Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազի համար թվերն են կարեւոր՝ ո՞նց անեն, որ քիչ ցույց տան»․ ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ այս տարի ավելի քան 32 մահվան դեպք է գրանցվել բանակում

Հոկտեմբեր 16,2024 16:41

«Գլխավոր դատախազը գերազանցիկի պես հայտնվում է Ազգային ժողովում եւ իրեն թվում է, թե ինքը բոլոր հարցերի պատասխանները գիտի։ Այսինքն՝ մարդկային կյանքերն իրենց համար ոչինչ չեն նշանակում, իրենց համար թվերն են կարեւոր։ Սա է ամբողջ հարցը՝ ո՞նց անեն, որ քիչ ցույց տան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկնաբանություններին։

Խորհրդարանում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած լսումների ժամանակ պատգամավոր Աննա Գրիգորյանը Աննա Վարդապետյանին հարց էր ուղղել  բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերի աճի մասին։

Ի պատասխան Վարդապետյանն ասել էր «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը Ազատի զորամասի հրդեհի դեպքն էր։ Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ վիճակագրության վրա եք դուք հենվում, որ ասում եք՝ ահռելի թվեր են։ 2024 հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26-ն է, որից 6-ը սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու 5 դեպք ունենք, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու մեկ դեպք ունենք, թռչող սարքերի շահագործման կանոնները խախտելու 2 դեպք ունենք, դժբախտ պատահարի՝ 1 դեպք եւ հիվանդության՝ 3 դեպք»։

Լուսանկարը՝ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս տարի ավելի քան 32 մահվան դեպք է գրանցվել բանակում։ «Իսկ իրենք դա բաժանում են ծառայության հետ կապված դեպքերի եւ ոչ ծառայության հետ կապված դեպքերի։ Թե որն են իրենց համարում ծառայության հետ կապված, որը՝ ոչ, դա իրենք գիտեն, մեզ չեն ասում։ Եվ թող բարի լինեն, այդ վիճակագրությունը հրապարակեն, որ մարդիկ իմանան»,- ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով հարցին, որ բանակում ոչ պատերազմական պայմաններում մահվան դեպքերն աճում են, ինչի՞ հետեւանք է սա, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ «Դեպքերը շարունակվում են, որովհետեւ բանակում բարեփոխումներ չեն անում, չեն փոխում իրավիճակը։ Ոչ էլ Քննչական կոմիտեն է բացահայտում դեպքերը, որով կկանխվեն հանցագործությունները»։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է խոսի այս դեպքերի մասին, պատասխանատվություն ստանձնի, բայց «բանակը փակել են, բանալիները դրել իրենց գրպանը»։ «Նախկինում ինչպե՞ս էր Սեյրան Օհանյանը գոնե գնում դեպքի վայր, իսկ Պապիկյանն Ազատի զորամասի հրդեհի դեպքով անգամ չի գնացել դեպքի վայր («Առավոտ». իրականում նախարարը 3 օր անց այցելել էր դեպքի վայր)։ Գիտե՞ք ինչի համար է կարեւոր նախարարի դեպքի վայր գնալը, որ սթափեցնի, զգաստացնի, օբյեկտիվ քննություն իրականացվի։ Դա շատ կարեւոր է, եթե, իհարկե, Պապիկյանն այդ հեղինակությունն ունի։ Եթե նույնիսկ չունի էլ, պետք է գնա։ Պատասխանատուները հենց իրենք են, զինվորական վերնախավն է, որին, ինչպես տեսնում ենք, ամեն գնով փորձում են զերծ պահել, որ իրենց անունը որեւէ մեկը չտա»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031