Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ամեն ինչ անել, որ հարատեւի Կոմիտասի անվան ազգային քառյակը, բայց ոչ՝ որակի հաշվին»

Հոկտեմբեր 16,2024 12:30

Քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում

Աշխարհի ամենաերկարակյաց՝ Կոմիտասի անվան ազգային քառյակը 100 տարեկան է, շուրջ 50 տարի քառյակի առաջին ջութակն է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը: «Առավոտի» հետ զրույցում մաեստրոն հիշում է, թե ինչպես 1924թ. Մոսկվայի 4 հայ ուսանողների՝ Ավետ Գաբրիելյանի, Լեւոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի եւ Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Կոմիտասի անվան լարային քառյակը, իրենք հաղթեցին քառյակների համամիութենական մրցույթում, եւ լայնածավալ համերգային գործունեության առիթով Խորհրդային Հայաստանի կառավարությունը քառյակին Կոմիտասի անունը շնորհեց: Հետագայում քառյակը պետական կարգավիճակ ստացավ:

«Քառյակի անդամները բնակվում էին Մոսկվայում, բայց քառյակը համարվում էր Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ: Ես էլ, երբ քառյակ եկա, մենք Հայաստան գալիս էինք համերգների, բայց բնակվում էինք Մոսկվայում: Քառյակում մի քանի սերունդ փոխվեց, 52 տարի Ավետ Գաբրիելյանը քառյակի ոգին էր, 44 տարի քառյակին իր կյանքից նվիրեց Սարգիս Ասլամազյանը՝ ոչ միայն որպես կատարող: Որպեսզի Կոմիտասի քառյակը տարբերվի խորհրդային մյուս քառյակներից, նա Կոմիտասի մանրանվագները փոխադրեց քառյակի համար: Եվ գործիքների հնարավորությունների բարձր իմացությունը, եւ իր՝ մարդու, երաժշտի, ջութակահարի բարձր գեղագիտական ճաշակը բերեցին նրան, որ այս մանրանվագները դարձան Կոմիտասի անվան քառյակի այցեքարտը: Անկախ ծրագրից՝ մեր բոլոր համերգները միշտ ավարտվել են Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագներով»,-նշում է մաեստրոն:

Մեր զրուցակիցը հիշում է իր առաջին հանդիպումը Ավետ Գաբրիելյանի հետ ու այլ ուշագրավ դրվագներ է ներկայացնում. «6-րդ դասարանի աշակերտ էի, Կոմիտաս քառյակը եկել էր Երեւան՝ համերգների: Իմ դպրոցի ուսուցիչը խնդրեց, որ Ավետ Գաբրիելյանն ինձ լսի: Առավոտյան 8:30 մենք գնացինք «Երեւան» հյուրանոց, փառահեղ ջութակահարն առավոտ շուտ արդեն ջութակը ձեռքին պարապում էր: Նա լսեց ինձ… Հետագայում ընդունվեցի Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիա, որտեղ դասավանդում էին Ավետ Գաբրիելյանն ու Սարգիս Ասլամազյանը:

1969-ին՝ ուղիղ 55 տարի առաջ, Մոսկվայի երաժշտական հասարակությունը տոնում էր մեծն Կոմիտասի ծննդյան 100-ամյակը, այսօր արդեն՝ 155-ն է: Ես միջազգային մրցույթների դափնեկիր էի եւ կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող: Այդ համերգի առանցքը, բնականաբար, Կոմիտասի անվան քառյակն էր: Ավետ Գաբրիելյանը, որպես մենակատար ջութակահար՝ ինձ հրավիրեց մասնակցելու այդ համերգին: Աչքիս առաջ է այսօրվա նման՝ առաջին կարգում գեղեցկադեմ Սուրեն Քոչարյանն էր նստած: Ավետ Կարպովիչն ինձ առաջարկեց քառյակում գրավել երկրորդ ջութակի կարգավիճակը:

6 տարի իր կողքին աշխատելուց հետո ես հրավեր ստացա որպես մենակատար ջութակահար Հայաստանի կամերային նվագախմբի հետ մեկնելու Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ: Ավետ Կարպովիչն իմացել էր, որ նվագախմբում արտիստների ձեռքին ավելի լավ ջութակներ են, քան իմն է: Ինձ ասաց՝ վերցրեք իմ ջութակով գնացեք, որպեսզի չզիջի, համերգները հաջող անցան, վերադարձա, որ ջութակը հանձնեմ իրեն, ինձ համար շատ անսպասելի ասաց՝ այսօրվանից իմ տեղը եւ իմ գործիքը ձերն է: Այդպես 1976-ից դարձա Կոմիտաս քառյակի առաջին ջութակ:

Շատ ուրիշ առաջարկներ ունենալով հանդերձ՝ ես վերադարձա 1976-ին Երեւան, նոր կազմ հավաքեցի: Արդեն իմ իսկ օրոք՝ որպես առաջին ջութակ, փոխվել են եւ երկրորդ ջութակահարները, եւ թավջութակահարները եւ այլտահարները, միայն ես չեմ փոխվել: 48 տարի առաջին ջութակ եմ, 6 տարի էլ երկրորդ ջութակ եմ եղել, այսինքն՝ 55 տարի է՝ քառյակում եմ:

Քառյակի պատմության մեջ առաջին անգամ քառյակ են ընդունվել նաեւ կանայք: Քանի որ մեր երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը Մոսկվա գնաց, Սյուզի Երիցյանը հաղթեց մրցույթում եւ ընդունվեց, հետո եկավ Հասմիկ Վարդանյանը, որ հիմա ԱՄՆ-ում է, եւ Անժելան Սարգսյան:

Լուսահոգի Էդվարդ Միրզոյանը ինձ անընդհատ ասում էր՝ լսի, ժողովուրդը 80 տարուց ավելի սովոր է եղել, որ պիտի 4 ֆրակ բեմ դուրս գան, դու այս փեշերը ինչո՞ւ բերեցիր: Ասում էի՝ Էդվարդ Միխայլովիչ, կարեւորն այն է, որ նվագում են: Մի անգամ նույնիսկ զանգել էր երջանկահիշատակ կնոջս, ասել էր՝ այ Նորա ջան, Էդիկն ի՞նչ է անում, քառյակում կանանց է ընդունել: Կինս կատակով ասել էր՝ ինքը պրոֆեսիոնալ սկզբունքներով է շարժվում եւ վերջապես, Էդվարդ Միխայլովիչ, դա ինձ պետք է հուզի, ես պետք է անհանգստանամ: Երբ Էդվարդ Միրզոյանը եկավ առաջին համերգին, համերգից հետո ասաց՝ դու ճիշտ էիր»:

Էդուարդ Թադեւոսյանն ընդգծում է, որ երիտասարդ կին երաժիշտների բերած թարմությունն ու ժամանակակից մտածելակերպը ներդաշնակվելով իր եւ Ալեքսանդր Կոսեմյանի փորձի հետ (35 տարի էլ նա է քառյակում)՝ բերում են նորմալ արդյունքների, եւ հաջողվում է նշաձողը բարձր պահել:

Մաեստրոն հիշում է իր առաջին ելույթը, երբ որպես երկրորդ ջութակահար Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում Շոստակովիչի կվարտետն էր նվագում. «Պատկերացրեք իմ վիճակը…4-րդ կարգում նստած է Շոստակովիչը, ի՜նչ հուզմունք էր ինձ մոտ: Համերգից հետո եկավ, ինչպես բոլոր հանճարները, այնպես պարզ պահեց իրեն, շնորհավորեց, գովեստի այնպիսի խոսքեր ասաց, կարծես ես լինեի Շոստակովիչը, ինքը Թադեւոսյանը»:

Ավետ Գաբրիելյանի պատգամն էլ է հիշում. «Երբ Ավետ Գաբրիելյանն ինձ տվեց իր գործիքն ու տեղը, որպես պատգամ ասաց՝ ձեզ հետ միասին նշեցինք Կոմիտաս քառյակի 50-ամյակը, պատգամում եմ, որ դուք անեք 60-ը եւ 70-ը, հետո՝ մնացածը ձեր գործն է: Փաստորեն, մենք այսօր անում ենք Կոմիտասի ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակը: Աննախադեպ բառը չեմ սիրում, բայց այս պարագայում պետք է ասեմ. Կոմիտաս քառյակը միակն է աշխարհում, որ առանց ընդմիջման 100 տարի գործում է: Քառյակային արվեստում եւս սա միակ երեւույթն է…. Չգիտեմ հետո ինչ կլինի, որովհետեւ ժամանակներ են փոխվում, կառավարություններ են փոխվում, նախարարություններ են փոխվում, ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց ուզում եմ հուսալ, որ քառյակը կշարունակի գործել: Ես եւս 2,5 տարի կաշխատեմ՝ մինչեւ իմ 80-ամյակը, հետո պետք է փոխարինող գտնել …Իհարկե, Կոմիտաս քառյակում աշխատելը պատիվ է, բայց եթե, օրինակ, մարդը սովորել է բարեկեցիկ կյանքով մի քանի տարի արտասահմանում ապրել, ունենալ այն, ինչ ինքն ուզում է, բարդ կլինի, այդ ամենը թողնի ու գա Հայաստան՝ իմանալով հանդերձ, թե ինչ պայմաններ են լինելու»:

Մաեստրոն նշում է, որ քառյակը միշտ համերգներով է հանդես գալիս Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս, ասում է՝ այստեղ չկա մի անկյուն, որ եղած չլինեն, իսկ երկրագնդի վրա միայն Ավստրալիայում չեն եղել. «Մի անգամ Եղեգնաձորում մոտեցավ մի մարդ եւ ասաց, որ 25 տարի առաջ դուք եկել էիք ուրիշ կազմով եւ նշեց, թե ինչ ծրագիր ենք նվագել…Ապշելու բան էր: Այս տարի եւս շրջաններ, մարզեր ենք մեկնել, ուղեւորություններ ունեցել Իտալիա, Գերմանիա, նախատեսվում է 2 համերգ Ավստրիայում, հոկտեմբերի 3-ին ունցանք Ավետ Գաբրիելյանի ծննդյան 125- ամյակին նվիրված համերգ: Նոյեմբերի 10-ին Երեւան է գալու իմ շատ սիրելի դաշնակահար եւ լավ ընկեր Վահագն Պապյանը, իր հետ եւս համերգ ենք ունենալու, իսկ նոյեմբերի 24-ին նախատեսվում է հոբելյանական գալահամերգը: Գիրք է պատրաստվում 100-ամյակին նվիրված, փոքրիկ ֆիլմ է պատրաստվել, որը ցուցադրվեց Ավետ Գաբրիելյանին նվիրված համերգի ժամանակ: Հնարավորինս պատրաստվում ենք նոյեմբերի 24-ի երեկոյին:

Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք 20-ականներին այս ծանր գործը վերցրին իրենց ձեռքը եւ հիմնեցին քառյակ, հետո էլ ճակատագրի բերումով Ավետ Գաբրիելյանը կամուրջ հանդիսացավ, 6 տարի իր հետ աշխատեցի, իր լաբորատորիան ուսումնասիրեցի, եւ եղավ սերնդափոխությունը: Պետք է ամեն ինչ անենք, որ հարատեւի քառյակը: Միլիոնների մեջ գտել են, որ չորսս ենք արժանի եղել կրելու հանճարի անունը, ուրեմն պետք է արդարացնենք դա՝ աշխատելով, միշտ պահենք որակը, էժան բաների հետեւից չընկնենք: Քառյակը խթան է հանդիսացել, որ մեր կոմպոզիտորները գրեն կվարտետներ, քառյակը հանդիսացել է դրանց առաջին կատարողը ոչ միայն Հայաստանում: Մենք պրոպագանդել ենք մեր կոմպոզիտորներին ամբողջ աշխարհում»:

Էդուարդ Թադեւոսյանին հարցրինք՝ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Հիմնականում այո, չնայած, եթե որոշ դետալներ այն ժամանակ պատկերացնեի, որ հետագայում այսպես է լինելու, երեւի թե ավելի շատ ինձանով կզբաղվեի, որովհետեւ տուժեց մենակատարի իմ գործունեությունը, այդ էլ Ավետ Գաբրիելայնից էր գալիս, լինելով փայլուն ջութակահար՝ ինքն իրեն նվիրել էր քառյակին եւ ժամանակ առ ժամանակ էր նվագում:

Ես շատ սիրում եմ մանկավարժությունը, դրանով էլ ինձ վարակել է իմ հանգուցյալ պրոֆեսոր Լեոնիդ Կոգանը: Երբ նա ամիսներով գնում էր համերգների, իսկ ես ուսանող էի, ասում էր՝ սրա եւ նրա հետ կպարապես, մինչեւ գամ- ստուգեմ: Ես սիրում եմ դասավանդել, հատկապես որ հետո տեսնում եմ արդյունքը: Կարծում եմ՝ այն գիտելիքը, որ ունես, ազնիվ չի լինի, եթե չփոխանցես հաջորդ սերնդին: Իսկ երիտասարդ երաժիշտներին խորհուրդ կտայի գնալ համերգների, գիրք կարդալ եւ ոչ թե ֆիլմը նայել, ընդհանուր զարգացման վրա աշխատել, ցանկություն չունենալ՝ ունենալու ամեն ինչ եւ միանգամից…Ունենք շատ լավ երիտասարդություն, բայց կուզենայի, որ ավելի շատ իրենց հողին կպնեին՝ բոլոր մինուսները հաշվի առնելով հանդերձ»:

Մեր հարցին՝ որեւէ առավելություն ունի՞ այսօր Կոմիտաս քառյակը՝ լինելով ազգային քառյակ, մաեստրոն հետեւյալ կերպ արձագանքեց. «Եթե պետությունը մեզ տվել է ազգային կոչումը, ուրեմն պետք է տարբերակի ազգային կոլեկտիվներին մյուսներից, չի կարելի բոլորի միջեւ հավասարության նշան դնել: Քառյակի համար պետք է ինչ-ինչ պայմաններ ստեղծվեն, առավելություններ պետք է ունենա, որ հարատեւի եւ դա չլինի որակի իջեցման հաշվին: Շնորհիվ քառյակի՝ շատ երկրներում իմացել են, թե ով է Կոմիտասը: Իհարկե, նախարարությունը որոշ բաներ անում է, օդանավի տոմսեր է գնում, բայց պետք է քառյակի հանդեպ ուշադրությունը եւ հոգածությունը պերմանենտ լինի»:

Էդուարդ Թադեւոսյանը մի զվարճալի դեպք պատմեց. «Միշտ ընդունված է եղել, որ քառյակները կոչվել են առաջին ջութակահարի անունով: Ավետ Գաբրիելյանի օրոք մի անգամ մեր քառյակը գնացել էր համերգների: Համերգը փայլուն էր անցել: Մոտեցել էին Ավետ Գաբրիելյանին, ասել էին՝ շնորհավորում եմ, պարոն Կոմիտաս»:

Հարցրինք՝ վերջին անգամ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին երբ են պաշտոնյայի տեսել: «Քառյակի 60-ամյակին, իմ հասակակիցները դա հիշում են, եկել էր Կարեն Դեմիրճյանը, եւ նստած էր ամբողջ քաղբյուրոն… 70-ամյակին կառավարական օթյակում նստած էր Ռուսաստանի դեսպանը…Երեւի հիմա մեր պաշտոնյաներն ավելի զբաղված են, քան առաջ… Կուզենայի, որ ամեն ինչ արվի, որպեսզի քառյակը հետագայում, երբ ես չլինեմ, շարունակի գործել…Ես որոշ բաներ կառաջարկեմ, բայց պետք է շատ բաներում ընդառաջ գնան, որովհետեւ այսօրվա պայմաններում, որով մենք ենք աշխատում, բարձրակարգ երաժիշտները դժվար թե համաձայնեն աշխատել…»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031