Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահներ` Լուսինե Հակոբյանի և Սիմո Տիայնենի ղեկավարությամբ Բրյուսելում տեղի ունեցավ պլատֆորմի 5-րդ նիստը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչներ, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Հայաստանի և Եվրոպական միության հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ։
Նիստին ելույթով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը, ով կարևորեց քաղհասարակության դերակատարությունը Հայաստան – Եվրամիություն գործընկերության առաջմղման գործընթացում։ Դեսպան Բալայանն անդրադարձավ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին արձանագրված ձեռքբերումներին և ԵՄ հետ փոխգործակցությունը խորացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին։
Տիգրան Բալայանը նիստի մասնակիցներին ներկայացրեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի հետևողական ջանքերն՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերների կողմից սկզբունքային դիրքորոշում որդեգրելու պարագայում հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրմանը և Բաքվում ապօրինի պահվող հայազգի պատանդների ազատ արձակմանը։
ԵՄ պաշտոնյաները, միջոցառմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական գնահատեցին Հայաստանում բարեփոխումների ընթացքը և վստահեցրեցին, որ իրենց կառույցները շարունակելու են հետևողական լինել բարձրացված հարցերի լուծման գործում։
Կարդացեք նաև
ԵՄ-ում ՀՀ առաքելություն