Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ են հիմնավորում». ՀԴՄ սպասարկող ընկերությունները կրկնակի թանկացրել են ծառայությունները. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2024 11:20

ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները թանկացրել են իրենց ծառայությունները, ընդ որում` 100 տոկոսով։ Եթե նախկինում յուրաքանչյուր տնտեսվարող ամսական սպասարկման համար նրանց վճարում էր մոտ 1800-2200 դրամ, ապա այսօր բոլոր ընկերությունները միանման գին են սահմանել՝ ամիսը 3500-3600 դրամ։ Այս մասին «Հրապարակին» ահազանգում են մանր ձեռնարկատերերը։

Առաջին հերթին հենց նրանք են տուժում թանկացումից, քանի որ նրանց շրջանառությունն ամենափոքրն է։ «Մեր թաղում կա սուպերմարկետ, նա էլ է վճարում ամսական 3 հազար 500 դրամ, իմ թոշակառու զոքանչն էլ, որը հազիվ է գալիս գործի, հագուստ է վաճառում, նա էլ պետք է տա 3 հազար 500։ Անարդար է։ Բացի դա, կան տնտեսվարողներ, որոնց պայմանագիրն անժամկետ է` նրանք 1800-ով կնքել են ու մինչեւ լուծարումն այդքան են վճարելու ՀԴՄ սպասարկման համար, մյուսները՝ 3500-3600 դրամ։ ՀԴՄ սպասարկող ընկերությունները նրանց հետ, որոնց պայմանագրերը լրացել են, 3 հազար 500-ով են պայմանագիր կապում, այսինքն՝ նախկինից 2 անգամ բարձր գնով։ Մեզ էլ են այդքան ասել՝ 3 հազար 500։ Պայմանագրում գրված է, որ իրենց ծառայությունների գինը կփոխվի, եթե երկրում բան փոխվի։ Բայց երկրում էական ոչինչ չի փոխվել, ինտերնետի գինը չի բարձրացել, ինչո՞վ են հիմնավորում սպասարկման արժեքի կրկնակի բարձրացումը»,- հարցնում է տնտեսվարողը։

Զանգահարեցինք ՀԴՄ սպասարկող մի քանի կենտրոն։ «ՀԴՄ ՇՏՐԻԽ» ՍՊԸ աշխատակիցը մեզ պատասխանեց, որ, այո, իրենց սպասարկման գինը 4-5 ամիս առաջ ավելացել է։

ՀԴՄ-ների սպասարկման «Իննթեք» կենտրոնն արդեն մի քանի ամիս է` ծանուցումներ է ուղարկում իր հաճախորդներին եւ դեռ չի ավարտել ծանուցման գործընթացը։

– Բայց միանգամից 100 տոկոսով գինը բարձրացնո՞ւմ են։

– Այս պահին բոլոր ընկերությունները գրեթե նույն շեմով են սպասարկում։

– Այսինքն՝ բոլորդ միասին պայմանավորվել եք նույն գնի՞ շուրջ։ Ո՞վ է որոշել։

– Ես չեմ կարող Ձեզ հետ այդքան մանրանալ, այդ հարցերը քննարկել

Արդյոք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղյա՞կ են տնտեսվարողների բողոքների մասին։ «Հանձնաժողովն իր ընթացակարգն ունի։ Փաստերն ու հաղորդումը փոխանցել եմ հանձնաժողովին։ Եթե խնդիր լինի, վարույթ կհարուցվի»,- մեզ վստահեցրեց ՄՊՀ մամուլի քարտուղարը, թեեւ ակնհայտ է, որ խնդիրը կա եւ նոր չէ։

Սյուզան Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031