Սիսիան քաղաքի Պարույր Սեւակ փողոցի տան բակում հոկտեմբերի 10-ին բացվեց արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Վրեժ Սեյրանի Պողոսյանի հուշաղբյուրը
Վրեժ Պողոսյանը ծնվել է 1992 թվականի հուլիս 1-ին, Սիսիանի շրջանի Ույծ գյուղում: Սովորել է Ույծի միջնակարգ դպրոցում: 2000 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղ, որտեղ էլ Վրեժը շարունակել է դպրոցական կրթությունը: 2009-ին, ավարտելով դպրոցը, ընդունվել է Արցախի պետական համալսարանի նախազորակոչային եւ զինվորական պատրաստություն բաժին: 2010-2012 թթ.-ին ծառայել է Ջաբրայիլի զորամասում, ստացել ավագ սերժանտի կոչում: Զորացրվելուց հետո ծառայել է փրկարար ծառայությունում, ստացել ենթասպայի կոչում: 2016-ին մասնակցել է քառօրյա պատերազմին, արժանացել «Մարտական ծառայության» մեդալի: 2017 թ.-ին ծառայել է Վազգեն Սարգսյանի համալսարանում որպես դասակի հրամանատր, ստացել լեյտենանտի կոչում: 2019 թ.-ին աշխատել է Իշխանաձորի միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ: 2019-ին ծառայության է անցել Նորավանի զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ծառայությանը զուգահեռ` վեցամսյա կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2020-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին, քաջաբար կռվել եւ ընկել հերոսաբար:
«Հուշաղբյուրը, որը մենք ձեզ հետ բացում ենք, կենդանի հիշողություն է: Եվ այդ կենդանությունն է, որ մեզ հույս է տալիս եւ ապրեցնում է, որովհետեւ մենք, որպես քրիստոնյա, հավատում ենք, որ մարդը չի ավարտում իր կյանքը` անցնելով այս երկրային ուղին, այլ շարունակվում է, եւ այդ իսկ պատճառով, դեռեւս չորրորդ դարից մեր եկեղեցին սրբադասման է արժանացրել մեր նահատակ զինվորներին, ովքեր իրենց արյունը տվել են մեր հայրենիքի համար, որովհետեւ Տերը ասաց` ավելի մեծ սեր չկա, քան, եթե մարդը իր կյանքը տա իր ընկերների համար: Եվ Վրեժի կյանքը դրա վառ օրինակն է, այն մեծ սիրո օրինակը, որ ունեցել է նա եւ որը մեզ փոխանցելու պատգամ ունի այսօր»,-ասաց Տեր Դավիթ Գիշյանը, հավելելով, որ հուշաղբյուրի բացման արարողությունը ոչ թե սգի, այլ հույսի եւ հիշողության վկայություն է, այն հիշողության, որ անհրաժեշտ է մեզ` մեր կյանքը ճիշտ եւ հստակ ապրելու համար:
Հուշաղբյուրի բացման ժապավենը կտրեցին Վրեժի քույրն ու եղբայրը` Մ. եւ Արեւիկ Պողոսյանները, ում համար իրենց ավագ եղբայրը եղել է հայրենանվիրումի, քաջապատումի, զինականի լավագույն օրինակը, ու շարունակում է մնալ նաեւ նրա` անմահությունից հետո:
Կարդացեք նաև
Ույծի վարչական ղեկավար Ջեւլիետա Մուրադյանը բոլոր ույծեցիների անունից խորին երախտագիտություն հայտնեց Պողոսյանների ընտանիքին` Վրեժի նման հերոս զավակ սնել, դաստիարակելու համար, ով թեեւ այդպես էլ չհասցրեց հայրենի ծննդավայրում կառուցել իր երազանքի մեծ տունը, բայց այնտեղ` երկնքում կառուցեց իր անմահության հավերժատունը, դառնալով հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների անպարտ բանակի մի կենդանի հիմնաքարը:
Հուշաղբյուրի օծման կարգը կատարեց Սյունյաց թեմի Որոտնավանքի քահանա Տեր Դավիթ Գիշյանը` իր սրտաբուխ եւ ոգեկոչ աղոթքով, հայրանյաց նահատակի հուշաղբյուրի բացման խորհրդի մեկնությամբ թե Պողոսյան ընտանիքի, թե մեր ազգի համար, մասնավորաբար նշելով, որ հուշաղբյուրը կենդանի հիշողություն է, եւ յուրաքանչյուր մարդ, ով ամեն անգամ անցնելիս ջուր կառնի այդ հուշաղբյուրից` հագեցնելու իր ծարավը, մասնակից կդառնա այն հիշողության, կկրի մի մասնիկ այն ցավի, որ ապրել ենք ու դեռ ապրում ենք, իսկ կյանք տվող ջրի զորությունը պիտի հիշեցնի կյանքի շարունակությունը եւ ապրելու անկորնչելի ընթացքը:
Հուշաղբյուրի բացմանը իրենց ոգեկոչման եւ ոգեպնդման, երախտագիտության եւ շնորհապարտության խոսքն ասացին Ույծի դպրոցի սաները` ի հավաստումն, որ Վրեժը հավերժ ներկա է թե իրենց դպրոցի, թե համայնքի եւ թե հայոց պատմության հերոսամատյանում:
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
Հ.Գ. Վրեժ Պողոսյանի հուշաղբյուրից մի քանի մետր վերեւ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, ժամեկտային զինծառայող, դեռ պատանի Վարդան Հովհաննիսյանի հուշաղբյուրն է, որ բացվեց երկու տարի առաջ: Վերադառնում են տղերքը, վերադառնում են որպես հուշաղբյուր, որպես` խաչքար, որպես վկայարան ու տարեգրություն, որպես գիրք ու հերոսապատումի էջ, որպես մերժում` կորցրածի եւ որպես հաստատում` ցավի փորձության: Պարույր Սեւակ փողոցի` ծնողների գնած նոր տան բակում Վրեժն էլ վերադարձավ` հայոց օրհներգի հնչյունների, եռագույնի փողփողումի եւ Տերունական աղոթքի մրմունջների ներքո, հանուն որոնց կռվեց ու անմահացավ, վերադարձավ, որ մնա, որ անվերջ վերադարձի սպասումով լցնի հետագա մի ողջ կյանք, որ պիտի կոչվի` Վրեժից հետո… Վրեժը վերադարձավ որպես վրեժ, որպես չհատուցված պարտք, որպես չպարտված զինվոր, որպես կենաց ջուր, որ մշտարթուն պահի մեր հատուցումի եւ վրեժի աչքը, որ զգոն պահի մեր` վրիժառուի միտքը եւ հայրենիքին տեր լինելու անկորնչելի պատգամը:
«Առավոտ» օրաթերթ
16.10.2024