Բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող փախստականի կարգավիճակի ժամկետը երկարաձգվեց 1 տարով։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում փոփոխություն կատարեց 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշման մեջ։ Ըստ որոշման՝ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։
Ըստ այդմ՝ 070 ծածկագրով անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս շարունակում է արդիական մնալ, և դեռևս շարունակվում են վկայականի ստացման դիմումների ընդունումը, նախագծով նախատեսվում է N 1864-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ»,- նշված է կառավարության որոշման մեջ։
Նախատեսվել է նաեւ դրույթ, համաձայն որի՝ ժամանակավոր պաշտպանության վկայականի վավերականության ժամկետը նախատեսվում է նշել հատուկ համարանիշում՝ արագ արձագանքման կոդում, ինչը թույլ կտա ժամանակավոր պաշտպանության վկայականում ժամկետը երկարաձգել՝ առանց նոր վկայական տպագրելու, ինչն էլ կկրճատի ծախսերը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ