Ամենաժողովրդական փաստաթուղթը, որ ընդունվել է, եղել է Անկախության հռչակագիրը․ խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ այդ փաստաթղթի բոլոր դրույթները քննարկվել են մարդկանց հետ։ Նրա բնութագրմամբ, այժմ Հռչակագիրը իրավաբանորեն կա, բայց փաստացի այն գլխատված է։
«Մի ճանապարհ կա այս հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից, մնացածը, իսկապես, ուսապարկ են, չեղավ նա՝ մյուսները չեն լինի։ Ինչպե՞ս ազատվել․ բոլոր միջոցներով։ Չիմանաք, թե տղայական խոսք պետք է ասեմ։ Միջազգային նորմերը եւ մեր Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ եթե պետությունը, պետական կառույցները չեն պաշտպանում քո իրավունքները, քո արժանապատվությունը, ոտնահարում են, դու ընդվզելու, ապստամբելու իրավունք ունես։ Ավելի ստույգ՝ բնության բերած քո սահմանադրական իրավունքը պետք է իրականացնես, ինքնապաշտպանվես։ Միջազգային նորմով դա կոչվում է ապստամբել։ Պետք է ընդվզենք, ապստամբենք։ Պետական կառույցները, որոնք մեր հարկերի հաշվին ապրում են, մեր իրավունքները բռնաբարում են։ Մահապարտների ջոկատներ պետք է կազմակերպել եւ վռնդել սրանց իշխանությունից»,-ասաց նա։
Ելույթի մի հատվածում էլ Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ կրկնելով նրա մասին այն բնորոշումը, որ ժամանակին արել էր Վահագն Ալեքսանյանը․ «Այս ամբիոնն այսօր ղեկավարում է մի մարդ, որ ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը․․․ շատ ճշգրիտ, ամբողջական, համոզիչ ձեւակերպում է տրվել՝ այցեքարտով ինչ-որ մի մարմնավաճառ, որը դիտում է, որ ժողովրդի հարկերով ապրող, վարձատրվող թիկնապահներին կարող է հրահանգել, որպեսզի բռնի քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա։ Ես շատ վատ էի զգում, երբ իմ բուլղարացի կոլեգան զանգել եւ ասում էր՝ Ռոբերտ, իսկապե՞ս ձեր ԱԺ նախագահը թքել է քաղաքացու վրա եւ շարունակում է պաշտոնավարել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նաեւ, որ լսումների ընդմիջման ժամանակ, ԱԺ միջանցքում միջադեպ է տեղի ունեցել Ռուբեն Հակոբյանի եւ ԱԺ անվտանգության աշխատակիցների միջեւ․ վերջիններս նախկին պատգամավորին քաշքշելով փորձել են դուրս հանել ԱԺ շենքից։ Ավելի ուշ, ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն տարածեց, որ Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել՝ մասնավորապես ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար: Խնդիրը վերաբերվում է ՀՀ-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ