«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան, եւ ես որեւէ մեկին նման զանգ չեմ արել։ Խնդրում եմ՝ հասցեատիրոջը փոխեք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն զանգել են, ինքը որեւէ մեկի համար զանգե՞լ է Քյարամյանին։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Գեղարքունիքում անվտանգային խնդիրներին։ «Թշնամու կողմից հայտարարություններ եթե լինում են, պաշտպանության նախարարությունն արձագանքում է դրանց։ Մարզում հանգիստ մթնոլորտ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանազատման մասին որեւէ տեղեկություն չունի։
Հարցին, թե հնարավո՞ր է Գեղարքունիքում էլ որոշ տարածքներ հանձնվեն թշնամուն, ինչպես Տավուշի մարզում դա տեղի ունեցավ, մարզպետը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ մաս որեւէ այլ պետությանը չի հանձնվում ու չի հանձնվել։ Մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով։ Ես վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք։ Մենք ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ, եւ վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ