Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երեկ երկու հայտարարությամբ տրաքացվեց Նիկոլ Փաշինյանի արդար դատական համակարգի ամբողջ միֆը»

Հոկտեմբեր 16,2024 17:17

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Ազգային ժողովում կատարված սկանդալային իրադարձություններին՝ դրանք բնորոշեց նիկոլյան ժամանակաշրջանի ավարտի սկիզբ:

«ՔՊ-ի ներկայացուցիչները ոչ միայն սկսեցին հրապարակային միմյանց հոշոտել, այլեւ միմյանց հետ խոսել խայտառակ կոմպրոմատների եւ բացահայտումների լեզվով: Եվ դա մեկ բան է ասում. այս իշխանությունը մեռնում է:

Երեկ տեսանք, թե ուժային կառույցների ղեկավարները ինչպիսի հպարտությամբ էին ներկայացնում Հայաստանում հանցագործությունների թվերի աճերը: Հանցագործությունների այնպիսի աճ կա, որ Սիցիլիայի եւ Մեքսիկայի մաֆիոզներն ու հանցագործ կլանները պետք է պրակտիկայի գան Հայաստան: Երեկ ՆԳ նախարարը ԱԺ ամբիոնից փաստեց, որ Հայաստանում նարկոտիկների շրջանառությունը աճել է: Ու աբսուրդը հասել է այնտեղ, որ իրենց լեզվով ասած «բառիգները» ԵՄ դեսպանատներից մեկի դռան արանքում էլ են թմրամիջոց դրել:

Երբ իշխանությունը հատում է լկտիության, ցինիզմի, անբարոյականության բոլոր սահմանները, արդյունքում ունենում ենք այն, ինչին երեկ ականատես եղանք: Ինչպես մամուլն էր գրել, արդարադատության նախարարի մերժված թեկնածու, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը Արգիշտի Քյարամյանի ելույթի ժամանակ ասում է. «համբալի կուռաժիտ լինելը նայեք»: Իրար հետ խոսելու սրանց լեքսիկոնը նայեք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հասարակական գործիչը երեկ ԱԺ դահլիճի ելույթներում ֆիքսել է մի քանի առանցքային բացահայտումներ: «Երեկ նաեւ ԱԺ ամբիոնից առանցքային հայտարարություն հնչեց: Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ պարեկային ծառայության ներդրումով շոշափելիորեն աճել է հանցագործությունների թիվը: Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հայտարարեց, որ կալանքը օգտագործվում է որպես ճնշման գործիք՝ ցուցմունք կորզելու համար:

Երկու հայտարարություն, որից հետո պիտի քաղաքական հետեւություններ արվեր: Բայց ոչ միայն հետեւություն չի արվել, այլ նաեւ նույն Արգիշտի Քյարամյանը ամբիոնից երրորդ հայտարարությունն արեց՝ ասելով, որ զանգում, տարբեր բաներ եք խնդրում, հետո էլ խոսում եք հովանավորչությունից:

Երեկ երկու հայտարարությամբ տրաքացվեց Նիկոլ Փաշինյանի արդար դատական համակարգի ամբողջ միֆը:

Երբ մենք ասում էինք, որ քրեական գործերը, որ հարուցված են Արմեն Աշոտյանի, մյուսների, տարբեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որ նախագահներին անընդհատ տանում-բերում եք, դատավորների հանդեպ, որոնք արդարացրել են, չեն դատել, սանկցիաներ եք կիրառում, որ այս ամենը քաղաքական մահակ է, երեկ դա հայտարարեց քպական կարկառուն պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Էլ ո՞վ ասի, սիրելի ժողովուրդ: Երեկ քպականները իրար մերկացրին: ԱԺ-ում տեղի ունեցավ խայտառակ անբարո, քաղաքական ստրիպտիզ, որի հանրագումարը մեկ բան է. այս իշխանությունը բարոյալքվել է»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031