Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դասընթացավարներն ու ողջ թիմը հավատում է Գեւորգ Արշակյանի երազանքին ու առաքելությանը. Լիլիթ Իշխանյան

Հոկտեմբեր 16,2024 14:36

«2020թ սեպտեմբերին՝ նախքան պատերազմի սկսվելը Գեւորգ Արշակյանը, որ այդ ժամանակ ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահն էր, իր ռազմավարական ծրագրերում մտցրել էր դասընթացների շարք իրականացնելու գաղափարը: Այդ ժամանակ ուղղակի կարճաժամկետ դասընթացներ էին: Մի քանի հոգու հավաքել էր, պլանավորել, թե ինչ դասընթացներ պետք է սկսեն դպրոցի շրջանակում, սակայն, ցավոք չհասցրեց իրագործել: Պլանավորումը կար, քննարկումներ էինք ունենում այդ դասընթացների կարեւորության մասին, թե ինչ դասընթացներ անհրաժեշտ կլինեն այսօրվա ուսանողին՝ ֆորմալ կրթությանը զուգահեռ: Գեւորգ Արշակյանի զոհվելուց մեկ տարի անց որոշեցինք այդ նախաձեռնությունը շարունակել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի ղեկավար Լիլիթ Իշխանյանը:

Լիլիթ Իշխանյան

«Ես հավաքեցի այն մարդկանց, ում Գեւորգը նախատեսել էր դպրոցում ունենալ, նաեւ հաշվի առնելով դասընթացների կարեւորությունը՝ այլ թեկնածուների էլ ներգրավեցինք: 4 շրջափուլերի ընթացքում ունեցել ենք 1533 դիմորդ, որից 858-ը դարձել է ուսանող, եւ 649 շրջանավարտ, (որոնք անցել են գնահատման բոլոր պրոցեսները, մասնակցել դասերի եւ մեր մշակած ոչ ֆորմալ կրթական գործիքներով ստուգում են անցել):

Մենք ունենք նաեւ ամառային դպրոց, հնարավորություն ենք տվել նաեւ ազատ ունկնդիրների՝ գալ մասնակցել տարբեր դասընթացների, ավելի քան 90 ազատ ունկնդիր ունենք: Ուսանողների գնահատանքին արժանանալուց հետո՝ հասկանալով, թե ինչ լավ արդյունքներ ենք ապահովում, որոշեցինք նաեւ ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսել դասընթացներ եւ գիտելիքի ամառային դպրոց սկսեցինք, որն ունեցել է երկու փուլ: Ամառային դպրոցի շրջանակում էլ ունեցել ենք 220 շրջանավարտ: Իսկ ընդհանուր ավելի քան 880 շրջանավարտ՝ թե ամբողջ դպրոցի եւ թե ամառային դպրոցի շրջանակում:

Բացի փափուկ հմտություններ տալուց, հետաքրքիր դասընթացներին ծանոթացնելուց, մենք նպատակ ենք ունեցել գիտական էքսպոներ կազմակերպել հենց համալսարանի տարածքում, որպեսզի ուղղորդենք ավագ դպրոցի աշակերտներին ճիշտ մասնագիտություն ընտրել: Էքսպոների ժամանակ մեր համալսարանի ֆակուլտետների ներկայացուցիչներին հրավիրում ենք, որ պատմեն, թե որ ֆակուլտետում ինչպես են անցնում դասերը, ինչ հնարավորություններ կան: Փորձել ենք առավելագույնս աշակերտներին ծանոթացնել միջավայրի հետ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն եւ հաստատակամ լինեն իրենց մասնագիտական ընտրության հարցում»,-հավելեց Գեւորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի ղեկավարը:

Լիլիթ Իշխանյանը տեղեկացրեց, որ դասընթացները տարբեր ոլորտներ են ընդգրկում, եւ ամեն փուլում 16-17 դասընթաց կա: «Ոլորտները հետեւյալն են՝ պատմագիտություն, տարածաշրջանի ուսումնասիրություն (Գեւորգը գտնում էր, որ հայը պետք է իմանա իր հարեւան ժողովուրդների պատմությունը, ու մեր դպրոցը թիրախավորել է հատկապես Թուրքիա եւ Իրան պետությունները), տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, որը ոչ միայն դասավանդվել է մեր դասընթացավարների կողմից, այլեւ ԱՄՆ-ից՝ հիբրիդային տարբերակով, ինչն իրականացվել է Գեւորգի ընկերոջ կողմից, որն ավարտել է Հարվարդի համալսարանը, հասարակագիտություն, իրավագիտություն, կառավարում, ձեռներեցություն, հաղորդակցություն: Այս ամենից զատ՝ ունեցել ենք նաեւ 2 լեզվական ակումբ՝ անգլերենի եւ ռուսերենի համար նախատեսված:

Հրավիրել ենք ավելի քան 25 հյուր բանախոսների, որոնք իրենց փորձով են կիսվել, ավելի պրակտիկ մոտեցում են ցուցաբերել, խոսել են ոլորտի կարեւոր թեմաների մասին, նաեւ այցելություններ կատարել շուրջ 15 կազմակերպություններ, տրվել են ոչ ֆորմալ կրթության ավելի քան 30 գործիքներ եւ մեթոդներ: Մեր ուսանողները մեր դասընթացների արդյունքում նոր աշխատանք են գտել, նոր ծրագիր են սկսել իրենց համայնքում կամ, ասենք, ֆակուլտետ են փոխել»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են ընտրվում դպրոցի ուսանողները: «Մեր ուսանողներին ընտրելիս փորձում ենք առավելագույնս որակի վրա շեշտը դնել, ընտրությունը կատարվում է երկու փուլով, կա նաեւ երրորդ՝ թեստային փուլ, որը ոչ բոլորի դեպքում է կիրառվում: Իրենք կարող են ընտրել առավելագույնը երեք դասընթաց, բացատրում են մոտիվացիան, թե ինչու են ուզում սովորել: Մենք իրենց հրավիրում ենք հարցազրույցի դասընթացավարի եւ դպրոցի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Այն ուսանողներին, որոնք դասընթացների ժամանակ ցուցաբերում են ակտիվ մասնակցություն եւ համեմատաբար լավ արդյունքներ, փորձում ենք տարբեր կերպ խրախուսել: Վերջերս սահմանել ենք Գիտելիք մրցանակը, որը նախատեսված է գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Այն տրվում է ամեն շրջափուլում դպրոցում բարձր առաջադիմության կամ նշանակալից գործ կատարելու համար: Մրցանակը վերջին փուլում տրվել է այն ուսանողին, որը մասնակցել է 4 շրջափուլերից 3-ին, եւ վերջին շրջափուլի ժամանակ առավելագույն 3 դասընթացներին ու ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

Կրթամրցանակի հաղթողը երեք շրջափուլերի հաղթող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Խաչատրյանն էր; Ունեցել ենք նաեւ Գերազանցիկ մրցանակ: Այժմ մեր դպրոց ենք բերել նաեւ միջազգային ճանաչմամբ տնտեսագետ եւ ֆինանսական վերլուծաբան Վահե Սահակյանի անվան մրցանակը, որի համար կարող են դիմել միայն մեր դպրոցի ուսանողներն ու շրջանավարտները»,-ասաց Լիլիթ Իշխանյանը:

«Մեր բոլոր դասընթացավարները եւ թիմի անդամները հավատում են Գեւորգի առաքելությանը, Գեւորգի երազանքներին: Հավատը առ Գեւորգ, առ ուսանողություն, առ համալսարան եւ առ Հայրենիք ակնհայտ է: Մեր կողմից աշխատանքներն իրականացվում են կամավոր սկզբունքով, եւ թե աշխատանքային, թե շաբաթ- կիրակի օրերին համալսարանում մեր դասերը մշտական կան:

Գեւորգը ուսանողական տարիներին համալսարանում փոքր կուրսեր էր իրականացնում էր մի քանի դասընթացավարների հետ, փորձում էր մեր հետաքրքրությունը մեծացնել դեպի փիլիսոփայությունը՝ իր ոլորտը: Նա դասերից հետո գրադարանում անգամ այլ ֆակուլտետների ուսանողների հետ էր պարապմունքներ անցկացնում… Ուսանողների հանդեպ սերը Գեւորգն է մեր մեջ ներդրել, եւ դրա արդյունքները մենք տեսել ենք:

Ի դեպ, 4 շրջափուլ ավարտելուց հետո որոշեցինք իրականացնել նաեւ մի աննախադեպ պանելային քննարկում «Սահմաններից դուրս. բացահայտելով ոչ ֆորմալը» խորագրով: Միջոցառման օրը, բացի պանելային հանդիպումից, խոսեց նաեւ Գեւորգ Արշակյանի մայրը՝ տիկին Նաիրա Հովսեփյանը: Նա նաեւ շնորհակալագրեր հանձնեց մեր դասընթացավարներին եւ աշխատակազմին»,- զրույցի ավարտին նշեց Լիլիթ Իշխանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031