CivilNet. Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին:
Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։
Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով
Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։
Կարդացեք նաև
Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է
Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:
Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին:
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։
Ինչ նպատակ ունեն բժշկի հորինված մահը և կեղծ տեսանյութերը
Կեղծ տեսանյութերին կից հղումները տանում են կասկածելի նորությունների կայքեր, որոնցում Արտավազդ Սահակյանը կամ այլ հայտնի բժիշկներ խոսում են տարբեր հիվանդությունների մասին և խորհուրդ են տալիս դրանց բուժման համար ընդունել «Կարդինեո» դեղամիջոցը:
Այս հաբերը, ըստ հոդվածում ներկայացված պնդումների, բացարձակապես անվտանգ են, չունեն կողմնակի ազդեցություններ, և կարելի է ընդունել առանց բժշկի հսկողության:Կցված կայքն էլ կեղծ է և կրկնօրինակում է հայտնի հայկական լրատվամիջոց «Առավոտը»՝ օգտագործելով վերջինիս կայքի ոճը և տարբերանշանը: Փաստացի, սա խարդախության սխեմա է, որի նպատակն է մոլորեցնել մարդկանց և դեղամիջոցի անվան տակ վաճառել կասկածելի հաբեր:
Հայկ Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: