Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն անդրադարձել է անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերին և հետաքրքրվել, թե խնդիրն ինչպե՞ս է կարգավորվել

Հոկտեմբեր 17,2024 15:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կփոփոխվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը։ Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերը անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի, դիմումատուն կկարողանա մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը։ Սա ոչ միայն արագացնում է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաև պարզեցնում է գործընթացը։

Նախագծով նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն։ Գործող օրենքը սահմանում է, որ եթե ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ /անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով/ և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 50000 և 150000 դրամ համապատասխանաբար 1000 դրամ և 25000 դրամի փոխարեն։ Ինչպես արդեն նշվեց, այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թ. և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկվում է չտարածել փախստականների, այս թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է նաև փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերին և հետաքրքրվել, թե խնդիրն ինչպե՞ս է կարգավորվել: ՆԳ նախարարը վստահեցրել է՝ հերթերը բավականին թեթևացել են, որոնք հիմնականում կապված են եղել ամառային սեզոնին հանգստի հետ:

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է՝ անձնագիր փոխելը չի կարելի թողնել վերջին պահին և կարելի է ժամանակ առ ժամանակ այդ մասին հիշեցնել քաղաքացիներին:

Վարչապետը հետաքրքրվել է նաև շրջիկ անձնագրային ծառայության գործունեությունից, ինչին ի պատասխան Վահե Ղազարյանը տեղեկացրել է՝ ստեղծվել է մեկ շրջիկ գրասենյակ և մոտ ժամանակներս այլ գրասենյակներ ևս կլինեն, որտեղ, բացի անձնագրային ծառայություններից,, հնարավոր կլինի նաև ստանալ զենքի թույլտվություն, վարորդական վկայական փոխել:

Կապահովվի Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը

Գործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։ Ըստ հիմնավորման, նպատակահարմար է համարվել Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել Իտալիայի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված և գործող «Սիստեմատիկա» ընկերությանը: Վերջինս, որպես խորհրդատու մասնակիորեն ներգրավված է եղել «ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության կողմից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքներում։ Ընկերության հետ բանակցվել է ծառայությունների շրջանակը՝ այն համաձայնեցնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս առաջադրանքի շրջանակում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որն էապես կօգնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը: «Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ է դարձել, որ նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմաները տրանսպորտային կապվածությունն է և շարժունակության հնարավորությունները»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի մաստեր պլան: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է 8 ամիս։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, այժմ կամաց-կամաց մտնում են ծրագրի իրականացման շրջափուլ: «Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար՝ որոշակի գրաֆիկով», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հավելել է՝ անհրաժեշտ է ունենալ հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաքի շրջանցիկ ճանապարհ։ «Իհարկե, կա նաև ռազմավարական պատկերացում: Ես հույս ունեմ, որ մենք կսկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ, հետագայում էլ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն», – ասել է վարչապետը:

Սահմանվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականը 

Կառավարությունը հաստատել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը: Ռազմավարությունը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը: Կապահովվի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ռազմավարության մշակման համատեքստում իրականացվել են ժողովրդագրական առկա վիճակի համապարփակ և համալիր վերլուծություն, ռազմավարության արդյունքային շրջանակի տեսլականի և ռազմավարական նպատակների և գործողությունների ծրագրի մշակում, իրականացված վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացում Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ: Ըստ նախարարի՝ ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ: Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերլուծության շրջանակում, մասնավորապես՝ կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն: «Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել. «Մենք իրականում ժողովրդագրության ռազմավարության շատ քննարկումներ ենք ունեցել: Իմ մասնակցությամբ առնվազն մի քանի քննարկում է եղել: Ուզում եմ կիսվել ձեզ հետ այս ռազմավարության շրջանակում իմ որոշակի պատկերացումների մասին, որովհետև կարծում եմ, որ ժողովրդագրական խնդիրները մի այնպիսի ծավալ ունեն, որ ուղիղ կամ անուղղակի կապվում են այս դահլիճում ներկա յուրաքանչյուր անձի գործունեության հետ»:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է «բարեկեցություն» հասկացության ճշգրտման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բարեկեցության մեջ մտնում է ոչ միայն նվազագույն պայմանների բավարարումը, այլ նաև նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը, առողջությունը և առողջապահությունը, կրթությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ժողովրդագրությունը բոլորիս հավաքական գործունեության մասին է և յուրաքանչյուրիս գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի՞, թե՞ ոչ: «Օրինակ՝ Իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, խաղաղության օրակարգը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, պետական ինստիտուտների կայացման ռազմավարությունը և հարցը, որ մենք պետք է կենտրոնանանք պետության և պետական ինստիտուտների կայացման վրա, մենք դա կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ»,- ասել է վարչապետը և հավելել, որ չկա այդպիսի ռազմավարություն, որը ժողովրդագրության մասին չէ:

Կառավարության ղեկավարը նշել է. «Մեր գործունեության շահառուն, մեր նպատակակետը մարդն է, և նրա ապրելու պայմաններն ու հնարավորությունները և իհարկե, աշխատելու ու ստեղծագործելու հնարավորությունները: Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում բնակվող մարդը այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդն ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչքան փող ուզում եք ծախսենք, հնարավոր չէ: Մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա, ինքը, իր երեխաները, իր թոռները, իր ծոռները կարող են այստեղ ապրել, աշխատել, կրթություն ստանալ, լինել բարեկեցիկ, լինել ազատ և ստեղծագործական հաճույք ստանալ կյանքից, աշխատանքից և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց: Եվ, ըստ էության, մենք այսօր հայեցակարգային մի փաստաթուղթ ենք ընդունում, որը հետագայում պետք է ճյուղավորվի՝ կապվելով մեր մնացած բոլոր ռազմավարություններին, որովհետև մեր բոլոր ռազմավարությունները նրա մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սերունդների կյանքը: Սա է մեր գործնական խնդիրը, որը մենք պիտի կարողանանք ապացուցել»:

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։

2025 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքում, մասնավորապես սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը. 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի: 2029 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։ Բացի այդ, սահմանվել է, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը

ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 3.535 մլրդ դրամ՝ ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, վերակառուցման, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կամուրջների հիմնանորոգման, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար: Որոշմամբ նախատեսված կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 4.4 կմ է, հիմնանորոգվում է 2 կամուրջ։

Ֆինանսական միջոցներ են նախատեսվել հետևյալ աշխատանքների համար՝ Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ճանապարհի շրջանցիկ 0.7 կմ երկարությամբ հատվածի կառուցում, Հ-58-ից դեպի Աճարկուտ և Աճարկուտից Կիրանց տանող 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցում, Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, Գեղանիստից դեպի Դարակերտ տանող ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի Դարբնիկ գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում:

 Կապահովվի ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը: Արդյունքում՝ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Մարզիչ-մանկավարժների պարապմունքները կհսկվեն տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:

Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի 

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել  Ճամբարակ համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ Ճամբարակը համայնքը չունի մշակույթի կենտրոն, որը սկզբնական շրջանում կծառայի որպես ազգային նվագարանների դասավանդման կենտրոն, հետագայում ընդլայնելով գործունեությունը, կիրականացվի մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ։ Մշակութային կենտրոնը ֆինանսավորվելու է համայնքային բյուջեից, ինչը կլուծի երեխաների արտադպրոցական կրթության կազմակերպումը, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր: Համայնքը նախատեսում է գույքի նվիրաբերությունը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում իրականացնել 15 մլն դրամի ներդրում՝ ընթացիկ վերանորոգման և գույքի պահպանության համար և 90 մլն դրամի ներդրում՝ մշակույթային կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։

Խրախուսվում են ներդրումային հերթական ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Չապ քեմիքլ» և «Սմարթ սիստեմ» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Չապ քեմիքլ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել օճառի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 20 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման և 70 մլն դրամի ներդրում արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 97 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.3 մլն դրամ:

«Սմարթ սիստեմ» ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է ՀՀ-ում զարգացնել և ընդլայնել էլեկտրական մեքենաների միջոցով փոխադրումների իրականացման հնարավորությունները՝ կատարելով էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 72 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 18 աշխատատեղ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 23-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.2 մլն դրամ:

Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի 

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող հողամասը և այն ամրացնել Լոռու մարզպետի աշխատակազմին՝ Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար։

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի, ապա այդ շենքի թվով 36 բնակարանների հատկացմամբ նույն հասցեում 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 2 հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծելու նպատակով: Որոշմամբ՝ հնարավորություն կտրվի համայնքի ղեկավարի կողմից ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տրամադրելուց հետո շենքը հանձնել շահագործման և իրականացնել բնակարանների բաշխումը: Կառավարությունը գումար կհատկացնի չափագրման ծառայությունը ձեռք բերելու համար: Արդյունքում, պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը:

Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ դեռևս 2016 թ.-ից «Էլիտ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը ներգրավվել է իր ֆինանսական միջոցները 33-րդ թաղամասում գույքերի օտարման գործընթացն ավարտելու նպատակով, կատարելով իր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ և «Էլիտ Հոլդինգ» ՍՊ ընկերության դիմումը և պատրաստակամությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու վերը նշված 19 միավոր գույքերի օտարման համար, առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել պայմանագիրը: Պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:

Գործադիրը հաստատել է Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը: Արդյունքում՝ նախատեսվում է շինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանության սահմանում։

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն ուղղված է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելուն: Նախագծի ընդունման նպատակն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաև պատասխանատվություն՝ հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031