Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս գալ «նախկին-ներկա» կոորդինատների համակարգից

Հոկտեմբեր 16,2024 14:00

Մտորումներ Միքայել Նահապետյանի գրառման շուրջ

Օրեր առաջ երիտասարդ քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրառում էր կատարել, որի հիմնական դրույթների հետ ես համաձայն եմ: Մասնավորապես. «Ի՞նչ կլինի, եթե մենք այդպես էլ չկարողանանք բռնել անկախությունից ի վեր մեզ թալանած մարդկանց վզից։ Կլինի այն, որ նրանք հանգիստ կվայելեն մեր գողացված մանկությունը։ Բայց ա՛յ, եթե մենք չկարողանանք հիմա բռնել Նիկոլենց վզից` նրանք կգողանան նաեւ մեր էրեխեքի ու նրանց էրեխեքի մանկությունը։ Ահա սա ա տարբերությունը` հարցի գինը»:

Նախ ճշտեմ, որ իմ մանկությունը ոչ ոք չի թալանել: Ես մեծացել եմ բոլորովին այլ պայմաններում՝ առանց հեղափոխությունների, առանց պատերազմների, բայց նաեւ՝ առանց քաղաքացիական-քաղաքական ազգ դառնալու լուրջ հավակնությունների (փառք ու պատիվ հայ այլախոհներին, որոնք նման հավակնություններ ունեին): Մշակույթը եւ բիզնեսը (կիսաընդհատակյա) զարգանում էին: Բայց էթնիկ-մշակութային միավոր լինելուց այնկողմ ես, ինչպես իմ սերնդակիցների մեծամասնությունը, չէինք երազում: Մեր, լավ իմաստով, ամբիցիաները արթնացել են 1988 թվականին:

Կարճ ասած, անձամբ ես զգացողություն չունեմ, որ որեւէ մեկը գողացել է իմ մանկությունը: Բայց նաեւ հասկանում եմ այսօրվա 30-40 տարեկաններին, որոնց մանկությունն անցել է ցնցումների մեջ, եւ այդ սերունդը բոլոր հիմքերն ունի մեղադրելու նրանց, ովքեր այդ փոթորկալից ժամանակներում հարստացել են անօրինական ճանապարհներով:

Այո, շատ վատ կլինի, եթե նրանք շարունակեն վայելել իրենց հարստությունը: Ինչ խոսք, անարդար է, բայց դա ամենասարսափելի բանը չէ:

«Ներկաները» հերիք չի նույնքան «հավեսով» հարստանում են, բայց դրա հետ մեկտեղ երկիրը գլորել են ձորը եւ, ես ճիշտն ասած, չեմ տեսնում, թե ինչպես կարելի է «այրվող ավտոբուսից մարդկանց դուրս հանել» (եթե շարունակենք հեղինակի փոխաբերությունը):

Համաձայն եմ հատկապես այն թեզի հետ, որ երեք պնդումները՝ ա/ «ես նիկոլական եմ», բ/ «ես նախկինական եմ» եւ գ/ «ես ոչ նախկին եմ, ոչ էլ ներկա»,  նույն շարքից են եւ տեղավորվում են նույն պարադիգմի մեջ: Եթե դուք ասում եք՝ «ես ոչ տանձ եմ, ոչ խնձոր եմ, ես նարինջ եմ», դուք by default (լռելյայն) ընդունում եք, որ մրգերի մասին խոսակցությունը տեղին է:

Կամ, եթե օգտագործենք փիլիսոփայական զուգահեռ, էմպիրիզմի եւ ռացիոնալիզմի վեճն անվերջանալի էր թվում, մինչեւ որ Իմանուիլ Կանտը չառաջարկեց մոտենալ բոլորովին այլ «օպտիկայով»: Ասել՝ «ես ոչ էմպիրիկ եմ, ոչ ռացիոնալիստ», կնշանակեր ընկնել  այդ երկու ուղղությունների լարած ծուղակը: Երբ ընդունված է չափման սխալ միավոր, կոորդինատների սխալ համակարգ, այդ համակարգի որեւէ հատվածում տեղ զբաղեցնելը ինքնին սխալ է:

Վերադառնալով  հայկական իրողություններին, նկատենք, որ, իսկապես, «գ» պնդումը («ես ո՛չ այս եմ, ո՛չ այն») սովորաբար ուղեկցվում է «բայց»-ով, որը նժարը թեքում է «նիկոլականների» օգտին: Մոտավորապես այսպես. «բայց ես երբեք չեմ կանգնի այն ուժերի կողքին, որոնք թալանել են…» եւ այլն:

Այդ «բայց»-ի բացատրությունը լուսանցքում հայտնվելու գիտակցված կամ անգիտակից վախն է: Ենթադրվում է, որ «նախկինների» հանդեպ ատելությունը շատ ավելի ուժեղ է, քան Փաշինյանի քաղաքականությունից դժգոհությունը: Այդպե՞ս է դա, թե՝ ոչ, կդժվարանամ ասել: Բացառված չէ, որ այստեղ գործում է, այսպես կոչված, «լռության պարույրը», երբ ավելի բարձրաձայն, ավելի «ղժղժան» տոնով արտահայտած կարծիքն ընկալվում է որպես մեծամասնության կարծիք, եւ տեսակետ արտահայտողները չեն ցանկանում «սպիտակ ագռավ» երեւալ:

Այստեղ, կարծում եմ, պետք է հստակ բաժանել մի կողմից քաղաքական գործիչներին եւ, մյուս կողմից, այսպես կամ այնպես ներկայացող մեկնաբաններին: Վերջիններիս շարքում լինելով՝ ես բացարձակապես ողբերգություն չեմ համարում քիչ ընթերցողներ, քիչ համակիրներ, քիչ հետեւորդներ ունենալը: Այն մեկնաբանը (լրագրողը, վերլուծաբանը, քաղաքագետը, փորձագետը եւ այլն), որն առաջին տեղում է դնում պայմանական «սրտիկները», մեխանիկորեն անցում է կա՛մ բիզնեսմենների («սրտիկներով» փող աշխատողների), կամ քաղաքական գործիչների («սրտիկներով» իշխանություն պահող կամ իշխանության ձգտողների) շարքերը:

Դա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես տարբեր ոլորտներ են, եթե ուզում եք՝ տարբեր մասնագիտություններ: Ես չեմ պատկերացնում քաղաքական գործչի, որին չի հետաքրքրում՝ նա կշահի՞ զանգվածների սիրտը, թե՞ ոչ: Եթե այդպիսի քաղաքական գործիչներ կան, ես նրանց սրտանց հաջողություն եմ ցանկանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Վերջիններիս շարքում լինելով՝ ես բացարձակապես ողբերգություն չեմ համարում քիչ ընթերցողներ, քիչ համակիրներ, քիչ հետեւորդներ ունենալը:

    On the contrary, I do consider it tragic that you (along with other professional journalists, Ara Tadevosyan, Edik Baghdassaryan, etc) don’t have more readers and that your editorials and analysis articles are not more widespread in the Armenian public (including in the diaspora). I consider that it’s a fundamental problem (a catastrophy) that the ideas of one of the most intellectual journalists of Armenia (You) are limited to only a few hundred readers, whereas PerfectTV videos (ex. Armenians conquered Baku and Aliyev begged our Nikol to stop) average hundreds of thousands of views, likes, and comments! This is an international problem of course but its impact on Armenia is amplified because of the size and weakness of the country. The last 6 years prove it.

    As you know too well, widespread, mass-scale dissemination of reliable information and the active work of free intellectual media (like Aravot) is a matter of national security, i.e. Aram Abrahamian having a critical mass of readers and followers is a matter of national security, not a detail of marketing statistics. The lives of thousands of soldiers, safe borders, efficient diplomacy, and a functioning state partially depend on it. So yes, it is a tragedy that A. A. is not more read.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031