Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև  Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի

Հոկտեմբեր 17,2024 17:45

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։

Հանդիպման սկզբում Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. հունվարի 18-25-ը կայանալիք ամենամյա քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթը նվիրվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև  Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի։ Հայր Գարեգինը տեղեկություններ փոխանցեց Վատիկանի և ԵՀԽ-ի միջազգային և Մայր Աթոռի տեղական կազմակերպչական հանձնախմբերի կողմից աղոթքի շաբաթվա նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Նորին Սրբությունը,  իր օրհնությունը բերելով հանձախմբի անդամներին, կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես հայ ժողովրդի և Հայաստանի համար այս ծանր ու դժվարին օրերին։

Հայոց Հայրապետը նշեց, որ հայորդիները,  հավատքով ներշնչված և աղոթքի զորությանն ապավինած, մշտապես կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններն ու մարտահրավերները։ Այս առիթով Նորին Սրբությունը կարևոր նկատեց քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթվա նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ աղոթքով հայցված երկնապարգև շնորհներով առավել կզորանան հավատքը, հույսն ու սերն ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ դժվարությունների ու փորձությունների մեջ գտնվող ողջ մարդկության կյանքում։

Հանդիպմանը հանձնախմբի անդամներն ընդգծեցին, որ իրենց այցը Հայաստան դարձավ յուրօրինակ ուխտագնացություն, որի ընթացքում  առիթ ունեցան ի մոտո ծանոթանալու հայ քրիստոնեական պատմական սրբավայրերին, հայ ժողովրդի պատմությանը, այլև երկրում առկա իրավիճակին և արցախահայերի դժվարին կացությանը։

Վերջում Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչները իրենց երախատգիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին, ըստ ամենայնի, աջակցության համար։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031