ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Գիտության ոլորտում համագործակցության համատեքստում Հայաստանի և Ղազախստանի նախարարները քննարկել են կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի, քիմիական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում սահմանված նպատակներին ու թիրախներին:
Անդրադառնալով բուհերի միջազգայնացման, բարձրագույն կրթության և գիտության կապի առավել սերտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն մի շարք բուհեր:
Նրա խոսքով՝ նախատեսվում են նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապերի ընդլայնում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Ղազախստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն