«Առավոտի» իրավական էջը ներկայացնում է հատված ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ Սուրեն Բաղինյանի «Փաստաթղթերի քննչական զննության առանձնահատկությունները պետական դավաճանության գործերով քրեական վարույթների քննության ընթացքում» հոդվածից:
Հեղինակն անդրադարձել է կրիմինալիստիկայի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկին՝ փաստաթղթի քննչական զննության առանձնահատկություններին՝ պետական դավաճանության գործերով վարույթի ընթացքում: Պետական դավաճանության գործերով քրեական վարույթի ընթացքում իրականացվող քննչական գործողությունների շարքում առանցքային նշանակություն ունի փաստաթղթի քննչական զննությունը: Փաստաթղթի քննչական զննության կարեւորությունն այս տեսակ գործերի քննության համար պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, պետական դավաճանության անմիջական օբյեկտ հանդիսացող տեղեկություններն ամրագրված են լինում փաստաթղթերում, այլ կերպ ասած՝ դրանք փոխանցվում են փաստաթղթի տեսքով: Հեղինակը նախեւառաջ ներկայացրել է այս քննչական գործողությունների նշանակությունը, այնուհետեւ հետազոտության ամբողջության տեսանկյունից անդրադարձել փաստաթուղթ հասկացությանը, վերլուծել դրա ինչպես քրեադատավարական, այնպես էլ կրիմինալիստիկական ասպեկտները: Վերլուծելով տարբեր հեղինակների տեսակետները՝ հեղինակը եզրակացնում է, որ քննարկվող գործերով առավել հաճախ թիրախում են հայտնվում թղթային կրիչով փաստաթղթեր, եւ այս իմաստով առանձնացնում է փաստաթղթի քննչական զննության տակտիկական հնարքների համակարգը՝ դրանք դասակարգելով ըստ թղթային եւ ոչ թղթային (էլեկտրոնային) կրիչների: Հեղինակն ընդհանրացնում է, որ այս տեսակ գործերով փաստաթղթերի քննչական զննության ընթացքում դրա տակտիկական արդյունավետության տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել այն պայմաններն ու կարգավորումները, որոնք օրենսդրությամբ նախատեսված են հատկապես գաղտնի փաստաթղթաշրջանառության համար:
Արգելվում է գաղտնիության դրոշմագիր ունեցող փաստաթուղթը թողնել աշխատասեղանի վրա կամ դնել դարակում
«…Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում է 2023 թվականի մարտի 1-ի «Պետական գաղտնիքի մասին» օրենքով: Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները եւ սահմանափակումները:
Կարդացեք նաև
Պետական գաղտնիքի նկատմամբ սահմանափակումներն ամրագրված են ինչպես վերոնշյալ օրենքով, այնպես էլ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշումներով: Դրանք վերաբերում են տեղեկությունների գաղտնիության աստիճանը որոշելուն, գաղտնիության դրոշմագրեր շնորհելուն, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկերի մշակման գործընթացին, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահման կանոններին, պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններ, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխանցելու կարգին:
Գերատեսչություններն իրենց համար սահմանում են նաեւ օրենքից բխող գերատեսչական ակտեր, որոնք համակարգում են տվյալ գերատեսչության առանձնահատկությունները եւ ուղղությունները:
Այդ բոլոր իրավական ակտերը եւ կարգադրիչ փաստաթղթերը նպատակաուղղված են, որպեսզի կանխարգելվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածումը՝ պետության պաշտպանության տակ գտնվող եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը, գաղտնիության ռեժիմի ապահովումը:
Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարեւորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառված կամ սպառնացող վնասի չափից՝ սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
1) «Հատուկ կարեւորության»,
2) «Հույժ գաղտնի»,
3) «Գաղտնի»:
Գաղտնիության «Հատուկ կարեւորության» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է առանձնապես ծանր, «Հույժ գաղտնի» աստիճանին՝ ծանր, իսկ «Գաղտնի» աստիճանին՝ էական վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
Տեղեկությունը ստանում է գաղտնիության աստիճան համապատասխան ընթացակարգով: Ըստ այդմ՝ կառավարությունը հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկ՝ ըստ գերատեսչական պատկանելության: Այնուհետեւ գերատեսչությունները սահմանում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որտեղ մանրամասն ներկայացված են տվյալ գերատեսչությունում շրջանառվող տեղեկությունների գաղտնիության աստիճանները՝ առանձին-առանձին: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց կողմից ստացված տեղեկության գաղտնագրման համար հիմք են հենց գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը:
Պետական գաղտնիքի պահպանությունը նկարագրող իրավական ակտերը եւ կարգադրիչ փաստաթղթերը սահմանում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման կարգերն ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ֆայլի տեսքով:
Գաղտնիության դրոշմագիր ունեցող փաստաթուղթը պետք է պահպանվի չհրկիզվող մետաղական պահարանում եւ կնքված լինի տվյալ աշխատակցին հատկացված հատուկ կնիքով: Արգելվում է գաղտնիության դրոշմագիր ունեցող փաստաթուղթը թողնել աշխատասեղանի վրա կամ դնել դարակում:
Իրավական ակտերը սահմանում են նաեւ, որ գաղտնիության դրոշմագիր ունեցող փաստաթղթերի յուրաքանչյուր օրինակ պետք է լինի գրանցված տվյալ գերատեսչության գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումում: Բացի դրանից՝ արգելվում է նմանօրինակ փաստաթղթերից կատարել քաղվածքներ եւ պատճենահանումներ, դուրս բերել դրանք վարչական շենքերից՝ ոչ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով: Էլեկտրոնային գաղտնի տեղեկատվությունը կարելի է պահել միայն հատուկ ստուգում անցած, կնիքված եւ գաղտնի համակարգչի մեջ: Նմանաբնույթ համակարգիչները չպետք է համակցված լինեն համացանցին: Արգելվում է նաեւ որեւէ մալուխ կամ կրիչ կցել համակարգչին՝ բացի գրանցված գաղտնի էլեկտրոնային կրիչներից:
Կարծում ենք՝ վերը նշված կարգավորումներն ու պայմաններն անհրաժեշտ է նկատի ունենալ յուրաքանչյուր դեպքում պետական դավաճանության վարույթներով փաստթղթերի քննչական զննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանցագործների անձնական նամակագրության, գրագրության զննության ժամանակ հիմնական ուշադրություն պետք է դարձնել դրանց բովանդակությանը։ Հաճախ դա թույլ է տալիս կարեւոր տեղեկություններ ստանալ հանցավորի հանցակիցների մասին, ձեռք բերել այն անձանց հասցեները եւ հեռախոսահամարները, ովքեր հնարավոր է առնչություն ունեն պետական գաղտնիքի հետ, ստանալ տվյալներ, որոնք բնութագրում են հանցավորի անձը, ինչպես նաեւ բացահայտել այլ հանգամանքներ, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար։
Հատկանշական է նաեւ բովանդակային ուսումասիրության տեսանկյունից նկատի ունենալ գաղտնագրված, քողարկված տեղեկատվության բացահայտման հնարավորությունը, ինչ բնորոշ է տվյալ տեսակի հանցագործությունների կատարմանը: Այսպիսով, կարող ենք փաստել, որ փաստաթղթերի քննչական զննությունը պետական դավաճանության գործերով վարույթների քննության ընթացքում առանցքային նշանակություն ունի ապացուցողական զանգվածի ձեւավորման գործում: Վերջինս, թերեւս, պայմանավորված է նրանով, որ քննարկող հանցակազմի օբյեկտիվ կողմի կարեւորագույն հատկանիշներից է հանցագործության առարկա հանդիսացող տեղեկատվությունը փաստաթղթի տեսքով փոխանցումը հակառակորդ կամ երրորդ կողմին: Ընդ որում, հատկանշական է, որ տվյալ դեպքում հիմնականում գործ ենք ունենում պետական գաղտնիք համարվող տեղեկատվության հետ, որը պարունակող փաստաթղթի զննության դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ դրանց պահպանման, շրջանառության պայմանների մասին իրավակարգավորումները: Եվ վերջապես, թեեւ, պետական դավաճանության գործերի քննության պրակտիկան վկայում է, որ հիմնականում հանցավորներն օգտագործում են թղթային կրիչով փաստաթղթեր, ինչը պայմանավորված է գաղտնի փաստաթղթաշրջանառության կանոններով, այդուհանդերձ, քննչական զննության առարկա կարող են հանդիսանալ նաեւ էլեկտրոնային կամ այլ կրիչներում ամրագրված տեղեկատվությունը: Վերջին դեպքում հարկ է նկատի ունենալ, որ զննության քրեադատավարական եւ տակտիկական արդյունավետությունն ուղղակիորեն կախված է համապատասխան բնագավառի փորձագետի ներգրավման եւ արդյունքների ճիշտ ամրագրման հնարավորությունից»:
«Դատական իշխանություն»
(ապրիլ-հունիս)
«Առավոտ» օրաթերթ
15.10.2024