով։

Բալասանյանների ընտանիքի անդամների ու մտերիմների ձերբակալման ֆոնին արդյոք հրաժարական կտա՞ Վարդգես Սամսոնյանի գլխավորած իշխանությունը, այս հարցի պատասխանն անհայտ է։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից շատերն էլ անորոշ վիճակում են․ չգիտեն՝ ինչ ընթացք կունենա Բալասանյանների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը, որի զարգացումը օր օրի զարմացնում է նրանց։

Հիշեցնենք, երեկ էլ հայտարարվեց Սամվել Բալասանյանին ձերբակալելու ու նախաքննական մարմին ներկայացնելու որոշման մասին։

Շատերը ենթադրում են, որ Գյումրիում կներդրվի Անի խոշորացված համայնքում կիրառած սցենարը՝ գեթ մեկ տարբերությամբ, որ Գյումրու քաղաքային իշխանությունը հարկադրված հրաժարական կտա, նրան բառիս ուղիղ իմաստով պաշտոնանկ չեն անի։ Այստեղ ևս կկարգեն ժամանակավոր քաղաքապետ ՔՊ-ից ու կանցնեն արտահերթ ընտրությունների՝ այսպիսով Գյումրիում վերջ դնելով 2012 թվականից ի վեր տիրող Բալասանյանների իշխանությանը։

Որոշ մարդիկ էլ համոզված են, որ «Բալասանյան դաշինքը» հրաժարական չի տա, հուսախաբ չի անի իրեն ընտրած գյումրեցիներին, որոնք ամեն դեպքում իրեն գերադասեցին ՔՊ-ից։

Այս պահին շատերին մի հարց է մտահոգում՝ ի՞նչ սև կատու անցավ ՔՊ-ականների ու « Բալասանյան դաշինքի» միջև, երբ նույն բալասանյանականները ՔՊ-ին օգնում էին իշխանափոխության հասնելու Ախուրյանում, մեծ դերակատարություն ունեին նաև Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում՝ ՔՊ-ի թեկնածուի հաղթանակում։

Գյումրիում այդպես էլ անհայտ մնաց, թե ինչո՞ւ Սամվել Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին Իրաքի Հանրապետությունում դեսպան նշանակելուն պես 3 ամիս անց հետ կանչեցին, իսկ մինչ այդ ՔՊ- «Բալասանյան դաշինք» հուշագիրը խզեցին։

Իհարկե, այս թեմայի շուրջ եղան պարզաբանումներ, խոսվեց Գյումրու ստվերային կառավարչի մասին, սակայն դրանք չբավարարեցին գյումրեցիների՝ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու պահանջը, քանի որ ոչինչ չասող էին։

Եվ ի վերջո, ինչո՞ւ ՔՊ-ական վերնախավն այդպես լարվեց Բալասանյան ընտանիքի դեմ, «Սև Բերդի» հարակից հողատարածքների ապօրինի օտարման ու զավթման համար պատիժ սահմանեց՝ տնային կալանք կիրառելով, երբ ժամանակին Սամվել Բալասանյանի՝ որպես քաղաքապետի հասցեին այդ նույն ՔՊ-ականները դրվատանքի խոսքեր էին հնչեցնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031