Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018-ին. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 17,2024 17:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Renderforest-ի Ջրվեժի նոր կենտրոնակայանում հանդիպել է ընկերության մասնագետների հետ:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը խոստովանեց. «Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018-ին: Շատերի համար սա տարօրինակ հայտարարություն է, բայց այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը: Այդ նույն աբստրակտ պլանավորման ընթացքում տեսնում եմ բազմաթիվ ռիսկեր, բայց նաեւ այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն: Այդ ռիսկերի կառավարման արդյունքում հետագա ճանապարհի շարունակություն: Իսկ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք գործնական իրականացնել, մենք դա անվանում ենք իրական Հայաստանի հայեցակարգ:

Դա ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ: Մենք՝ Հայաստանի հանրապետությունն ունի գործնական նպատակ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Հայեցակարգը ոչ թե գործիք կամ հենակետ է ինչ-որ ավելի ընդարձակ պետություն ունենալու համար, այլ սեփական միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար գործիք է: Բարեկեցություն ասելով պետք է հասկանանք արդարություն, ազատություն, անվտանգություն եւ այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»:

Հանդիպման մասնակիցներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց, թե տեղյա՞կ է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների հիսուն տոկոսից ավելին, այսինքն՝ եթե 37.000 մանկավարժ է դասավանդում, մոտ 18000 մանկավարժ իրավունք չեն ունենալու դասավանդել, մինչդեռ մանկավարժական համալսարան ընդունվողների թիվն անհամեմատ ավելի ցածր է: Հարցի հեղինակը Փաշինյանից նաեւ հետաքրքրվեց՝ այս պարագայում ինչ գործնական քայլերի ծրագիր ունեն:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ տեղյակ է խնդրից ու ուսուցիչների ատեստավորման ծրագիրը հենց դրա համար է, որ մանկավարժի մասնագիտության գրավչությունը բարձրացնեն, հնարավորություն ստեղծեն, որ ուսուցիչը մինչեւ 500.000 դրամ ստանա: Ներկայումս շատ քիչ թվով ուսուցիչներ կան, որ այդքան են վարձատրվում, բայց կան:

Փաշինյանի խոսքով, ատեստավորման ծրագիրը բացել են նաեւ մանկավարժական փորձ չունեցող մարդկանց համար, որ եթե մեկը բանասեր է կամ այլ մասնագիտություն ունեցող անձ, որը երբեւէ չի զբաղվել ուսուցչի գործունեությամբ, ուսուցչի գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031