ՀՀ քննչական կոմիտեն արդեն մի 10-15 օր է՝ նշում է իր տասնամյա հոբելյանը։ Բազմաթիվ միջոցառումներ արեցին, հոբելյանական ալբոմ տպեցին, հոբելյանական երեկո արեցին Օպերայում։ Իսկ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթն այդ երեկոյի ժամանակ ուղղակի հնարավոր չէ առանց արցունքի լսել։ Մանավանդ՝ այն հատվածում, երբ օրհնում է, թե Աստված պահապան մեր ինքնիշխան պետականությանը։ Երեւի ամեն անգամ, երբ քննչականների պատուհանից մարդ են ցած նետում, ամեն անգամ, երբ ծեծելով ցուցարար են բերման ենթարկում կամ գործ են «կարում», Արգիշտի Քյարամյանը շուտասելուկի նման շշնջում է՝ «Աստված պահապան, Աստված պահապան», ու չես հասկանում՝ զոհերի՞ն պահապան, թե՞ քննիչ-ոստիկաններին։ Քննչականը քար լռություն է պահում խոշտանգումների կամ մահերի վարույթների շուրջ։ Դրանք եթե անգամ հարուցվում են, հետո անաղմուկ կասեցվում են։
Թվում է՝ ի՞նչ տոնական ելույթ պետք է ունենա մի ղեկավար, որի անարդյունավետ աշխատանքի հետեւանքով հանցավորությունը՝ սպանությունները, իրար «գյուլլելը», նարկոթրաֆիքինգը, թալանն ու կոռուպցիան խեղդում են Հայաստանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կոռուպցիան, որի դեմ պայքարի մասին թմբկահարվում է 2018 թվականից, ավելացել է մոտ 30 տոկոսով։
Չնայած հանցավորության աճին, գրեթե կրկնապատկվել է համակարգի ծառայողների աշխատանքի վարձատրությունը՝ ասաց Քյարամյանն իր ճառում։ Ինչո՞ւ են բարձրացնում քննիչների աշխատավարձը, եթե հանցագործություններն օրեցօր ավելանում են, այս պարագայում ավելի ճիշտ չէ՞ր լռել ու չնշել տապալված համակարգի 10-րդ տարեդարձ կոչված տոնը։
Կարդացեք նաև
Փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը գլխավոր քննչական վարչությանը բազմաթիվ դիմում-բողոքներ է ուղղել՝ քննիչների կաշառակերության մասին, դատախազությանը, Նիկոլ Փաշինյանին, անգամ առաջարկել է իրեն պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար, բայց ոչ մի արդյունքի չի հասել, ասում է․ «Քյարամյանն իրականությունը չի ներկայացնում, այսօրվա քննիչներն ավելի կամակատար են, քան երբեւէ, որովհետեւ այսօր աշխատում է բուրգի սկզբունքը՝ վերեւից ինչ հանձնարարություն որ ստանում են, պետք է կատարեն, եթե չեն ուզում զրկվել իրենց բարձր աշխատավարձից։ Այդ աշխատավարձի չափն այսօր որոշիչ է»։ Քննչական կոմիտեն միասնական մարմին է, այլ կառույցներից անկախ, եւ սա գնահատվում է որպես անաչառության բարձրացում, եւ, միեւնույն ժամանակ, իր ներսում հիմնում է սեփական «Փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի մասին եւ խոսեց Քյարամյանը։ Իսկ քննիչներին ենթակա մարմինն անաչառ եզրակացություններ կտա՞։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: