Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը, այո, Ֆրանսիայում ունեն մեծ պահանջարկ ու հաջողություն». Սերգեյ Սմբատյան

Հոկտեմբեր 17,2024 16:46

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցել է Newmag հրատարակչության կողմից կազմակերպված FrancoFest2024-ին։

Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի սեքստետը՝ հանդիսատեսին նվիրելով Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները՝ դասական հնչողությամբ։

Նվագախումբը փառատոնին ներկայացրեց 2024 թվականին հայտնի թավջութակահար Կամիլ Տոմայի հետ համատեղ թողարկված «Ազնավուրիանա» ալբոմը, որում ընդգրկված են Շառլ Ազնավուրի սիրված երգերը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ստեղծված «Ազնավուրիանա» ալբոմը, որը 2024թ․-ին թողարկվել է աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» ձայնագրային ընկերության կողմից, արդեն կարող է դառնալ յուրաքանչյուրինը։

Իսկ ընթերցասերներն իրենց հետ տարան նաև «կենդանի» էջանիշներ՝ ARLOOPA հավելվածի միջոցով նաև լսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ներկայացվող ազնավուրյանական հնչյունները։

FrancoFest2024-ը հագեցած էր թեմատիկ քննարկումներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը FrancoFest-ի շրջանակում մասնակցել է «Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն» թեմայով պանելային քննարկմանը, որը վարում էր Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Քննարկմանը մասնակցեցին նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիթ Տյուրսը, արվեստաբան, գրող, թարգմանիչ Նազենի Ղարիբյանը, Le Courrier d’Erevan պարբերականի գլխավոր խմբագիր Զառա Նազարյանը։

Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ երկու երկրի մասին խոսելիս առաջին խորհրդանիշը, որ պատկերացնում ենք, Շառլ Ազնավուրն է, որն իր մեծությամբ կարողացել է ջերմացնել երկու երկրների միջև կապն ու մոտեցնել իրար։ Մաեստրո Սմբատյանի խոսքով՝ ֆրանսիական կրթական համակարգում իր տեղն ունի հայկական արվեստը։ Մասնավորապես, Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը Ֆրանսիայում մեծ ճանաչում է վայելում, ինչն այդ երկրում հայկական արվեստի պահանջարկի ու հաջողության ցուցիչներից է։

Դիրիժորը նշել է, որ սեպտեմբերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկու համերգը Փարիզում անցել են լեփ-լեցուն դահլիճներում, և հայ ու ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների կատարումները մեծ ընդունելության են արժանացել ֆրանսիացի ունկնդրի կողմից։ «Մեր կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը, այո, Ֆրանսիայում ունեն մեծ պահանջարկ ու հաջողություն»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։ Նա կարևորել է Հայաստանում ֆրանսիական դասական երաժշտության տարածումը, ինչը և անում է Սիմֆոնիկ նվագախումբը՝ միաժամանակ ընդգծելով հայկական մշակույթի ճիշտ ներկայացումը Ֆրանսիայում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031