«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, բայց այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային խարդավանքների եւ շահերի»,- այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հավելելով․ «Այո, այս պահին չհաջողեցինք կանգնեցնելու Կիրանց-Ոսկեպար հատվածի աղետը, բայց, կարծում եմ կանգնեցրեցինք այլ հատվածների, հանձնումը, այդ թվում նաեւ այսպես կոչված՝ անկլավների։ Նաեւ՝ Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարտադրանքը եւ սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի ստորագրումը, որը դեռ մայիսին էր նախատեսված»։
Սրբազանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը աճուրդի է հանել բոլորի ճակատագիրը, բայց իրեն չի հուզում ՔՊ-ի մեծ ու մանր չինովնիկների, կառավարության անդամների, իշխանամերձ եւ իշխանամեջ տարբեր գործիչների ճակատագիրը, նրանց մասին թող մտահոգվեն օտարերկրյա դեսպանատները եւ քաղաքական ապաստան տվողները։
«Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին՝ ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Ինձ հուզում են մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու ծավալները, որն անխուսափելիորեն բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, բոլոր ծավալներով եւ վայրագության աստիճաններով»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ իրեն հուզում է նաեւ թե քաղաքական անձը որքա՞ն սնանկություն, եսապաշտություն եւ համառ երեսպաշտություն պետք է ունենա, որ իր քաղաքական, պատմական, բարոյական սնանկությունը չգիտակցելով՝ կանգ չառնի եւ այդ ամենը «լղոզի սեփական ժողովրդի վրա»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար:
Սրբազանը դիմեց ՔՊ-ականներին ու կոչ արեց՝ դադար տալ, ներողություն խնդրել նախ իրենց զավակների եւ ընտանիքի աչքերի մեջ նայելով եւ պետությունը կործանողներից վերածվել պետությունը պահպանողների։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ