«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ը երեքշաբթի կոչ է արել հետաքննել իսրայելական ավիահարվածը, ինչի հետևանքով Լիբանանի հյուսիսում առնվազն 22 մարդ է զոհվել:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լոուրենսը Ժնևում լրագրողներին փոխանցել է, թե գործակալությունը հաղորդում է ստացել այն մասին, որ 12 կին և երկու երեխա են զոհվել երկուշաբթի Այտո գյուղում հասված հարվածի հետևանքով:
«Գիտենք, որ չորսհարկանի բնակելի շենք է, որին հարվածել են: Հաշվի առնելով այս գործոնները, մտահոգություններ ունենք՝ [արդյո՞ք չեն խախտվել] միջազգային հումանիտար իրավունքը, պատերազմական կանոնները և տարբերակման, համամասնության և համաչափության սկզբունքները»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։
Մյուս կողմից՝ երեքշաբթի իսրայելական բանակը տեղեկացրել է, որ Հայֆայի շրջանում հակաօդային պաշտպանությունը որսացել է մի քանի հրթիռներ, որոնք արձակվել էին Լիբանանից:
Կարդացեք նաև
Նույն օրը Իսրայելի բանակը նաև հայտնել է, թե հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հասցված ավիահարվածների ժամանակ սպանվել են տասնյակ զինյալներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի ընդգծել է՝ հրեական պետությունը «առանց կարեկցանքի կշարունակի հարվածել «Հեզբոլլահին» Լիբանանի բոլոր վայրերում, այդ թվում՝ Բեյրութում»:
Պատասխան Իրանին
Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ Իսրայելի պատասխանը Իրանին ուղղված կլինի միայն ռազմական թիրախներին, ոչ թե իսլամական հանրապետության նավթահորերին կամ միջուկային օբյեկտներին:
Ամերիկացի անանուն պաշտոնյանների հայտնած այս տեղեկությունը երկուշաբթի ներկայացրել են հեղինակավոր The Washington Post-ն ու The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ Բայդեն-Նեթանյահու հեռախոսազրույցը կայացել է անցած շաբաթ:
«Ականջալուր ենք Միացյալ Նահանգների կարծիքին, բայց մեր վերջնական որոշումները կկայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից»,- ասված է երեքշաբթի հրապարակված Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Իսրայելի դեմ իրանական երկրորդ հարձակումը տեղի ունեցավ այս ամսվա սկզբին՝ Թեհրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից օրեր անց։ 2024 թվականի ապրիլին իրանական կողմը ևս մեկ հարված էր հասցրել Իսրայելին՝ անօդաչուների և հրթիռների կիրառմամբ։
Իսրայելը խոստացել է պատասխանել Իրանին։ Իր հերթին՝ Միացյալ Նահանգները հայտարարել է Իսրայելին աջակցելու համար տարածաշրջանում հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգի տեղակայման մասին:
Հայտնի է, որ օրինակ անցնող տարվա ընթացքում «Հեզբոլլահը» հազարավոր հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, սակայն հրթիռների, անօդաչուների մեծ մասը հաջողվել է որսալ:
Մյուս կողմից՝ նախորդ ամիսներին իսրայելական հարվածները Լիբանանում ավելի քան 2,300 մարդու կյանք են խլել, որոնցից մոտ երեք քառորդը զոհվել է անցած ամսվա ընթացքում՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության:
Չմոռանանք նաև Գազայում շարունակվող արյունահեղությունը։ Երեքշաբթի այնտեղ իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են առնվազն 15 հոգի՝ հայտնում են տեղի բժշկական ծառայությունները:
Հիշեցնենք՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին, «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց Իսայելի դեմ՝ սպանելով 1,200 մարդու և պատանդ տանելով շուրջ 250-ի։ Իսրայելական կողմը դիմեց պատասխան գործողությունների, ինչի հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 42,300 պաղեստինցի:
Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ «Համասը» ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Եվրամիության և բազմաթիվ այլ երկրների կողմից։