«Նախագծի ամենակարևոր փոփոխությունը կարելի է համարել արագ արձագանքման բժշկական խմբի վերաբերյալ կարգավորումների սահմանումը։ Արտակարգ իրավիճակների ընթացքում ամբողջ աշխարհում գործում են արագ արձագանքման բժշկական խմբեր։ Մեր անցյալ փորձը ցույց է տալիս, որ բավականին ակտիվ ու արդյունավետ օգնություն են տրամադրում։ Մենք նման փորձառություն ունեցել ենք քովիդի ընթացքում, երբ տարբեր երկրներից ունեցանք նման օժանդակություն։ Անցյալ տարի հոկտեմբերին ենք ունեցել արագ արձագանքման խմբերի օգնություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում մեծ թվով այրվածքներով հիվանդներին»,-ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա ասաց, որ ամբողջ ծրագիրը պատրաստ է, թիմը գործելու է երկու մասով՝ բժշկական թիմ և լոգիստիկ մասնագետներ՝ ՆԳՆ անձնակազմից․ «Մի շարք աշխատանքներ իրականացվել են, ընտրվել մասնագետներ, որոնք տարբեր դասընթացների են մասնակցել։ Իհարկե, ձեր հաստատումն ենք խնդրում, որ հետագայում կարգավորումներով, կառավարության որոշմամբ սահմանենք»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց․ «Վերջին նախադասությունն ինձ զարմացրեց, թե որոշ մասնագետների ընտրություն կատարվել է, իսկ եթե ԱԺ-ն բացասական վերաբերմունք ցուցաբերի՞։ Ամեն դեպքում՝ ամեն ինչ ունի իր կատարման հերթականությունը։ Մինչև չստանալը ԱԺ համաձայնությունը, սկսել այդ գործառույթներն իրականացնել, գալ ու մեզ փաստի առաջ կանգնեցնել, թե ընդամենը ձեր համաձայնությունն է պետք, անընդունելի է»։
Կարդացեք նաև
Նաև բուռն քննարկման հարց դարձավ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկությունը, որով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների:
Լենա Նանուշյանն ասաց․ «Փորձում էինք պարտադիր սահմանել որոշակի դասընթացներ, մասնավորապես արտակարգ իրավիճակների ընթացքում բժշկական օգնության տրամադրումը և էթիկական կանոնները, որոնք հինգ տարվա ընթացքում բուժաշխատողները պետք է անցնեն։ Կետ ունենք, որ բուժաշխատողները ՇՄԶ իրենց կրեդիտները հավաքում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին, որը փոխհատուցվում է կառավարության կողմից»։
Արմենուհի Կյուրեղյանը նշեց․ «Դուք առաջարկում եք, որ ՇՄԶ դասընթացների թեմաները երկու մասի բաժանվեն՝ պարտադիր և կամավոր, բայց կառավարությունը սահմանում է պարտադիր ցանկ և ցանկի բոլոր թեմաները մասնագետը պետք է անցնի։ Նախկինում էլ ես ասել եմ, որ պետք է սահմանաչափ դրվի, հակառակ դեպքում կարող է մասնագետը տուժել՝ պարտադիրի մասնաբաժինը մեծացնելու ընթացքում։ Դեռ 2019-ին, երբ կառավարությունը կարգավորումներ է սահմանել, իմ մտահոգությունը եղել է այն, որ օրինակ՝ ավագ բուժաշխատողն առավելագույն 20 կրեդիտ, միջին բուժաշխատողը 15 կրեդիտ կարող է հավաքել մասնագիտական չհամարվող այլ թեմաներից։ Իմ հարցը սա է՝ ոչ մասնագիտականների վրա պետք է ծավալային առումով սահմանափակում դրվի։ Եթե ըստ մասնագիտության պարտադիր թեմաներ եք ասում, դա լրիվ ուրիշ բան է, որը չի երևում ձեր ձևակերպումներից։ Օրինակ՝ ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկների վերապատրաստման մասին եմ խոսում․ նրանք 2019-ից նման վերապատրաստումներ չեն անցել, բայց ամեն անգամ հանձնաժողովում ընտրվում են։ Իրենց չի պարտադրվում ՇՄԶ հավաքելիս դա ունենալ, իրենք էլ դա չեն անում, եթե կամավոր է, իրենք դա չեն անում։ Ոչ մասնագիտական 20/15 կրեդիտի պահանջը և նոր ավելացված պարտադիր թեմաներով դասընթացների թեմաների հարաբերակցություն լինելո՞ւ է։ Արդյունքում ստացվում է՝ մասնագիտական ինչքա՞ն մնաց։ Ո՞վ է ասել, որ որևէ բժիշկ չի օգտվելու այս հնարավորությունից։ Եթե ընդհանուր 220 կրեդիտից 20-ը թույլ ենք տվել բժիշկների ոչ մասնագիտական դասընթացներից ստանալ, մնացածից 30-40-ը բերում ենք պարտադիրի ցանկ, տակը մնում է 140-150։ Որևէ կերպ չենք փորձում համամասնություն ձևակերպե՞լ»։
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանի հնչեցրած հարցերի՝ ասաց․ «Անցյալ նիստին այս նույն հարցերը տվել եք, պատասխանները չեն բավարարել Ձեզ։ Եթե հարցը այլ ձևակերպմամբ եք տալիս, պատասխանը, միևնույն է, նույնն է։ Եթե բավարարված չեք, դեմ քվեարկեք»։
Արմենուհի Կյուրեղյանն ասաց՝ թողեք իր ասելիքն ասի Լենա Նանուշյանը։ Նարեկ Զեյնալյանն արձագանքեց․ «Ներողություն եմ խնդրում, բայց Դուք ինձ մի ասեք՝ ես երբ, որ հարցին արձագանքեմ»։ Արմենուհի Կյուրեղյանն էլ իր հերթին նշեց․ «Դուք էլ ինձ մի ասեք՝ ես երբ հարցնեմ, ում հարցնեմ, ինչպես հարցնեմ»։
Նարեկ Զեյնալյանն արձագանքեց․ «Ուրեմն սրանից հետո կաշխատենք խիստ ռեգլամենտով․ Ձեր՝ հարց տալու հնարավորությունները կսպառեք և այնուհետև հնարավորություն չեմ տա, որ բարձրախոսը միացնեք ու հարցնեք»։
Լենա Նանուշյանն էլ ասաց․ «Այս ՇՄԶ կրեդիտներ հավաքելու նպատակը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացում ապահովելն է, որ, օրինակ՝ սրտաբանը հինգ տարվա ընթացքում իր մասնագիտական դասընթացներին մասնակցի, որ ինքը որպես մասնագետ կարողանա նորագույն մեթոդներով բուժում անել։ Մեր նպատակը չէ 220 կրեդիտն ամբողջությամբ տրամադրել պարտադիր։ Կարող են լինել իրավիճակներ, որ այո, մենք կբարձրաձայնենք։ Դա գործընթացն է․ մենք միանձնյա որոշում չենք կայացնում։ Կառավարության որոշմամբ սահմանվելու է ցանկը, կարող է կարիք լինել, որ բարդ հիվանդությունները 25 կամ 40 կրեդիտանոց լինեն։ ՇՄԶ-ի նպատակը օրենքով ֆիքսված է․ մենք չեն կարող օրենքին հակառակ գնալ և 220 կրեդիտը վաղը սահմանել պարտադիր ՇՄԶ դասընթացներ»։
Նշենք, որ առաջին ընթերցմամբ ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ