Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք. Վիտալի Մանգասարյան. «Փաստ»

Հոկտեմբեր 17,2024 11:13

Արդեն քառասուն տարուց ավելի է, ինչ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ: Այս փուլում այն ավելի ակտիվ բնույթ է ստանում: Վերլուծելով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորության առկայությունը՝ այս մասին նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

«Իրանական փորձագիտական դաշտի վերլուծությունը վերջին տարիներին հանգում է հետևյալին՝ իրանական կողմին ստրատեգիական իմաստով ձեռք չէր տալիս արցախյան տարածքների անցումն Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո: Իրանը հասկանում է, որ այս մարտը պարտվել է ստրատեգիական իմաստով, և այդ է պատճառը, որ այս փուլում Սյունիքի հանդեպ իր դիրքորոշումները կոշտ է հայտարարում, չի ուզում այս մարտը ևս տանուլ տալ: Այս առումով կարևոր է հայկական կողմի դիրքորոշումը, առնվազն այս փուլում մեր և Իրանի պետական շահերի մեծ համընկնում կա, պետք է ճիշտ դիրքավորվենք ու հնարավորինս արդյունավետ աշխատենք, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած ստրատեգիական հարցերը հնարավորինս անվտանգ և արդյունավետ լուծել»,-հավելում է ռազմական հարցերի փորձագետը:

Հայաստանի շուրջ իրադարձությունների պակաս չկա, իսկ Հայաստանի իշխանությունները համաչա՞փ են արձագանքում առկա վտանգներին: «Համաչափության, իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած քարոզչական դաշտից, թե ինչ մեսիջներ են հղվում իշխանություններից: Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս իրավիճակում տարբեր երկրներում տարբեր կարևոր միջոցառումներին ընդառաջ կամ դրանցից հետո հեծանիվ ենք քշում. դա, մեղմ ասած, պրոբլեմատիկ է և անլրջության էլեմենտ: Կարևոր ամբիոնները չենք օգտագործում մեր առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման համար: Ոչ միայն կառավարությունը, իշխանությունը պետք է այս վտանգի լրջության աստիճանը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր, որպեսզի վտանգի դեպքում առնվազն անակնկալի չգան, ճիշտ կողմնորոշվեն, խուճապի չմատնվեն, իրավիճակն ավելի սթափ գնահատեն, որ կարողանանք ճգնաժամից դուրս գալ:

Շատ կարևոր է, որ մեր հասարակության տարբեր շերտեր վտանգի լրջությունն ու աստիճանը կարողանան գնահատել: Այս ամենը պետք է վերևից գա, բայց, ցավոք, չունենք այդ գիտակցումը: Տարածաշրջանում նախադեպեր են ստեղծվում, որ պետություններն իրար դեմ ոչ թե ցամաքային գործողություն են իրականացնում, այսինքն՝ փորձում են դիրք, բարձունք գրավել և այլն, այլ գործողություններ են իրականացնում բավականին խորքում գտնվող օբյեկտների նկատմամբ: Այս նախադեպերը շատ վտանգավոր են, և պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ անելու համար պարտադիր չէ, որ այս կամ այն դիրքի նկատմամբ դիվերսիոն գործողություն իրականացնի կամ փորձի այդ դիրքը գրավել և այլն, նա կարող է գործողությունների գնալ մեր բնակավայրերի խորքում գտնվող տարբեր օբյեկտների նկատմամբ, իսկ բնակավայրերի թե՛ ղեկավարները, թե՛ բնակիչներն առնվազն պետք է իմանան, թե նման սցենարների դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացնեն, որ հնարավորինս մեղմենք հետևանքները»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031