Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիեւը մերժեցին

Հոկտեմբեր 17,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ է ոչ թե փաստաթուղթ, այլ` միջանցք` ռուսական վերահսկողությամբ

Ահա եւ վերջ: Իլհամ Ալիեւը պատասխանեց պաշտոնական Երեւանին եւ միջազգային հանրությանը. Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է, Ադրբեջանն անիրատեսական է համարում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։

Այսինքն, Բաքվի պատճառաբանությունը հետեւյալն է` խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարեւոր են եւ չեն կարող իրարից տարանջատվել, իսկ «չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին» մոտեցման առումով` Ալիեւի համար «նախադեպեր հայտնի չեն»։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել էր Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե խաղաղություն եւ շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, հայտարարել էր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ հասանելի։

Անկանխատեսելի՞ էր դեպքերի նման ընթացքը… Ամենեւին: Բազմիցս ասվել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման չի ձգտում, Ալիեւի ծրագրերի մեջ Հայաստանի հետ խաղաղության հաստատումն ուղղակի չկա:

Ավելին, որ դեպքերի նման ընթացքը սպասելի էր` հուշում են ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները:

Դեռեւս այս ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահը զգուշացրել էր Հայաստանին, ինչպես իրենք էին ձեւակերպել` վտանգավոր խաղերի մեջ չներքաշվել, չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները եւ «կապիտուլյացիան»։ «Մենք մեր ուզածին հասանք՝ առանց որեւէ մեկից վախենալու, որեւէ մեկին հաշվի չառնելով», – հայտարարել էր Ալիեւը Ջաբրայիլում` հավելելով. «Թող չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզնից ծնկաչոք ողորմություն աղաչում, ինչպես էին օրական տասն անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը։ Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Չմոռանան, որ նույնիսկ այդ աշխարհագրական պայմաններում մենք կարողացանք հասնել մեր ուզածին՝ արմատախիլ անելով անջատողականությունն ընդամենը մի քանի ժամում», – նշել էր Ալիեւը։

Մինչդեռ այս ելույթից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել էին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի մասնակցությամբ, խոստացել էին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ամենասեղմ ժամկետում Խաղաղության պայմանագիրը կնքելու համար։

Հոկտեմբերի սկզբին Ալիեւի նշյալ հայտարարությունից հետո հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն, շեշտելով, թե` «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից եւ գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ»: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունը, որում էլ Բաքվի պահվածքն էր տարակուսանք առաջացնող ներկայացվել: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ «պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարեւոր հարցեր են առաջացնում», եւ առանձնացրել էր դրանցից երկուսը. «Արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»: «Ցավալի է, որ Երեւանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», – հակադարձել էր Հաջիզադեն։

Ադրբեջանական ԱԳՆ խոսնակը նաեւ կասկածի տակ էր դրել Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին. «Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող եւ Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երեւանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»։

Վերջին շրջանում Բաքուն կենտրոնացած էր Հայաստանի սահմանադրության թեմայի վրա: Ադրբեջանից անընդմեջ կրկնում էին` Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։

Նմանատիպ բոլոր հայտարարություններից հետո պաշտոնական Երեւանն արձանագրում էր, որ Ադրբեջանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարեւոր հարցեր են առաջացնում՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից եւ խաղաղության օրակարգից:

Որքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ Հայաստանը որեւէ հարեւանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի, միեւնույն է, Բաքուն բռնել է` Հայաստանին ապակառուցողական կողմ ներկայացնելու գիծը ու առաջ է ընթանում այդ ուղղությամբ:

Ալիեւի` հոկտեմբերի 14-ի հայտարարությունից առաջ պաշտոնական Երեւանը նույն օրն, ավելի վաղ, հանդես էր եկել հերթական առաջարկով:

Թեեւ ճանապարհների ապաշրջափակման հարցը Երեւանն ու Բաքուն հանել են խաղաղության պայմանագրից, բայց դրա շուրջ քննարկումներն ու փոխադարձ մեղադրանքները չէին դադարում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում Հայաստանի արտգործնախարարությունը կրկին առաջարկեց Ադրբեջանին` «օր առաջ» սկսել ապաշրջափակման գործընթացը: Պաշտոնական Երեւանն առաջարկը հնչեցրել էր՝ պնդելով, որ ապաշրջափակման սկզբունքները թե՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե՛ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում նույնական են:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը եւ իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել եւ առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը», – նշել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Թե կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել ադրբեջանական կողմին, չէր գաղտնազերծվել, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից ակնհայտ էր, որ ապաշրջափակման հարցը կողմերը տրամագծորեն տարբեր կերպ են պատկերացնում:

Ի՞նչ է ստացվում: Պուտին-Ալիեւ վերջին երկու ամիսների շփումներից հետո Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը, եւ կարելի է ասել` տանում է իրավիճակը հստակ դեպի լարում: Սա Ալիեւի ու Պուտինի պատասխանն է Երեւանին ու Արեւմուտքին, թե` հնարավոր է շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք համաձայնեցված են:

Նման զարգացումները հուշում են, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ապագայում կտեղափոխվեն ռուսական հովանու ներքո: Իսկ թե ինչի է ձգտում ռուսական կողմը, նրանք այդ մասին անթաքույց խոսում են արդեն ամռանից:

Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ է ոչ թե փաստաթուղթ` համաձայնեցված հարցերի շուրջ, այլ միջանցք` ռուսական վերահսկողությամբ: Չէ՞ որ արդեն գոյություն ունի մեկ «համաձայնեցված» փաստաթուղթ, որի որեւէ կետ չի իրագործվել, սակայն ստորագրող կողմերից առնվազն երկուսին դա երբեք չի էլ անհանգստացրել: Հետեւաբար, Բաքուն ինչո՞ւ պետք է ստորագրի նոր փաստաթուղթ, եթե իրականում Ադրբեջանում ունեն բոլորովին այլ ծրագրեր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ վերլուծություն:
    Միայն մեկ թույլ պահ` Դուք մատնացույց եք անում ալիևի խոսքի կոշտացումը պուտինի հետ հանդիպումներից հետո: Այո, դա շատ էական է: Սակայն չեք արժեքավորում այն որ նրա այս ամսվա սկզբի ելույթից ‘ուղիղ մեկ շաբաթ առաջ’ արտգործնախարարները Ա. Բլինքենի ներկայությամբ քննարկումներ են ունեցել:
    Ի՞նչ է ասել Ա. Բլինքենը տարածաշրջանում իր շահերի մասին: Արդյո՞ք ալիևի խրոխտանալը հիմնականում չի գալիս ‘հեռվից’:
    Այո, պուտինը ունի շահեր ու գործում է: Հայտնի է, որ նրա շահը Սյունիքի հանձնումն է թուրքերին (ինչը ստալինը ռիսկ չարեց անել): Բլինքենի շահը տարածաշրջանը Իրանի դեմ պլացդարմ դարձնելն է: Մեր դեմը ճանաչելի չորս հրեշ կա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031