Փաստաբան Միհրան Պողոսյանին հարցրինք.
– Արգիշտի Քյարամյանի վարքագիծը շատերը կոչեցին խուլիգանական: Ի՞նչ տպավորություն ունեք Դուք:
– Մի քանի կարեւոր արձանագրում արեցի կատարվածից. ավտոներկրողների հետ կապված էր վեճը, գուցե Հովիկ Աղազարյանը չկարողացավ լավ բացատրել՝ ինչ է կատարվում, բայց իրականում տեղի է ունեցել հետեւյալը. պետությունը խաղի կանոններ է հայտարարել, մարդիկ օգտվել են այդ խաղի կանոնից, վերջում պետությունը որոշել է, որ խաղի կանոնները վերացնում է, եւ մարդիկ փորձում են այժմ ստանալ այն, ինչը պետությունը նախորդ խաղի կանոններով պարտավորված է անել: Տեսնելով, որ խնդիր է առաջանում, որոշել են մարդկանց կալանավորել, այսինքն` պատժում են նրանց, ովքեր պետությունից կփորձեն իրենց հասանելիք գումարը ստանալ: Ընդ որում` տվյալ ընթացակարգը հենց իշխանությունն է սահմանել: Աղազարյանը ճիշտ է ասում` կալանքն օգտագործվել է որպես ճնշման միջոց, որպեսզի մարդիկ հարկադրմամբ հրաժարվեն իրենց հասանելիքից, որոնք սահմանված են օրենքով: Հիմա սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ` պետության կողմից, քաղաքացիների նկատմամբ: Այդ բանավեճն արդյունքում դուրս եկավ իրավական ոլորտից եւ հայտնվեց ինձ համար ոչ ընդունելի դաշտում, բայց հաշվի առնելով, թե ընդհանուր պետական համակարգում ինչ է կատարվում, երեւի թե կատարվածը սովորական մի բան էր՝ հաշվի առնելով, թե ինչքան ավելի վատ իրադարձություններ են տեղի ունեցել: Խոսում էին տղամարդկությունից, բայց այդ լեքսիկոնի պարագայում անհասկանալի է, թե ինչ տղամարդկության մասին է խոսքը: Չգիտեմ, գուցե քաղաքականության մեջ սա արդեն նորմալ երեւույթ է: Այս ամենը զուտ փաստում է պետության չգոյության մասին: Պետական կառավարիչներն իրենց տեղում չեն: Պետությունը կառավարում են մարդիկ, ովքեր չպետք է լինեին նման բարձր հաստիքներում: Անձերը կարող են լինել չքնաղ, բայց երբ նայում ես՝ չորս կողմն այդ բառապաշարով են խոսում իրար հետ, դու չես կարող ընդդիմանալ դրան, իրենցից մեկը լինելու համար դու էլ պետք է դառնաս այդ խոսույթի կրողը: Ո՞վ ասաց, որ Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Վանեցյանի հայտնի ձայնագրությունն ավելի նորմալ է պետության համար, քան երեքշաբթի օրը տեղի ունեցածը: Ամեն անգամ, երբ մարսվում են նման դեպքերը, պետք է սպասենք ավելի վատին: Համակարգը բոլորին խժռում է, անգամ նրանց, ովքեր իրենց բնույթով այդպիսին են:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: