Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավետիս» լարային քառյակը Մատենադարանի «բեմից»՝ Պավարոտիի անվան թատրոն

Հոկտեմբեր 17,2024 15:33

Երիտասարդ, բայց արդեն հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի հայաստանյան և արտերկրյա ակտիվ համերգային ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քառյակի դեբյուտը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնում (գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան):

Հոկտեմբերի 11-ին քառյակը ելույթ ունեցավ Մատենադարանում՝ յուրահատուկ ծրագրով: Փառատոնի այս տարվա ծրագրում հատուկ ուշադրություն է ընձեռված չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններին: «Ավետիս» լարային քառյակը ներկայացրեց «Իմ կյանքից» խորագրով համերգը՝ նվիրված Բեդրժիխ Սմետանայի 200-ամյակին: Հնչեցին Սմետանայի «Իմ կյանքի պատմությունից» թիվ 1 լարային կվարտետը և Անտոնին Դվորժակի «Ամերիկյան» կոչվող թիվ 12 լարային կվարտետը:

Նշենք նաև, որ մինչ համերգը, «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին և «Արարատ» բանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանին։ Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարերարներ, մշակութային և հասարակական գործիչներ, գործընկեր կառույցների ղեկավարներ:

Բացման արարողությանը հաջորդել է «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր կառույցների՝ Մատենադարանի աշխատակիցների վերականգնած նմուշները՝ ձեռագիր, կտավ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային այլ առարկաներ։ Երեկոյի եզրափակիչ ակորդը հանդիսացավ «Ավետիս» լարային քառյակի ելույթը:

 

Քառյակի առաջին ջութակահար Անուշ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեծ պատիվ է մեզ համար առաջին անգամ ելույթ ունենալ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, այն էլ նման պատմական և մշակութային օջախում՝ Մատենադարանում: Հայ հանդիսատեսի առջև նվագելը միշտ կրկնակի պատասխանատվություն է: Մեր գրեթե մեկամյա ակտիվ գործունեության ընթացքում Հայաստանում արդեն ունենք մեր մշտական և սիրելի ունկնդիրը, ովքեր սպասում են մեր համերգներին: Դա մեզ համար մեծ ուրախություն է: Մենք ինքներս էլ տեսնում ենք, որ աշխատանքային պրոցեսում ավելի ու ավելի լավ ենք իրար զգում: Բոլորս էլ ներգրավված ենք մենակատարի և նվագախմբային գործունեության մեջ, բայց քառյակով նվագելը մեր մեծ երաժշտական սերն է, որի շուրջ էլ համախմբվել ենք և քրտնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքները»:

Առաջիկայում «Ավետիս» լարային քառյակը ծավալուն համերգային և կրթական ծրագրերով հանդես կգա Հայաստանի մարզերում, դեկտեմբերին դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնեն համերգային ծրագիր՝ նվիրված ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ջութակահար Պետրոս Հայկազյանի 100-ամյակին, իսկ 2025-ին քառյակը ելույթներով կրկին հանդես կգա Իտալիայի Մանտուա քաղաքում կայացող «Տռամե Սոնորե» (Trame Sonore) միջազգային փառատոնում (նախորդ բեմելը 2024-ի մայիսին էր), ինչպես նաև առաջին անգամ հանդես կգա Մոդենայի Պավարոտիի անվան օպերային թատրոնում:

 

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031