ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսօր հանձնաժողովի նիստում նշեց, որ Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը նախագծի հեղինակները խնդրել են երկու ամսով հետաձգել:
Իսկ նիստի օրակարգի երկրորդ հարցը Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու նախագիծն էր, որը ներկայացրել էր կառավարությունը:
Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջին, երկրորդ ընթերցման ժամանակ բավականին մանրամասն անդրադարձել են փոփոխություններին եւ լրացումներին, որոնք հիմնականում ուղղված էին ուսուցիչների ատեստավորման գործընթացներում անհրաժեշտ հստակեցումների իրականացմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի կարգավորմանը:
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկում են ունեցել որոշ առաջարկների վերաբերյալ, որոնք բանավոր ներկայացրեց: Դրանցից մեկը վերաբերում էր ոչ պետական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին, առաջարկվում է այդ հաստատություններում ուսուցչի մասնագիտական զարգացումը իրականացնել տվյալ հաստատության մշակված ընթացակարգով, որը կհաստատվի կրթական պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Մյուս առաջարկը մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգի մասին էր:
Նա հավելեց, որ ուսուցչի թափուր տեղը համալրելու մասին ներդրվել էր դրույթ, որով ուսուցչի որակավորում չունեցող անձանց համար մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ ձեռք բերելու եւ հաստատությունում աշխատելու հնարավորություն է ընձեռվում բոլոր առարկաների դեպքում: 30 կրեդիտ ունեցող անձը կարող է հաստատություն դիմել առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի դեպքում՝ ուսուցչի թափուր տեղը չհամալրվելուց հետո հայտարարվող մրցույթին: Նարեկ Բաբայանն ընդգծեց, որ չկա որոշակիություն, թե ովքեր կարող են դիմել 30 կրեդիտ ստանալու համար, մինչդեռ ենթաօրենսդրական իրավական ակտը հնարավորություն կտա սահմանել համապատասխան կարգավորումներ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, աշխատանքային քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ որոշ ենթաօրենսդրական որոշ կարգավորումների կարիք ունեն, որոնք իրացնելու համար անհրաժեշտ է օրենքում լիազորող նորմեր նախատեսել: «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը չի համալրվում, ապա կարողանան այդ տեղի համար մրցույթին մասնակցեն մանկավարժի որակավորում չունեցող, բայց բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ 30 կրեդիտ հավաքելու պայմանով… Այժմ մեծ հետաքրքրվածություն կա, ունենք 4 երաշխավորված ծրագրեր, որտեղ այդ անձինք կարող են այդ դասընթացներն անցնել: Այս գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի օրենսդրական կարգավորումների կարիք կա»,-հաստատեց նա:
Նախարարին հարց ուղղվեց մարզերում, գյուղական դպրոցներում բնագիտական առարկաների գծով մանկավարժների պակասի մասին՝ կա՞ որեւէ ծրագիր՝ երիտասարդ մանկավարժներին մարզերում աշխատանքի ներգրավելու համար: Ժաննա Անդրեասյանն ասաց, որ երկու գործիք կա, դրանցից մեկը նպատակային ուսուցումն է, երբ կոնկրետ աշխատավայրի պատկերացումով է ուսանողը գալիս ուսանելու ու ուսումն ավարտելուց հետո այդտեղ աշխատելու, մյուսը գյուղական վայրերի ուսուցիչներին հավելավճար տալն է:
«Օրենքի նոր նախագծով նախատեսում ենք ավելի ուժեղացնել առաջին գործիքը: Իսկ երկրորդ գործիքն է՝ ձեւավորել այնպիսի միջավայր, որ, ընդհանուր առմամբ, գյուղական դպրոցում աշխատելը լինի գրավիչ եւ մրցունակ: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ դա այսօր այդպես է: Նախորդ տարվանից գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար հավելավճարի ծրագիր ենք դրել՝ առանց ատեստավորման արդյունքների հետ կապելու, գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցիչներ 50 տոկոս հավելավճար են ստանում»,-հավելեց նա
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ