Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում առաջին ատյանի դատարանների արդյունավետությունը նվազել է վարչական գործերով, աճել՝ քրեական գործերով, Վճռաբեկ դատարանի աշխատանքը մնում է զգալիորեն ավելի արդյունավետ»․ ԱԱԵՀ զեկույց

Հոկտեմբեր 16,2024 17:29

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով (ԱԱԵՀ) հրապարակել է զեկույց, որում գնահատվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) 44 անդամ երկրների իրավական համակարգը։ Գնահատումը հիմնված է 2022-ի տվյալների վրա, ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արդարադատությանը հատկացվող բյուջեն, արդարադատության ոլորտի մասնագետները, դատարանների հասանելիությունը, դատարանների արդյունավետությունը և արդարադատության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումը:

Զեկույցը պարունակում է եվրոպական արդարադատության համակարգերի հիմնական հատկանիշների վերլուծություն, յուրաքանչյուր երկրի համար արդարադատության հիմնական ցուցանիշները ներկայացնող փաստաթղթեր և ինտերակտիվ տվյալների բազա, նպատակ ունի քաղաքականություն մշակողներին և արդարադատության մասնագետներին տրամադրել գործնական և մանրամասն գործիքներ՝ օգնելու նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում արդարադատությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ բարելավելու դրա արդյունավետությունն ու որակը:

Ըստ զեկույցի՝  ՀՀ-ի դատական ​​համակարգին հատկացվող բյուջեն կազմել է 50 586 401 եվրո՝ մեկ բնակչի համար 17 եվրո, որը, ըստ զեկույցի՝ նկատելիորեն ավելի քիչ է, քան ԵԽ միջինը, սակայն 2020-ի համեմատ 63 տոկոսով աճ է գրանցվել։

Արդյունավետության ցուցանիշների հետ կապված զեկույցում նշված է․ «Գործերի՝ դատարանի վարույթում գտնվելու ամենաերկար ժամանակահատվածը ՀՀ-ում գրանցվել է վարչական գործերով, որը բարձր է ԵԽ միջինից, սա նշանակում է, որ վարչական տիրույթն, ընդհանուր առմամբ, ամենաքիչ արդյունավետն է: Առաջին ատյանում դատարանների արդյունավետությունը նվազել է քաղաքացիական և առևտրային ոլորտներում դատական ​​և վարչական գործերով, մինչդեռ արդյունավետության աճ է նկատվում քրեական գործերով՝ ի հակադրություն 2020-ի։ Վճռաբեկ դատարանի աշխատանքը մնում է զգալիորեն ավելի արդյունավետ, քան մյուս ատյանների»։

2020-ի հետ համեմատած՝ 2022-ի տվյալներով՝ դատական համակարգի բյուջետային հատկացումներն ամենաշատն աճել են Ադրբեջանում, Վրաստանում և Կիպրոսում։ Ադրբեջանում դատական համակարգում բյուջետային աճը գրանցվել է դատարաններին բյուջետային հատկացումների և իրավաբանական օգնության հաշվին։ Ավելի քիչ տոկոս են կազմում դատախազական ծառայություններին հատկացումները։

Ըստ զեկույցի՝ բոլոր երկրներում 2020-2022-ին ընդհանուր միտում է դատարաններին բյուջետային հատկացումների աճը։ Ամենամեծ աճը՝ եվրոյով հաշվարկված, գրանցվել է ՀՀ-ում (+51%), Ադրբեջանում (+74%) և Վրաստանում (+85%)։

2022 թվականին Ադրբեջանը զգալիորեն գերազանցել է ներդրումների միջինը դատարանների համակարգչայնացման հարցում (դատարանին հատկացվող բյուջեի 26%-ը)․ իրականացվում են ՏՀՏ-ների ներդրմամբ բազմաթիվ նախագծեր։

Զեկույցում նաև ամրագրված է, որ դատական վեճերի լուծման արդյունավետ տարբերակ է նաև արբիտրաժը, որը հասանելի է Իսրայելում և ԵԽ բոլոր անդամ պետություններում՝ բացառությամբ Ադրբեջանի։

Զեկույցում դիտարկվել է նաև դատավորների միջին համախառն աշխատավարձը 2022 թվականի միջին համախառն ազգային աշխատավարձի նկատմամբ։

Ըստ զեկույցի՝ բոլոր անդամ պետություններում և կազմակերպություններում՝ դատավորների աշխատավարձը նրանց կարիերայի սկզբում 2,5 անգամ գերազանցում է միջին ազգային ​աշխատավարձին, իսկ բարձրագույն մակարդակում՝ 4,9 անգամ։ Կարիերայի սկզբում ՀՀ-ում դատավորների աշխատավարձերը ազգային միջին աշխատավարձի համեմատ բարձր է 3,9 անգամ Ադրբեջանում 6,8 անգամ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցում 2,9 անգամը։ Իսկ ավելի բարձր ատյաններում եվրոպական միջինով դատավորի աշխատավարձն ազգային միջին աշխատավարձից տարբերվում է 2.5- 6.5 անգամ, ՀՀ-ում այդ ցուցանիշը 8,6 անգամ է, Վրաստանում՝ 7,2, Ադրբեջանում՝ 9,2։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031