Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից

Հոկտեմբեր 16,2024 21:45

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանդիպելով խորհրդարանում հավատարմագրված՝ «Ժողովուրդ» թերթի և Armlur.am կայքի թղթակից Քնար Մանուկյանին և դժգոհություն հայտնելով իր հետ վերջինիս հրապարակած հարցազրույցի առնչությամբ, վիրավորել է նրան։ Ըստ լրագրողի՝ պատգամավորը նրան անվանել է «սրիկա», «զզվելի» և ատելության խոսք արտահայտել՝ «պարսիկ, պարսկուհուց էլ վատն ես» (դժվար է պատկերացնել, թե նա ինչ է նկատի ունեցել այս տարօրինակ արտահայտությամբ)։

Նույն օրը Հովիկ Աղազարյանը հերքել է, որ գործածել է «պարսիկ» բառը, սակայն միջադեպին ականատես են եղել այլ ԶԼՄ-ների թղթակիցներ, և մասնավորապես News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանը հաստատել է, որ պատգամավորը օգտագործել է այդ խոսքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում ենք իշխող խմբակցության պատգամավորի այս անվայելուչ պահվածքը։ Արձանագրում ենք, որ սա ընդամենը մեկ դրվագ է ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև բազմաթիվ կոնֆլիկտների, անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքների դեպքերից։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովում, որի ստեղծումն ու գործունեությունն անհասկանալի պատճառներով իրականություն չի դառնում։

Ինչ վերաբերում է նշյալ միջադեպին, ապա պահանջում ենք․

– պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ,

– «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ գնահատական տալ Հովիկ Աղազարյանի պահվածքին և տեղեկացնել հանրությանն այդ մասին,

– ԱԺ ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու, իսկ ծագող կոնֆլիկտներն էթիկայի հանձնաժողովում քննելու և հետևություններ անելու ուղղությամբ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031