Շարունակվում է սեպտեմբերի 16-ից մեկնարկած 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնը մշտապես հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թ.՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով:
Հոկտեմբերի 16-ին կայացավ հերթական համերգը՝ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկավ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Լուիս Անդրադեն:
Բավականին գեղեցիկ ծրագիր էր՝ Ալեքսանդր Սպենդիարյան․ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր, Ֆելիքս Մենդելսոն՝ Ջութակի կոնցերտ մի մինոր եւ Ալեքսեյ Շոր՝ Carpe Diem ջութակի և նվագախմբի համար:
Կարդացեք նաև
Դահլիճում ներկա էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Այս երեկո մենք նշանավորում ենք սիմֆոնիկ երաժշտությունը, որը միավորում է մեզ՝ Եվրոպան եւ Հայաստանը եւ իր ավանդույթները: Այս երեկո նշանավորում ենք նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունները, հարաբերությունների, ակտիվ աշխատանքի, կապերի խորացման տարի էր: Այս տարին կարեւոր էր ինտենսիվ աշխատանքի տեսանկյունից, երկխոսություններ մեկնարկելու, համագործակցության ընդլայնման առումով:
Այս տարվա ընթացքում ԵՄ-ն հայտարարեց Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի մեկնարկը: Մենք խորացրինք եւ ընդլայնեցինք մեր համագործակցությունը՝ անվտանգային հարցերի շուրջ եւ հայտարարեցինք խաղաղության եվրոպական գործիքակազմի՝ Հայաստանի մասնակցության մասին: Մեկնարկեցինք նաեւ վիզաների ազատականացման մասին երկխոսությունը, որը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի պահանջի ճամփորդել ԵՄ երկրներ»,-ի թիվս այլնի նշեց Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավարը:
Այլ ոլորտներից զատ՝ դեսպան Մարագոսն անդրադարձավ նաեւ մշակութային համագործակցությանը. «Մենք մեր համագործակցությունը մշակութային ոլորտում աքսելերացրել ենք եւ ներդրումներ ենք իրականացրել ստեղծարար ինդուստրիաների ոլորտում: Այսօրվա համերգը դրա ապացույցն է եւ վառ ցուցադրությունը մեր ընդլայնված համագործակցության»: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ շնորհակալություն հայտնեց Սերգեյ Սմբատյանին եւ նվագախմբին՝ ունկնդրին մշտապես որակյալ երաժշտություն մատուցելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ