Նա գրեթե ամեն տարի գալիս ու շրջագայում է Հայաստանով մեկ: Չկա մի տարածաշրջան, որտեղ անհամբեր սպասում չլինի: Համաձայն սովորույթի ուժի՝ ներկայանում է գրքերի ծանրակշիռ կապոցը ուսած: Շուրջ 25 տարի: Կրթամշակութային օջախներին նվիրաբերած «ավարը» հստակեցված է. 17 000 գիրք: Իր անձնական միջոցներով հովանավորել է 32 հեղինակների, գրողների, երաժիշտների, բանասերների ու պատմաբանների, տպագել ավելի քան 101 գիրք: Վերջինիս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի «Մասոնությունը հայոց մեջ» ստվարածավալ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում, այնուհետեւ բարեգործը բաց դաս անցկացրեց բուհի լեփ-լեցուն լսարանում: Վանաձորյան այցերը շարունակվեցին 11-րդ ավարտական դպրոցում, եւ հայ գրականության դասական, անվանի արձակագրի տուն-թանգարանում. առաջին անգամ հայ ընթերցողների սեղանին դրվեց «Ստեփան Զորյանը ժամանակակիցների հուշերում» բացառիկ ժողովածուն:
20-օրյա հանդիպումների այսպիսի քարտեզն այս անգամ էլ ուշագրավ էր. Գիտությունների ազգային ակադեմիա, Բրյուսովի անվան համալսարան, Երեւանի հումանիտար պետական քոլեջ, Բազմաղբյուրի, Արմավիրի, Նալբանդյանի դպրոցներ… Հայ գրողների միության անդամը հեղինակ է բազմաբնույթ 34 գրքերի՝ մնայուն արժեքներից սկսած մինչեւ «թեթեւաքաշը», նրա՝ Աշխարհի տարբեր ազգերի կերակուրների ու միջազգային դասական երաժշտության համառոտ պատմությունները ընթերցվում են մի շնչով, ոտքի վրա: Իսկ օրեր առաջ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ նրա չորս գրքերի շնորհանդեսը, ներկաների մեջ էին պատմաբան Գեւորգ Յազըճեանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բախչինյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը եւ այլք…
Նրանք խոսեցին գրականագետ, հրատարակիչ, մատենագետ, թարգմանիչ եւ խմբագիր Յովսէփ Նալպանտեանի անցած ուղու, ազգային-հասարակական գործունեության ու նրա թողած եւ սպասվելիք ժառանգության մասին:
Այսօր նրա անունով են կոչվում Իջեւանի եվրոպական համալսարանի, Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի, Արարատ գյուղի Բոստանջյանի անվան դպրոցի գրադարանները:
Կարդացեք նաև
Միջոցառումից հետո գրքերի տպագրության, թվայնացման դժվարությունների, հեղինակային իրավունքների մասին զրուցեցի Յովսէփ Նալպանտեանի հետ: «Ինչից է սկսել» հարցիս, պատասխանում է. հիմնադրել է «Հովսէփ եւ Գառոլին Նալպանտեան» մատենաշարը, առաջին հայն է. ով սփյուռքում ստեղծել է հայ գրողների մատենաշար:
Նրանից տեղեկանում եմ գրքերի մասին, որոնք տպագրել է:
Պատկառելի ցանկը միայն եթե ներկայացնեմ մեր ընթերցողներին, էջը հավանաբար կավարտվի, բայց նշեմ դրանից մի քանիսը. Վազգէն Շուշանեան, «Ընտրանի» (Երեւան, 2010, 394 էջ, տպաքանակ՝ 500), Յովսէփ Նալպանտեան, «Ամերիկահայ գիրքի պատմութիւն. 1858- 2011» (մատենագիտութիւն: Լոս Անճելըս, 2011, 178 էջ, տպաքանակ՝ 300), Յովսէփ Նալպանտեան, «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն» (մատենագիտութիւն: Լոս Անճելըս, 2011, 71 էջ, տպաքանակ՝ 300), Ռուբէն Սաքապետոյեան, «Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան» (Երեւան, 2011, 380 էջ, տպաքանակ՝ 1000), Յովհաննէս Շիրազ, «Հայոց դանթէականը», (պոէմ, կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2011, 162 էջ), տպաքանակ՝ 500, Սամուէլ Մուրատեան, «Յովհաննէս Շիրազ. բանաստեղծը, մարդը» (Երեւան, 2012, 560 էջ, տպաքանակ՝ 1000), «Հայկական պատմուածքներ», հատոր Ա. (կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2016, 245 էջ, տպքանակ՝ 350), «Հայկական պատմուածքներ», հատոր Բ, (Լոս Անճելըս, 2017, 243 էջ, տպաքանակ՝ 350), պատմուածքների Գ. հատորը (2017, 299 էջ, տպաքանակ՝ 350), Յովհաննէս Շիրազ, «Անտիպ էջեր. գիրք Բ (խմբագիր՝ Սամուէլ Մուրատեան, Երեւան, 2019, 296 էջ, տպաքանակ` 500)…
Նրա թվարկած գրքերի ցանկում կային նաեւ ժամանակակից հեղինակների անուններ, որոնք ըստ էության անվճարունակ են, եւ չէին կարող հազարից ավելի տպաքանակով գրքերի մասին երազել: Հարցիս, թե բնակվելով արտերկրում, գտնվելով հեռավորության մեջ, ինչպես է հանձն առնում նրանց գրքերի տպագրությունը, եւ առհասարակ, հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին է կապը հեղինակների հետ, պարոն Նալպանտեանը պատասխանում է. «Մեր մատենաշարի հիմքը հետեւյալն է, հեղինակն ամեն բան պիտի պատրաստի, էջը լինի սրբագրված, նկարները որակյալ, մենք տպագրության եւ կազմի ծախսերն ենք հոգում», ապա նշում է, որ Հայաստանում չկա իր պես մեկը, ով իր անձնական գումարներով գոնե հինգ գիրք տպագրած լինի, իսկ ինքը արդեն 101-րդ գիրքն է տպագրել:
Յ. Նալպանտեանն իմ ժամանակակիցն է, նա 1989 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
«Երբ գնացի Հալեպ քաղաք, դժգոհություններ լսեցի սովետական հանրագիտարանների մասին, օտար բառեր շատ կային, մտածեցի, մեզ համար պետք է ունենանք արեւմտահայ բառարաններ: Այդտեղից սկսվեց իմ լուրջ աշխատանքը: Առաջին կնքահայրս պրոֆեսոր Ռաֆայել Իշխաննյանն էր, ով ասաց. «Հովսեփ տղա, եթե գնաս Սիրիա ու միայն ուսուցչությամբ զբաղվես, ես քեզի վերեւից կանիծեմ»: Ասաց, դու կարողություն ունես, հայրդ տպագրիչ է, պապդ՝ ազգային-հանրային գործիչ: Ասացի, նման ծրագիր արդեն ունեմ: Նա վեր կացավ տեղից, ճակատս համբուրեց, ապա դարակից հանեց կոնյակը…»: Նալպանտեանը տպագրիչ հոր՝ Կարապետ քահանայի մասին գրել էր «Կեանքիս շարունակուող շաւիղներ» հուշապատումների երկրորդ հատորում: Հոր տպարանի մասին ասում է, որ այն եղել է Հալեպի ամենանշանավոր տպարանը, փոքր «Վերնատուն», ժամը վեցից հետո գալիս էին նստում, քննարկումներ անում… Նշանավոր էր ոչ թե գրքերի քանակով, այլ այդ հավաքատեղիով…
Հարցնում եմ, թե արդյոք սիրելի դասախոսից՝ Ռաֆայել Իշխանյանից ունի՞ որեւէ գիրք տպագրած, վերահրատարակած, պատասխանում է. «Երբ եկա, նա մահացած էր, սիրով կվերահրատարակեմ, եթե ընտանիքի անդամներից դիմեն»:
Երբ պարոն Նալպանտեանը սկսել է զբաղվել մատենագիտությամբ, թվայնացման հեռանկարն անորոշ էր: Դրանք արվել են տքնաջան աշխատանքի շնորհիվ ու հարցիս, թե արդյոք իր գրքերը թվայնացված են, նա պատասխանում է, որ դիմել են իրեն ազգային գրադարանից, իսկ ինքն ասել է՝ սպասեք:
Ըստ զրուցակցիս՝ «Մատենագիտությունը գիտություն է, խստապահանջ կեցվածք պահանջող գիտություն է, երբեք կատարյալ չի կարող լինել»: Նա միակն է, որ իր ապրած երկրի մեջ հեղինակների մատենագիտությունն է արել: Ազգային գրադարանի համար Նալպանտեանի գրքերն աղբյուր են ծառայում, դրանք դեռ թվայնացված չեն:
Կան գրքեր, որոնք տպագրվել են դրսում, Հայաստան չեն հասել մինչ օրս:
Նալպանտեանը նշում է նման գրքերի մի տասնյակ շարք նույնպես, որոնց մեջ կան կուսակցական շարքային պարզ գործիչների, մասնավորապես՝ դաշնակցական գործիչներինը: Այդ գրքերը փոքր տպաքանակով էին, 50-100 օրինակ էին տպում, հուշեր, պատմվածքներ, իսկ սփյուռքահայ տասնվեց գրողների գրքերի մասին խոսելիս, ասում է՝ դրանք չկան անգամ Ազգային գրադարանում. «մեծ բացթողում է», դրանց մեջ՝ Թորոս Թորամանյան, Սիմոն Սիմոնյան, Բյուզանդ Թոփալյան, Հովիվյան…
«Հարցումնե՞ր եք արել սփյուռքի գրադարաններում, փնտրե՞լ եք» հարցիս, պատասխանում է դրական՝ «անշուշտ»:
Մեր զրույցը ժամուկես տեւեց, ու հարցիս, ի վերջո ծանրակշիռ գործ եք կատարում, աշխատակազմ ունե՞ք, պատասխանեց հումորով. «Ես եմ, Յովսէփը եւ Նալպանտեանը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ