Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանգոն» միայնակ են պարո՞ւմ

Հոկտեմբեր 16,2024 12:00

Հնարավո՞ր է միայնակ, ինչ-որ փաստաթղթով խաղաղություն հաստատել

Օրերս Երեւանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համաժողով են անցկացրել` «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձել է հարցին, թե կառավարության «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում բաց սահմանների, անվտանգության ու տնտեսության զարգացման մասին է, ինչու տեքստից իրականություն չի դառնում։

Փաշինյանի տպավորությամբ, Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի, եւ Հայաստանն էլ դա կարող է օգտագործել ընդդեմ Ադրբեջանի։ «Պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։ Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Կա նաեւ հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար եւ Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ», – նշել է Փաշինյանը։

Արդյոք Ադրբեջանի միակ «մտահոգությունը» տնտեսապես հզոր Հայաստանի գոյությո՞ւնն է: Եթե հակառակորդ պետության համար խնդիր է Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը, ՀՀ ինքնիշխան տարածքում քաղաքացիական առաքելության իրականացումը, մի՞թե հարցը միայն տնտեսական բարգավաճումն է:

Իսկ ինչ մտահոգություն ունի Ռուսաստանը «Խաղաղության խաչմերուկի» հետ կապված, որն, ըստ Փաշինյանի, գլոբալ փոփոխությունների բերումով դառնում է համաշխարհային նշանակության ծրագիր։ «Ռուսաստանի Դաշնությունը կարող է մտահոգություն ունենալ, որ այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնելն իր համար կարող է ընդունելի լինել, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն, էական չէ, եւ սա էլ է գործոն, որը մենք նույնպես պետք է հաշվի առնենք», -նշել է Փաշինյանը։

Այս ճանապարհն առայժմ լավատեսության հիմք չէ արեւմտյան մի շարք գործընկերների համար, խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։ Նրանց մտահոգություններն էլ հարեւան Իրանին են վերաբերում։ «Իմ տպավորությամբ, հասկանալի է, որ այս ճանապարհն, ըստ էության, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է, նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով, հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով։ Սա էլ է գործոն, որը պետք է ուղղակի մտքում ունենալ, – ասել է Փաշինյանը՝ շարունակելով,- ի՞նչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը. Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»։

Ու այս պայմաններում Հայաստանն արձանագրում է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չպետք է դնել, որովհետեւ, ըստ Փաշինյանի, «սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա»։

Փաշինյանն ասում է. «Մենք, ըստ էության, բոլոր երաշխիքները ստեղծում ենք, շարունակելու ենք այս ուղեգիծը, որ մեր հարեւաններից որեւէ մեկը ոչ միայն կասկած չունենա մեր ագրեսիվ մտադրությունների գոյության վերաբերյալ, այլեւ գոյություն ունենան դե յուրե պարտադիր երաշխիքներ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ: Բաց փաստն այն է, որ Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միեւնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ… Սա ինքնին անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ»:

Եթե կա սրա գիտակցումը, ինչպե՞ս է Հայաստանը երաշխավորելու, որ թեկուզ այս պահին համաձայնեցված դրույթներով փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը ստանձնած պարտավորությունները կատարելու է եւ նոր ռազմական սադրանքների չի դիմելու:

Հաջորդը: «Ո՞վ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում կապուղիների անվտանգությունը: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին հղում անելով՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ասել, թե 9-րդ կետով անվտանգությունը արտապատվիրակված է ՌԴ-ին: Չեմ հոգնի կրկնել, եւ մեջբերել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը: Նաեւ Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Նախիջեւանի եւ Ադրբեջանի Արեւմտյան շրջանների կապի մասին է, այդպես չէ»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ոչ միայն անվտանգությունը, այլեւ դրա կազմակերպումը. «ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունն ու կազմակերպումը: Ինչպե՞ս ՀՀ-ն կարող է երաշխավորել անվտանգությունը, եթե անվտանգությունն ապահովում է երրորդ երկիր… հիմա կարդամ շարունակությունը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Թե գրածը ինչ է նշանակում, պարզաբանված է ՌԴ նախագահի 2020թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրի մեջ, որը վերաբերում է մեր տարածաշրջանին: Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ կետում չկա, որ ՀՀ ինքնիշխան որեւէ իրավազորություն որեւէ կերպ սահմանափակվելու է, որ ՀՀ մեկ քառակուսի մետր տարածքի վրա որեւէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն: Նման բան չկա ու չի կարող լինել»:

Փաշինյանն անդրադարձավ եռակողմ հայտարարության մյուս կետերին ու հարցադրումներ առաջ քաշեց. «Իսկ ո՞ւր է հիմա Լաչինի միջանցքը: Ո՞ւր են հիմա խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն պետք է տեղակայված լինեին ԼՂ-ում: Իսկ որտեղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որտեղ ասվում է՝ ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչու այդ ամենը տեղի չի ունենում, էլ չեմ ասում իրականացվող ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Ադրբեջանը շատ թմբկահարում է անհետ կորածների խնդիրը, բայց այսօր ՀՀ-ն 1000 անհետ կորած մարդու ցուցակ ունի, որոնց ճակատագիրը պետք է պարզաբանվի, գերեվարված անձինք ունենք 2020 թվականից»։

Փաշինյանի վերոնշյալ բոլոր արձանագրումները լրացուցիչ ապացույց են, որ Ադրբեջանի հետ ստորագրված որեւէ փաստաթուղթ գործնականում չի կիրառվելու: Հետեւաբար, պաշտոնական Երեւանը պետք է մեկ հարցի պատասխանի` հնարավո՞ր է միայնակ որեւէ տեսակի փաստաթղթով խաղաղություն հաստատել:

Պաշտոնական Բաքուն արձագանքեց Փաշինյանի ելույթին: Եռակողմ հայտարարությանը հղումով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անփութությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, եւ ինչ ձեւով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ Հայաստանի ղեկավարությանը հորդորելով «զերծ մնալ հայտարարություններից, որոնք հատում են սահմանը, խեղաթյուրում իրականությունը»։

Ի դեպ, պաշտոնական Երեւանը չի արձագանքում թուրք նախարարի պնդման առիթով, որը հայտարարել է, թե` «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին տված հարցազրույցում մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջեւան եւ Դիլուջու, Իգդիր, Կարս գնացող գիծ։ Ադրբեջանական կողմի կարեւոր հատվածները կառուցվել են, Նախիջեւանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։ Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա. «Կարծում եմ՝ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, եւ ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին եւ հետեւապես թյուրքական աշխարհին կկապվենք»։

Եվ հաջորդ ուշագրավ փաստը: Որքան պաշտոնական Երեւանը շտապում է Բաքվի հետ փաստաթուղթ ստորագրել, այնքան ինտենսիվ է Ադրբեջանում նախապատրաստվում` «պայմանական սահմանին հնարավոր սադրանքները» կանխելու գործընթացին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցյալ շաբաթ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հասանովը «կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի պահպանելու, զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ` «պատրաստ լինել պայմանական սահմանին ռեւանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու գործում»։ Այլ մանրամասներ չի հաղորդվել։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոեւը ստուգել էին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը` «Հայաստանի հետ պայմանական սահմանին»։ «Գեներալ-գնդապետ Հասանովը համապատասխան անձանց առջեւ դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու եւ զգոնությունը բարձրացնելու համար», ասվում էր այդ երկրի հաղորդագրության մեջ։

Սա` «մոտ ապագայում», «թեկուզ հենց վաղը», կամ` «մինչեւ տարեվերջ» խաղաղության պայմանագիր ստորագրող կողմի պահվա՞ծք է…

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031