Արցախից բռնի տեղահանված 1000-ից ավելի ընտանիքներ դուրս են մնացել կառավարության «40+10» եւ 100 հազարի աջակցության ծրագրերից․ այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Պետական օգնության բացերը. որքանո՞վ են հասանելի կառավարության ծրագրերը տեղահանված արցախցիների համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հավաքագրված խնդիրների հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար՝ որքանո՞վ են հասանելի կառավարության իրականացրած սոցիալական ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար։
Ծրագրերից դուրս մնալու պատճառներից մեկն էլ, ըստ Անի Չատինյանի, այն է, որ ընտանիքի անդամներից մեկը ՀՀ-ում ունեցել է սեփականության իրավունքով գույք։ Սակայն մերժումները եղել են մեխանիկորեն, քանի որ կարիքները չեն գնահատվել։ Իրականում, հիմնականում այնպիսի գույք է, որն օգտագործելի չէ. կամ հողակտոր է, կամ հայրական տանը ինչ-որ չափաբաժին ու այդ չափաբաժնում անգամ հնարավոր չէ բազմանդամ ընտանիքով ապրել։ Պետությունն անգամ չի էլ քննարկել կազմակերպության առաջարկը՝ շրջիկ մասնագետների միջոցով գույքի գնահատում իրականացնել, հետո միայն որոշումներ կայացնել՝ համարելով, որ դա պետության վրա մեծ պարտավորություն է։
Բանախոսը նկատում է՝ ի սկզբանե պետությունը բավականին բարձր նշաձողեր է սահմանել, միաժամանակ, մերժումներ է իրականացրել՝ առանց գույքի գնահատման, ինչի արդյունքում Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց պետական աջակցության։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն էլ հավելեց, որ կան ընտանիքներ, որոնք ավելի քան մեկ տարի ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել եւ կառավարությունը ոչ մի քայլ չի անում, որպեսզի այդ անձինք ընդգրկվեն աջակցության ծրագրերում․ «Թեպետ այդ ընտանիքների թիվը մեծ չէ եւ նրանք բեռ չեն հանդիսանում կառավարության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսների գնահատմամբ, կառավարության ներկայացրած՝ արցախցիների բնակապահովման ծրագիրը ևս ձախողվել է՝ պայմանավորված դիմումների քիչ քանակով․ մոտ 1100 դիմում է մուտքագրվել համակարգ, ընդամենը 30 հավաստագիր է տրամադրվել շահառուներին։ Պատճառն այն է, որ չափազանց բարձր շեմեր են սահմանված։ Նաեւ փաստաթղթավորման խնդիր կա՝ չկան, չեն պահպանվել ամուսնության, ծննդյան, մահվան վկայականները, շատ դեպքերում անգամ անձնագրեր չունեն մարդիկ՝ չեն հասցրել վերցնել եւ այլն։ Բացի այդ, սահմանված է շեմ՝ ծրագրին մասնակցելու համար պարտադիր ՀՀ քաղաքացիության, ինչն անտրամաբանական է, քանի որ փախստականներին փաստացի քաղաքացիություն ունենալու պահանջ է դրվում։
Լիաննա Պետրոսյանի դիտարկումներով՝ մինչեւ չորս անդամ ունեցող ընտանիքները որեւէ տարբերակ չունեն ծրագրից օգտվելու, քանի որ կառավարության առաջարկած գումարը եւ անշարժ գույքի շուկայում գները անհամաչափ են։ Նաեւ՝ մարդիկ արդեն ինչ-որ կերպ տեղավորվել են ինչ-որ մի գյուղական բնակավայրում, որտեղ նշված գներով առաջարկներ չկան ու մեկ այլ խնդիր է բազմանդամ ընտանիքով տեղափոխվել եւ հաստատվել Սյունիքի այն բնակավայրերում, որտեղ կառավարությունը բնակապահովման առաջարկներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի