Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես հնարավոր չէ Փարաջանովին անդրադառնալ առանց փարաջանովյան արտառոցության ձեռագրի

Հոկտեմբեր 16,2024 15:55

Իր ծննդյան 100 -ամյակի կապակցությամբ և իր մահից 24 տարի անց, իր ապրած կյանքում ամեն ինչ տեսած ու փորձած Փարաջանովը, իր կյանքից հետո, իր չապրած կյանքի ընթացքում հասավ նաև բալետին:

Բոլորովին այնպես չէ, որ անօրինակ ու տարօրինակ Փարաջանով արվեստագետն իր կյանքի օրոք ապահով մի պահ է ունեցել, բայց այդ միշտ բանտարկված անապահովությունը արվեստ էր դառնում, և հետևողականորեն ու միշտ հետապնդված իր հիվանդոտ ու երբեք չբուժվող կյանքը դառնում էին իր ժամանակի համար անսովոր ֆիլմեր, որոնք իր մահից հետո նոր կյանք էին ստանում և շարունակում են ստանալ` վերջապես մարդուն կյանքից էլ ազատելով ու ազատելով նաև կյանքում իրեն ամեն պահի հետապնդող մահից:

Փարաջանովի մասին ինչ կարգի աշխատանք էլ արվի, իր արվեստի ու ապրած կյանքի անսովորության կնիքը անպայման հայտնվում է բոլոր այն գործերում, որոնք առնչվում են բանտում և ազատության մեջ միշտ բանտարկված արվեստագետի ըմբոստ ու հեգնախառն բնավորությունը, իր անզուգահեռ ինքնությունը:

Բնականաբար շատերն են ցանկանում հարգանքի ու հիշատակի որևէ կարգի գործողություն իրականացնել գոնե արվեստագետի մահվանից հետո, բայց քանի որ ցանկությունը շատ քիչ է փարաջանովյան կարգի որևէ գործ անելու համար, արդյունքում մեծ ցանկության հետ միասին՝ շատերը մեծ խոհեմությամբ հրաժարվում են ինչ որ բան անել, քանի որ պարզապես հնարավոր չէ Փարաջանովին անդրադառնալ առանց փարաջանովյան արտառոցության ձեռագրի:

Սակայն, բնականաբար, հայտնվում են արվեստագետներ, ովքեր այնքան են սիրում ու գնահատում անսովոր հանճարի արվեստը, որ հասկանալով աշխատանքի գերբարդության աստիճանը, այնուհանդերձ իրենք իրենց ձևով են աշխարհին ներկայացնում Փարաջանովին կամ ներկայացնում են իրենց Փարաջանովին, այնպես ինչպես բալետի լեզվով կարողացավ անել ռեժիսոր, բալետմայստեր ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Մեհրաբյանը, որ նաև լիբրետոյի և երաժշտական ձևավորման հեղինակն է և, որը կարողացավ համախմբել միջազգային արտիստական պրոֆեսիոնալ ուժեր` բարդ ծրագիրը իրականություն դարձնելու համար:

Արդյունքում Եվրոպայում հայտնի Պրել Ժոկաժի երիտասարդական բալետային խմբի և Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համատեղ, բնականաբար, տարածության բերումով շատ բարդ համագործակցության արդյունքում հաջողվեց Փարաջանովին արժանի ստեղծագործական մեծ հարգանքի տուրք մատուցել` մեծ արվեստագետին մեծ բալետային բեմ հանելու անհնար թվացող բարդագույն աշխատանքով:

Անչափ մեծ մշակութային գնահատականով գնահատելի են պետության և արվեստագետների բեմադրությունն իրականացնելուն ուղղված ջանքերը, որոնք դրսևորվեցին երկու օր շարունակ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացված «Բալետ Փարաջանով» բալետային ներկայացման երկու առաջնախաղով, Փարաջանովի գործին և հիշատակին արժանի միջազգային մակարդակով:

Շատ բարձր գնահատելով, հեղինակային, բեմադրական, ակադեմիական պարային, երաժշտական ձևավորման, բեմի, զգեստների և էկրանային ինքնատիպ լուծումները, սակայն մանրամասներին չանդրադառնալով, կոլեկտիվ աշխատանքի կազմակերպման ու կազմակերպական այլ բնույթի բարդությունները չներկայացնելով հանդերձ, առանձնապես կուզեինք շեշտել ամենից կարևոր ու շատ համարձակ մի հանգամանք ևս` Փարաջանովի պարային դերակատարման անհնարինի չափ բարդ մատուցումը, որը ուղղակի փայլուն իրականացրեց բազմաշնորհ, ավելի ճիշտ կլինի ասել բազմատաղանդ մի արտիստ, որ միաժամանակ բալետի արտիստ է, «Բարեկամություն» անսամբլի պարող, Մնջախաղի թատրոնի առաջատար մնջախաղաց-արտիստ, ժամանակակից դասական, ջազ, ֆոլկ, հիպ-հոպ, փորձարարական պարաձևերի ու բեմաձերի տաղանդավոր արտիստ Կարեն Խաչատրյանը:

Բազմապրոֆիլ, ազատ ու արտիստական հմայիչ ու բարձրակարգ կատարումը համոզիչ ու օրգանական էին դարձնում ռեժիսորական համարձակ պահանջները, որոնք երկու պարային կոլեկտիվների միացյալ ջանքերով ու զորությամբ ՝բալետային ներկայացման բարդ աշխատանքը դարձնում են Փարաջանովին արժանի հուշ, հիշատակ և ամենակարևորը՝ ստեղծագործական ժամանակակից մեծ նվաճում, մշակութային հերթական և խիստ անհրաժեշտ նոր հաղթանակ:

 

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031