Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Հայաստանի Հանրապետությունը ինտենսիվ ներգրավված է պրոցեսների մեջ, որոնք մեծ հաշվով լավ բանի մասին չեն խոսում»

Հոկտեմբեր 16,2024 23:35

«Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան եթերում խոսել է իշխանությունների նոր գաղտնի բանակցությունների եւ Հայաստանի համար դրանց կործանարար հետեւանքների մասին:

«Արդեն մեկ ամիսը լրանում է, որ վարչապետը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից 13-ը համաձայնեցված են: Եվ Ադրբեջանին առաջարկվեց, որ այդ 13-ով եկեք կնքենք խաղաղության պայմանագիր, որովհետեւ այն չորս կետերը շատ բարդ է բանակցելը եւ ժամանակ է տանում:

Դրանից հետո կարծիք արտահայտել եմ, խոսել եմ դրա մասին, ասել, որ անհնար է, որ Ադրբեջանը համաձայնի: Չեն համաձայնվելու, որովհետեւ եթե ամեն բան համաձայնեցված չէ, նշանակում է՝ ոչինչ համաձայնեցված չէ: Ալիեւը ասաց, որ դա լուրջ է, դա կիսատ որոշում է, իրենք չեն կարող դա անել: Եվ պրոցեսները շարունակվեցին:

Վերջին շրջանում բազմաթիվ զարգացումներ կան: Մոտավորապես երկու-երեք օրվա բաներ եմ ես հիմա ասելու՝ շատ թարմ, որը մեր մամուլում չի քննարկվում, այդ կոնտենտը որպես այդպիսին չկա: Ուղղակի կա, որ Երեւանի քաղաքապետարանում իրար են ծեծում, խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմության փոխարեն հաշվետվություն է պահանջում իրավապահ համակարգից, իսկ ընդդիմությունը իր նկատմամբ հարուցված քրեական գործերն է քննարկում:

Հիմա ասեմ, թե ինչ է տեղի ունենում: ԱԺ նախագահը Ժնեւում երեկ հայտարարել է, որ ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն խաղաղության պայմանագրի 16 կետեր համաձայնեցված են: Մնացել է չհամաձայնեցված միայն մեկ կետ: Եվ ասում է, թե շատ մոտ ենք, բան չի մնացել, կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը: Այսինքն, այն բարդ բանակցելի չորս կետերից երեքն արդեն համաձայնեցվել են:

Ո՞նց են համաձայնեցվել, ի­նչ է եղել, որ համաձայնեցվել են: Մենք գիտենք, որ բանակցություններ չեն եղել, բանակցությունների վերաբերյալ հանդիպումներ չեն եղել Փաշինյանի եւ Ալիեւի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ: Այս երեք-չորս օրվա մեջ ոչ մի բան չի եղել եւ անդադար ասվել է, որ չորս կետ համաձայնեցված չէ: Մեկ էլ Ալեն Սիմոնյանն ասում է, որ երեքն էլ համաձայնեցվեց:

Մի քանի գիշեր է անցել եւ հարց չկա մեդիայում, մամուլում, թե ո­՞նց եղավ, ո՞նց բանակցեցին, այդ ի՞նչ հարցեր են, Հայաստանն ի՞նչ զիջումներ է արել, ո՞նց ստացվեց, որ այդ համաձայնությունը ձեռք բերվեց:

Միեւնույն ժամանակ, հենց նույն պահին տեղի է ունենում մեկ այլ համաժողով՝ «Ֆորում 2000»՝ Պրահայում, որտեղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է մասնակցում եւ ասում է, որ մնացած չորս կետերը շատ բարդ հարցեր են, երկար ժամանակ կտանի որ դրանք բանակցենք, եւ հետեւաբար, առաջարկում է 13 կետերով կնքել խաղաղության պայմանագիր:

Այսինքն, երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նույն պահին, նույն ժամանակաշրջանում երկու տարբեր միջազգային պլատֆորմներում տարբեր բան են ասում:

Հենց այդ նույն պահին, նույն ժամանակաշրջանում Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հանդիպում է Թուրքիայի տրանսպորտի նախարարին: Թե ինչ են քննարկել, չգիտենք ոչ մեկս: Բայց գիտենք մի բան, որ իշխանության տարբեր կողմնակիցներ, որոնք ընդդիմություն են հռչակել իրենց, տարբեր եթերներում ասում են, որ մենք կողմ ենք միջին միջանցքին, որը Թուրքիան է ուզում, այդ միջին միջանցքը պետք է օգտագործել, բայց այ, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն ուզում այդ միջին միջանցքը: Դուրս է գալիս, որ Թուրքիայի հետ առանձին բանակցություններ կան միջին միջանցքի վերաբերյալ:

Այստեղ նաեւ գումարվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի այն հարցազրույցը, որ դեռ տարեսկզբին Հայաստանի Հանրապետությունը առաջարկություններ է ուղարկել հեշտացված, պարզեցված կարգով ճանապարհ տալու Ադրբեջանին, սակայն դեռ պատասխան չի ստացել: Սպասում են: Եվ հենց նույն օրը, երբ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հայտարարում է, որ վերջ, արդեն 16 կետերը բանակցված են,  հանդիպում են Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահները եւ խոսում են Զանգեզուրի միջանցքից: Եվ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մերժում է հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ:

Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ ինտենսիվ են պրոցեսները զարգանում, ի՞նչ ինտենսիվությամբ ՀՀ-ն ներգրավված է պրոցեսների մեջ, որոնք մեծ հաշվով լավ բանի մասին չեն խոսում: Մենք չգիտենք, թե ինչ զիջումներ են արվել, որ այդ երեք կետերը համաձայնեցված են, ինչպես են համաձայնեցվել, որ ԱԽ քարտուղարը տեղյակ չի, բայց ԱԺ նախագահը տեղյակ է, այդ ինչ պարզեցված ճանապարհ ենք տալիս Ադրբեջանին այն դեպքում, որ չենք ուզում Լաչինի միջանցքը, չենք ուզում Գորիս-Կապան ճանապարհը, չենք պահանջում ԼՂ ժողովրդի վերադարձը: Ոչ մի բան չենք ուզում, բայց միակողմանի պարզեցված ճանապարհ ենք տալիս Ադրբեջանին: Ու դա անում ենք Թուրքիայի տեսլականի, այդ միջին միջանցքի համատեքստում, որին մենք կողմ ենք խոսում, եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ նույնպես վարչապետը կողմ խոսեց: Դրան գումարենք, որ վարչապետն ասաց, որ ռուսները կարող են ունենալ մոնիթորինգի լիազորություն, կամ դրան նման մի բան:

Շատ լավ, այդ մոնիթորինգը ինչի՞ համար ենք ռուսներին տալիս, եթե ռուսներից չենք պահանջում իրենց զորքերով մտնեն Լեռնային Ղարաբաղ եւ ժողովրդին հետ տանեն, ինչի՞ դիմաց այդ մոնիթորինգը պետք է տրվեր, եթե դա մոնիթորինգ է: Հասկանում ե՞ք, թե երեք օրվա մեջ ինչեր է տեղի ունենում:

Ելույթս ամփոփեմ նրանով, որ արդեն վերջին մի շաբաթվա մեջ բարձրաստիճան մի շարք պաշտոնական անձինք գուժել են սպասվող պատերազմի էսկալացիայի մասին»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031