Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։
Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։ Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։ Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։ Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար