Թվային մարքեթինգն ամբողջ աշխարհում զարգանում է աննախադեպ տեմպերով։ Տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես արհեստական բանականության (AI) վրա հիմնված թվային լուծումները փոխում են թե՛ սպառողների վարքագիծը, թե՛ բիզնեսների գործելակերպը՝ դառնալով ոլորտում թրենդներ թելադրող գլխավոր գործոն։
Հայկական թվային մարքեթինգի ոլորտը նույնպես զգալի աճ է ապրում։ Լինելով մասշտաբով ավելի փոքր՝ այն արագ ընդունում է գլոբալ միտումները՝ դրանք հարմարեցնելով տեղական փորձին։
ՀՀ-ում գործող թվային մարքեթինգի առաջատար ընկերություններից մեկի՝ Prodigi-ի մասնագետները ներկայացնում են իրենց դիտարկումները թվային մարքեթինգի հայաստանյան և միջազգային թրենդների, դրանց հիմնական նմանությունների և տարբերությունների մասին։
Սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM) 2025-ին․ գլոբալ տեղաշարժերը՝ լոկալ համատեքստում
2024 թ․-ի տվյալներով՝ աշխարհում առաջատար սոցհարթակներն են Facebook-ը, YouTube-ը և Instagram-ը։ Հաղորդագրությունների հարթակներից ամենահայտնին են WhatsApp-ը և Telegram-ը։ Երիտասարդ օգտատերերի շրջանում մեծ տեմպով տարածվում է TikTok-ը, մասնագիտական շրջանակներում՝ LinkedIn-ը։ Կայուն աճ ունեն X-ը, Pinterest-ը և Snapchat-ը։ Հայաստանը նույնպես հետևում է այս միտումներին՝ ոչ մեծ տարբերություններով։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սոցիալական մեդիա մարքեթինգում կիրառվող հրապարակումների արդյունավետ ֆորմատը կարճ տեսանյութերն են: Կայուն դիրքեր են պահպանում տեքստային և լուսանկարային հրապարակումները։ Ընդգծվածորեն բարձր արդյունավետություն ունեն ինտերակտիվ հրապարակումները և սթորիները։
Հայկական շուկան անմասն չի մնում նաև influencer marketing-ի զարգացման գլոբալ միտումներից։ Բազմաթիվ բիզնեսներ այժմ ինտեգրում են այս արդիական գործիքը՝ որպես իրենց մարքեթինգային ռազմավարության կարևոր մաս։
«Միջազգային բրենդների հետ աշխատելիս հաճախ համագործակցում ենք տեղական influencer-ների հետ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այժմ հայկական շուկայում ունենք մասնագետներ, որոնք չեն զիջում միջազգային influencer-ներին։ Սրան զուգահեռ՝ ունենք նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդում են ուղղության վերջնական կայացման վրա։ Օրինակ՝ ի տարբերություն միջազգային շուկայի՝ մենք որպես կանոն չունենք գնագոյացման, առաջարկի ձևավորման և արդյունքի չափելիության հստակ մեխանիզմներ։ Բացի այդ՝ մեր շուկայում դեռ հաճախ կարելի է առնչվել դեպքերի, երբ influencer-ի հետևորդների քանակը արհեստականորեն ավելացված է լինում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- նշում է SMM բաժնի ղեկավար Անահիտ Ոփյանը։
Սոցիալական մեդիա հարթակները շարունակ զարգանում են, ենթարկվում քանակական և որակական փոփոխությունների։ Այս պայմաններում մրցունակ մնալու համար թիվ մեկ պայմանը և՛ տեղական, և՛ միջազգային բիզնեսների համար գրագետ և բազմակողմանի ռազմավարություն ունենալն է, որը կբխի բիզնեսի կարիքներից և նպատակներից, կհամապատասխանի շուկայի օրինաչափություններին և զարգացման միտումներին: Ոչ պակաս կարևոր են բարձրորակ կոնտենտի ստեղծումը, լսարանի ճշգրիտ թիրախավորումը և մարքեթինգային գործընթացներում AI գործիքների ճիշտ կիրառումը։
«2024-ի վերջին և 2025-ի սկզբին բիզնեսների համար սոցհարթակներում առաջխաղացման նոր հնարավորություն է ստեղծվելու։ Facebook և Instagram հարթակներում հասանելի է դառնալու բիզնեսների վճարովի վերիֆիկացումը, որն այս պահին հասանելի է միայն սահմանափակ երկրներում։ Բիզնեսները հնարավորություն կունենան օգտվել բազմաթիվ գործիքներից, որոնք կօգնեն մշակել և իրականացնել առավել թիրախային և արդյունավետ արշավներ»,- եզրափակում է խոսքը Անահիտ Ոփյանը։
Թվային գովազդը 2025-ին․ գլոբալ թրենդները՝ հայկական լույսի ներքո
Ի տարբերություն գլոբալ շուկայի՝ հայաստանյան թվային գովազդում թիրախավորման հնարավորություններն ավելի սահմանափակ են՝ պայմանավորված բնակչության փոքր թվով։ Թիրախային լայն լսարան ունեցող պրոդուկտների դեպքում հաճախ նույնիսկ անիմաստ են դառնում նեղ թիրախավորման գործիքների կիրառումը, bidding-ի տարբեր ռազմավարությունների փորձարկումը և այլն։ Սակայն գովազդի նպատակներից կախված՝ այստեղ ևս տարբեր հարթակներ և գովազդատեսակներ փորձարկելու հնարավորություն կա։ Օրինակ՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու կամ նոր պրոդուկտ ներկայացնելու համար կիրառվում են շատ ցուցադրություններով և կրեատիվ ֆորմատներով հարթակները, չափելի գործողությունների համար (գնում, հավելվածի ներբեռնում և այլն)՝ օպտիմիզացված արշավների հնարավորությամբ հարթակները։
Ըստ մասնագիտական դիտարկումների՝ 2025 թ․ Հայաստանում առանցքային է մնալու վիդեո գովազդը։ Ավելանալու են դեպի կայք կամ կոնկրետ գործողության ուղղորդող կոնվերսիոն գովազդները, քանի որ ՀՀ բիզնեսները սկսում են գիտակցել ֆունկցիոնալ կայք ունենալու կարևորությունը։
«Այժմ Հայաստանում հատկապես սիրված է ցանցային գովազդը հայկական լրատվական և ժամանցային կայքերում։ Ինչպես մեր Native Network գովազդային ցանցի տվյալներն են ցույց տալիս, ի տարբերություն գլոբալ շուկաների՝ մեզ մոտ սահմանափակ թվով լոկալ կայքերում գովազդն իսկապես արդյունավետ է։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ՀՀ լոկալ ցանցային գովազդում ավելի որակյալ և քիչ «գովազդախեղդ եղած» կայքեր են»,- նշում է Թվային գովազդի բաժնի ղեկավար Լիլիթ Վարդանյանը։
Որոնողական համակարգերի օպտիմիզացիան (SEO) 2025-ին․ հայացք դրսից և ներսից
2025 թ․-ին SEO գործընթացներում AI լուծումների զանգվածային ինտեգրումը բիզնեսների համար մարտահրավեր է դարձնելու որոնողական համակարգերի բարձր հորիզոնականներում հայտնվելը։
«SEO-ի դաշտում սպասվող աննախադեպ մրցակցությունն առաջին հերթին կապված է լինելու AI-ի, մասնավորապես՝ դրանով գեներացված կոնտենտի կիրառման հետ։ Իմ դիտարկմամբ այս հարցին աստիճանաբար տրվելու է ալգորիթմային լուծում, ինչի շնորհիվ արհեստական բանականությամբ գեներացված կոնտենտը զիջելու է մարդու կողմից ստեղծված ինֆորմատիվ և որակյալ կոնտենտին»,- նշում է SEO ուղղության ղեկավար Սեյրան Յայլախանյանը։
Որոնողական համակարգերի ալգորիթմները նույն ազդեցությունն ունեն՝ անկախ աշխարհագրական տեղակայվածությունից, ուստի հայկական SEO դաշտը նույնպես ենթարկվելու է այս գլոբալ թրենդներին։
«ՀՀ-ում առանձնահատկությունն այն է, որ շեշտն առավել դրված է լոկալ SEO-ի վրա, քանի որ վերջինս ամենահամապատասխանն է տարածաշրջանային լսարանին։ Գլոբալ միտումներին զուգահեռ՝ 2025-ին մեր երկրում շարունակելու են ակտուալ մնալ տեխնիկական առումով ճիշտ մշակված կայք ունենալը, գրագետ հիերարխիկ կառուցվածքով կոնտենտ և ինֆորմատիվ հղումներ առաջարկելը։ Լիահույս եմ, որ ապագայում տեղական շուկան առավել բաց կլինի նորարարությունների առաջ, և SEO ծառայությունները կսկսեն դիտարկվել ոչ թե որպես «ավելորդ ծախս», այլ անհրաժեշտ ներդրում՝ բիզնեսի երկարաժամկետ հաջողության համար»,- եզրափակում է խոսքը Սեյրան Յայլախանյանը։
Եզրակացություն
2025 թ․ թվային մարքեթինգի տեղական և միջազգային շուկաները աչքի են ընկնելու ինչպես ուշագրավ նմանություններով, այնպես էլ հստակ տարբերություններով: Հայաստանը արագ հարմարվում է թվային մարքեթինգի համաշխարհային թրենդներին՝ միաժամանակ բախվելով եզակի մարտահրավերների, որոնք բխում են տեղական շուկայի փոքր չափից, բիզնեսների առանձնահատկություններից և կարիքներից:
Ինչպես ընդգծում են ոլորտի մասնագետները, այս պայմաններում ցանկացած բիզնեսի հաջողության գրավականը գրագետ թվային ռազմավարության մշակումն է, որ համահունչ կլինի ինչպես համաշխարհային չափանիշներին և թրենդներին, այնպես էլ տեղական փորձին:
Յուրաքանչյուր գրագետ ռազմավարություն ոչ միայն կբարձրացնի կոնկրետ բիզնեսի արդյունավետությունը, այլև կնպաստի Հայաստանի թվային մարքեթինգի ոլորտի ընդհանուր զարգացմանը։