Հոկտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքների, հեղեղումների հետևանքով տուժած քաղաքացիներին ուղղված փոխհատուցման գործընթացի, ինչպես նաև վնասներ կրած բնակարանների նորոգման ընթացքի հետ կապված հարցեր:
Մարզի ղեկավարին ներկայացվել է համայնքի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը:
Լոռու մարզպետն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ուշադրության տակ պահել հեղեղումներից տուժած քաղաքացիների խնդիրները, առավելագույն ջանքեր ներդնել աղետի գոտու վերականգնման աշխատանքների ուղղությամբ:
– Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս: Հնարավորինս պետք է աջակցել բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան ամբողջացնել փաստաթղթերի պահանջվող փաթեթը՝ պետության կողմից սահմանված աջակցությունները ստանալու համար,- ասել է Արամ Ղազարյանը:
Կարդացեք նաև
Քննարկվել են աշխատանքային գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ:
Լոռու մարզպետի աշխատակազմ