Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովա. Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածում

Հոկտեմբեր 16,2024 20:45

News.am. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հիշեցրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նման կերպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է՝ «Զանգեզուրի միջանցքի ապագա ռեժիմի վերաբերյալ հայկական կողմի հակասական հայտարարությունների շուրջ» ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին:

Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը, անհասկանալի պատճառով, այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային անցակետի անվտանգությունը ռուս սահմանապահների կողմից հայկական կողմին փոխանցելու հետ։ «Գիտեք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար ինչ անում ենք հնարավորը»,- նշել է Մարիա Զախարովան։

Այնուհետեւ, Զախարովան անցել է ՆԱՏՕ-ի ակտիվության թեմային: ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությունը, լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ, հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման ևս մեկ ասպարեզի, տարածաշրջանի երկրներին իրար դեմ հանել, հետո ինչ-որ կերպ կորզել սեփական օգուտը, նշել է նա` պատասխանելով Արևմուտքի հետ Բաքվի սերտ համագործակցության և Ուկրաինային աջակցության մասին հայ լրագրողի հարցին։ «Մենք պատասխանել ենք հարցին և ակտիվորեն խոսել ՆԱՏՕ-ի և ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի գործունեության ապակառուցողական բնույթի մասին՝ որպես մեզ կցված՝ պարբերաբար ամենուր կործանարար կառույցի, բայց հիմա արդեն նաև Հարավային Կովկասում։ Այս բոլոր գնահատականները դեռևս արդիական են։ Որտեղ էլ հայտնվում է այդ ագրեսիվ դաշինքը, գծվում են նոր բաժանարար գծեր, պարտադրվում է առճակատման օրակարգ, և ամենակոպիտ ձևով տեղի է ունենում միջամտություն ինքնիշխան երկրների ներքին գործերին»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ այս տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն տարածաշրջանի երկրները։

«Ուրբաթ անցկացվելիք ձևաչափով հանդիպումը Թուրքիայում` դրա հնարավորության հիանալի հաստատումն է։ Կան նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ մեխանիզմներ։ Այդ ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Ինձ թվում է՝ մեզ լսում են ու հասկանում։ Ուրիշ բան, որ, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ բավականին դժվար է հակաճառել Արևմուտքին, եթե դու գոնե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ և անկախությունդ դրել խաղադրույքի վրա»,- հավելել է նա։

Ռուսական կողմը «3+3» հարթակի ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային խմբերի ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հնարավորություն, նշել է Մարիա Զախարովան։

Զախարովան հաստատել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը, որում, Ռուսաստանի Դաշնությունից բացի, ինչպես նշել է խոսնակը, ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան։

«Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ այս հանդիպման շրջանակում Սերգեյ Լավրովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031