Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ովքե՞ր էին այդ դերակատարները, որ կարողացան այդ սողանցքներից օգտվել և պղտոր ջրում ձուկ որսալ»․ Թադևոս Ավետիսյանը՝ ոսկի վերաարտահանողների մասին

Հոկտեմբեր 17,2024 17:09

«Ի վերջո, ինչո՞վ էր պայմանավորված ոսկու շրջանառության մեծ ակտիվությունը, և որը բերեց նաև այս տարի բարձր տնտեսական աճի։ Առնվազն իմ պատկերացմամբ՝ մենք որպես երկիր զբաղվեցինք վերաարտահանման մեծ ծավալների շրջանառությամբ, որը հետո ի չիք դարձավ։ Ի՞նչ ռիսկեր կան, ինչպե՞ս ստացվեց՝ պատիկներով շրջանառությունն ավելացավ, ՀՆԱ-ն ավելացավ, կարճ ժամանակ հետո ի չիք դարձավ։ Հնարավո՞ր է տնտեսվարողները որոշակի արտոնություններ ունեցան, պղտոր ջրում ձուկ որսացին, և մեր տնտեսությունը որոշակի ռիսկերի մեջ դրեցին»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի կողմից ներկայացումից հետո պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դա չի անում նախարարը, ինչպես նախկինում էր ընդունված, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Նախագիծը պետք է ներկայացներ պարոն Պապոյանը, ուղղակի հանձնաժողովի նիստի օրը փոխեցինք, և այն համընկավ ՀՀ կառավարության նիստի հետ»։

Ի պատասխան պատգամավորի մտահոգությունների՝ Սևակ Միքայելյանն ասաց․ «Մեր հանրության մոտ ու որոշ շրջանակներում վերաարտահանման նկատմամբ կա բացասական վերաբերմունք, բայց դա դարձյալ շուկայական և տնտեսական նորմալ գործընթաց է, որն ապահովում է տնտեսական աճ, որը մենք ունեցել ենք։ Տարբեր գործոններ են եղել՝ ներքին ու արտաքին, գլոբալ, աշխարհաքաղաքական, որոնք նպաստել են այդ հանգամանքին, և ՀՀ-ի միջոցով իրականացվել է այդ տնտեսական գործառույթի ֆունկցիան։ Ինչպես նշեցիք՝ պղտոր ջրում ձուկ որսալ, կոնկրետ տնտեսվարողների շահելը․ նման բան չկա, այս գործառույթից՝ ոսկու արտահանումից ու վերաարտահանման մասով մեր պետությունն է շահել»։

Թադևոս Ավետիսյանն ասաց՝ որոշակի ենթադրություն և տեղեկատվություն ունեմ և նշեց՝ նախ գործոնները պետք է ասեիք․ «Որո՞նք էին, որտեղի՞ց բերեցինք այդ ոսկին և ո՞ւր արտահանեցինք, որովհետև ըստ էության՝ այնտեղից, որտեղից բերել ենք, որտեղ վերաարտահանել ենք, շատ բան շուկայում չի փոխվել․ նույն տնտեսական պատժամիջոցների միջավայրն է, ովքե՞ր էին այդ հիմնական դերակատարները, որ կարողացան այդ սողանցքներից օգտվել, բերել, նորից վերաարտահանել, հնարավո՞ր է հետո պատի դեմ առան ու հետ քաշվեցին, քանի որ դա կարող էր բերել լրացուցիչ խնդիրների մեր երկրի համար, և դա էր պատճառը, որ մի պահ հնարավորությունից օգտվեցին, հետո որոշակի նախազգուշացումներ, արգելքներ եղան և նրանք հետ քաշվեցին։ Կարևոր է՝ էդ ո՞նց էր, որ կարողացանք շատ արագ և ովքե՞ր էին, որ կարողացան օգտվել այսպես կոչված հնարավորությունից։ Մենք խոսում ենք ՀՀ-ի մասին, 2024-ի մասին, որի պարագայում չենք մոռանում, որ աշխարհաքաղաքական հակամարտություններն ունեն որոշակի տնտեսական արտացոլումներ, և ակնհայտ է, որ դա պետք է հասկանանք։ Կարճաժամկետ, մեկ-երկուսի շահը կարող է մեր երկրի հեղինակության և որպես միջազգային գործընկեր մեր երկրի դերակատարության վրա բացասաբար անդրադառնալ»։

Սևակ Միքայելյանն ասաց․ «Անընդհատ տանում եք նրան, որ ենթատեքստ կա և այլն։ Այստեղ գործոնները բացառապես շուկայական են՝ պահանջարկ ու շուկա։ Շուկան չնայենք կոնկրետ տեղ՝ երկիր ու աշխարհագրություն․ տարբեր տնտեսական տարածքներ և ուղիներ են։ Բիզնես գործընթաց կարող է իրականացվել այս կամ կոնկրետ երկրների ճանապարհներով, իրականացվել է այդ ճանապարհով։ Եթե այդ տնտեսական էֆեկտը՝ ներմուծման, արտահանման, հարկերի, աշխարհաքաղաքական վերանում է, շուկան վերադառնում է ելման դիրքին։ Տնտեսվարողները, որոնք այս գործընթացում ստացել են եկամուտներ, դա իր ազդեցությունն է ունեցել երկրի մակրոտնտեսական ցուցանիշի մեջ իր դրական էֆեկտներով։ Որևէ տնտեսվարող սուբյեկտի կամ ինչ-որ բիզնես շահի հետապնդման խնդիր չկա»։

Բաբկեն Թունյանն էլ հետևյալ համեմատությունն արեց․ «Օրինակ՝ եթե ես ուզում եմ որևէ ապրանք վաճառել Հովիկ Աղազարյանին, բայց այդ հնարավորությունը չունեմ, տեսնում եմ՝ ուրիշ հնարավորություն կա վաճառելու պարոն Աղազարյանին՝ վաճառել պարոն Ղահրամանյանին, որը կարող է վաճառել պարոն Աղազարյանին, օգտվում եմ դրանից։ Հետո, երբ պայմանները փոխվում են, պարոն Ղահրամանյանի հանգամանքն ի դժբախտություն իրեն դուրս է գալիս, ուղիղ վաճառում եմ Հովիկ Աղազարյանին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031